Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել ամերիկացի նշանավոր քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկու «Ընտրություն. Համաշխարհային տիրապետություն կամ գլոբալ լիդերություն» վերնագրով գիրքը: Քաղաքական մեծ «շախմատիստը» (Բժեզինսկուն հաճախ հումորով այդպես են անվանում, նկատի ունենալով նույն թեմային նվիրված նրա հանրահայտ «Շախմատային մեկ խաղատախտակ» գիրքը), նորից խորհում է ԱՄՆ-ի համաշխարհային դերի մասինՙ որպես միակ գերտերության, որն ընդունակ է դառնալու մնացյալ աշխարհի կայունության ու անվտանգության երաշխավորը: Հեղինակն այս անգամ վերլուծություններ ու հեռագնա հետեւություններ է անում 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված քաղաքական նոր իրողությունների հիման վրա:
Բժեզինսկին այս անգամ էլ աներկբա է իր հիմնական եզրակացության մեջ. XXI դարի արշալույսին Ամերիկայի հզորությունը հասել է աննախադեպ մակարդակի, ինչի վկայությունն են նրա ռազմական հնարավորությունների գլոբալ ընդգրկումը, տնտեսական կենսունակության առանցքային նշանակությունը համաշխարհային էկոնոմիկայի համար, ԱՄՆ-ի տեխնոլոգիական դինամիզմի ինովացիոն արդյունքը եւ ամերիկյան զանգվածային մշակույթի գրավչությունը ողջ աշխարհում: Այդ ամենը Ամերիկային շնորհում է նմանը չունեցող գլոբալ մասշտաբի քաղաքական կշիռ: Լավ է թե վատ, գրում է հեղինակը, հենց Ամերիկան է ներկայումս որոշում մարդկության շարժման ուղղությունը, նա միակՙ հիրավի գլոբալ գերտերությունն է մոլորակում:
Աշխարհատիրակալման գործընթացում Բժեզինսկին չի տեսնում արժանի հակառակորդների կամ մրցակիցների: Եվ այդ իմաստով քննության առարկա է դարձնում Եվրոմիությունը, Չինաստանը, Ճապոնիան եւ Ռուսաստանը:
Եվրոպան, նշում է նա, թերեւս ի վիճակի է մրցակցելու ԱՄՆ-ի հետ տնտեսական հողի վրա, բայց քիչ ժամանակ չի պահանջվի, որ նա պետականորեն հասնի միասնության այն մակարդակին, ինչը նրան հնարավորություն տա ռազմաքաղաքական մրցակցության մեջ մտնելու ամերիկյան հսկայի հետ: Եվրոպական նախկին մեծ տերություններըՙ Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան, չափից դուրս թույլ են, որպեսզի մտնեն համաշխարհային գերտերության համար մղվող գոտեմարտի մեջ: Նրանք չեն կարող համատեղել իրենց ներքին հակասություններն ու հատկապես ամբիցիաները:
Ռուսաստանի մասին Բժեզինսկին խոսում է թեթեւ հեգնանքով: Ռուսաստանն արդեն այդ մրցավազքի մասնակից չէ, կայսրություն չէ, եւ նրա գլխավոր խնդիրը սոցիալ-տնտեսական վերածնունդն է: Ինչքան էլ ռուսները կարոտ զգան իրենց երբեմնի գերտերության նկատմամբ եւ դրանից ելնելով նվազ հակված լինեն ընդունելու Ամերիկայի հզորությունն ու ազդեցության մասշտաբները, նրանք արդեն հաշտվել են, որ որոշ ժամանակահատվածում Մ. Նահանգները կմնան որոշիչ դեր խաղացողը համաշխարհային գործերում:
Բժեզինսկին ընդունում է Չինաստանի տնտեսական հաջողությունները, բայց վերապահում է, որ եթե նույնիսկ նրան հաջողվի պահպանել տնտեսական աճի բարձր տեմպերը եւ չկորցնի ներքաղաքական կայունությունը (ինչը կասկածելի է), լավագույն դեպքում կդառնա աշխարհաշրջանային տերություն, որի հզորությունը կշարունակի զուգորդվել բնակչության աղքատությամբ, ինքնակառուցվածքի հնացածությամբ եւ արտասահմանում այդ երկրի կերպարի ունիվերսալ ձգողականության բացակայությամբ (ի դեպ, քաղաքականագետն այդ ամենը վերագրում է նաեւ Հնդկաստանին):
Խորհրդանշական է, որ Բժեզինսկին, անվերապահ ճանաչելով ԱՄՆ-ի համաշխարհային ամենազորությունը, իրեն թույլ է տալիս իր խորհրդածություններում, դատողություններում մերկապարանոց լինել երբեմն նույնիսկ ցինիզմի աստիճանի: Նրա կարծիքով, ուժի դիրքից կարելի է եւ նրբանկատ չլինել էկոնոմիկային, իրավունքին, բարոյականությանն ու անվտանգությանը վերաբերող առանձին կողմնորոշումներում: Եթե Ամերիկան մանրակրկիտ պահպաներ միջազգային իրավունքները, գրում է նա, եթե նա ջանադիր խուսափեր ուժի ցուցադրումներից այն տնտեսական հարցերը լուծելիս, որոնք հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ամերիկացի ընտրողների լուրջ կատեգորիաների համար, կամ հեզ պատրաստակամություն դրսեւորեր սահմանափակելու սեփական սուվերենությունը եւ իր զինված ուժերը ենթարկելու միջազգային իրավունքի իրավասությանը, ապա, հնարավոր է, չէր լինի այն տերությունը, որի գործողություններն ընդունակ են դառնալու գլոբալ անարխիայի կանխման վերջին փրկարար միջոցը:
Բժեզինսկու նոր գիրքը հարուստ է տարբեր աշխարհամասերում տեղի ունեցող եւ համաշխարհային մասշտաբով խաչաձեւվող քաղաքական ու տնտեսական բազմաբարդ գործընթացների ու խմորումների խոր ինքնատիպ վերլուծություններով, եզրակացություններով ու կանխատեսումներով:
Հայաստանն ամերիկացի մասնագետի կողմից հիշատակված է միայն կովկասյան տարածաշրջանում Հարավարեւելյան Եվրոպայի կայունության պակտի նմանությամբ յուրօրինակ ծրագիր ստեղծելու հետ կապված խորհրդածություններում, որտեղ, նրա կարծիքով, էական դեր պիտի խաղա ՆԱՏՕ-ն:
Տվյալ պարագայում, զարգացնում է միտքը Բժեզինսկին, ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը, որոնց ղեկավարներն արդեն բացահայտ շահագրգռություն են հանդես բերում Ատլանտյան դաշինքի մեջ մտնելու հեռանկարի հարցում, ակտիվացնում են ջանքերըՙ ձգտելով այդ կազմակերպության պաշտոնական անդամակցմանը: Այդ դեպքում հազիվ թե մի կողմ քաշվի Հայաստանը. կրկնակի ակտիվությամբ կվերսկսվի հայ-ադրբեջանական էթնիկական-տարածքային կոնֆլիկտի կարգավորման բանաձեւի որոնումը, իսկ դա, իր հերթին, կթեթեւացնի թուրք-հայկական հարաբերությունների նորմալացումը եւ ի վերջո կբացի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հաղորդակցման դուռը:
Հայերիս մասին Բժեզինսկին վերհիշում է նաեւ Ամերիկայի բազմազգ ու բազմամշակույթ բնույթի եւ գլոբալ արտաքին քաղաքականության առնչությունների հարցերը վերլուծելիս: Նա մտահոգություն է հայտնում, որ արտաքին քաղաքականության վարումը հետզհետե ավելի դժվարին բնույթ կստանա, եթե սկսի կրել էթնիկական շահերի ազդեցությունը: Ամերիկան այսօր դառնում է աշխարհի մանրադիտակը, նկատում է քաղաքագետը: ԱՄՆ-ի բնակչությունը ներկայումս կազմում է 285 մլն, որից 37-ը լատինամերիկյան ծագում ունի, այդքան են նաեւ աֆրոամերիկացիները, 11 մլն եկել են Ասիայից: Ամերիկացի բնակչության մեջ տակավին գերիշխող եվրոպական էթնիկական տարրը սկսում է նվազել: Եվ քաղաքական տեսանկյունից անչափ կարեւոր է դառնում էթնիկական խմբերի ինքնագիտակցության զարթոնքը եւ որպես դրա հետեւանք նրանց քաղաքական ակտիվության աճը: Բժեզինսկին հատուկ ընդգծում է հրեական գործոնի հարաճուն դերը: Անգլոսաքսերի ազդեցության նվազեցմանը հետեւեց հրեական համայնքի սոցիալական կարգավիճակի եւ քաղաքական ազդեցության վերելքը: Վերջին գրեթե մեկ սերնդի ընթացքում այդ էթնիկական խումբն ազդեցիկ դիրքեր է գրավել ամերիկյան հասարակական կյանքի կարեւորագույն ոլորտներում:
Էթնիկական լոբբիներն իրենց դրսեւորում են տարբեր եղանակներով, նշում է Բժեզինսկին. նրանք կարող են իրենց էլեկտորատի կարողություններն օգտագործել երկրի մասշտաբով, իրենց հայրենակիցներին կարեւորագույն տարածաշրջաններում կամ խոշորագույն քաղաքներում կենտրոնացնելով եւ այլն: Հայերը, հույներն ու հրեաները, առանձնացնում է նա, պատրաստակամություն են դրսեւորում ֆինանսավորելու իրենց մոտ կանգնած քաղաքական շարժումները: Արտաքին քաղաքական գերակայություններ ունեցող առավել ակտիվ, ազդեցիկ ու հարուստ էթնիկական լոբբիները, ըստ քաղաքականագետի, հրեականը, կուբայականը, հունականը եւ հայկականն են (վերջինի պարագայում հիշատակում է Ամերիկայի հայկական համագումարին): Նրանցից յուրաքանչյուրն իր ներկայությունը զգացնել է տալիս արտաքին քաղաքականության հարցերումՙ լինի դա արաբա-իսրայելական կոնֆլիկտը, Կուբայի շրջափակումը, Կիպրոսի կարգավիճակը, թե Ադրբեջանին օգնություն ցույց տալու արգելքը: Մոտ ապագայում, կանխատեսում է Բժեզինսկին, հիշյալ եւ մյուս էթնիկական խմբերը, հնարավոր է, ամերիկյան արտաքին քաղաքականությունը ձեւավորելիս ավելի ու ավելի էական դեր կխաղան այն ուղղություններում, որոնք նրանց համար մեծ նշանակություն կունենան:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա