Հանրային հեռուստատեսությամբ նախորդ գիշեր ցուցադրվեց «Երգում է 70-ականների Երեւանը» համերգի տեսագրությունը, համերգ, որ իսկական խնդություն էր ու կրակ, որ ստիպում էր հուզվել ու հրդեհվել թե այդ տարիների երգարվեստը վայելած ավագներին, թե դրանից գրեթե անտեղյակ կրտսերներին: Բարձր ճաշակով եւ պրոֆեսիոնալիզմով շլացնող այդ համերգն իսկական դաս էր բոլոր նրանց, ովքեր ամեն օր եթերը լցնում են ցածրորակ երաժշտությամբՙ փչացնելով հասարակության ու հատկապես երիտասարդության ճաշակը:
Համերգը կազմակերպած կիթառահար Վազգեն Ասատրյանի խանդավառությունն այնքան վարակիչ էր ու անկեղծ, նրան հաջողվել էր դա փոխանցել բոլոր մասնակիցներինՙ Մալխասին, Գեորգի Մանգասարյանին ու մյուս երաժիշտներին ու միջոցառումը վերածել երեւանյան եզակի իրադարձության: Մի բան, որին կարոտով սպասել էինք երկար ժամանակ, հոգնած ու կշտացած եթերում հայտնվող նույն դեմքերի նույնատիպ երգերից:
Հուսանք, որ երեւանյան միջոցառումներում ամեն առիթով հայտնվող ու վերջին տարիներին իրենք իրենց «աստղ» համարողները սթափվելու ու ինքնագնահատելու պահեր ունեցան: Լեւոն Սեւանի, Ռաիսա Մկրտչյանի, Ռուբեն Մաթեւոսյանի եւ այլոց հոգուց դուրս եկող ու հոգի ներխուժող զրնգուն ձայներն ու անզուգական կատարումներով տպավորված երեւանցիները գուցե այսուհետեւ ավելի խստապահանջ կլինեն ճշմարիտ արվեստը շինծուից զանազանելիս ու ծափահարության չեն արժանացնի ձայնային տվյալներ չունեցող եւ անճաշակ ամեն մի նորելուկի:
Ռ. Պ.