«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2005-10-25 | #193, 2005-10-26 | #194, 2005-10-27


ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԱՐԿ ՔԱՂԱՔՆ ԱՎԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որի ճարտարապետական մտահղացումներով սրճարաններով ու ռեստորաններով լցվեցին օպերայի շրջակայքը, Օղակաձեւ զբոսայգին ու Հրազդանի կիրճը, այսօր համոզված է, որ Հայաստանում պետք է հաստատել քաղաքաշինական դիկտատուրա, դա է միակ ճանապարհը, որովհետեւ ունենք փոքր երկիր, որտեղ բոլորն իրար ճանաչում են եւ հնարավոր չէ օրենքի դիկտատուրա հաստատել:

«Մեկը մյուսի հետեւից պատահական շինհրապարակներ են ծնվումՙ փակված կապույտ վարագույրով, սակայն դրանցից ոչ մեկը չի անցնում քաղաքաշինական խորհրդով», 2002 թվականին ասել է ճարտարապետների միության նախագահ Ալբերտ Զուրաբյանըՙ մայրաքաղաքի կառուցապատման շուրջը գլխավոր ճարտարապետի հետ ունեցած տարաձայնությունների ժամանակ (Ազգ, 11/06/2002): Իսկ Նարեկ Սարգսյանը գոհ է, որ Երեւանի դեմքը փոխվել է եւ դեռ շատ կփոխվի, որովհետեւ մայրաքաղաքը թեւակոխել է նոր փուլ:

«Քաղաքի դեմք ասելով մեզանից ոչ մեկը մտքում նկատի չունի Չերյոմուշկան կամ Նորքի զանգվածները, այլ կենտրոնի մի շարք հատվածները, որոնց ճարտարապետական ոճը պետք է զարգացնել: Չի կարելի, որ Երեւանը դառնա աշխարհի մյուս քաղաքների նման, մեր լեզուն նման չէ մյուս լեզուներին, ճարտարապետությունը ազգի պահպանման կարեւորագույն դեր ունի եւ պետք է հնարավորինս լինի ինքնատիպ, որպեսզի Երեւանը տարբերվի մյուս քաղաքներից: Բոլոր հին, խարխուլ կառույցները ժամանակի ընթացքում կվերանան եւ կլինի նոր ժամանակակից քաղաք», Մամուլի ազգային ակումբում երեկ ասաց նա:

Նա միանգամայն բնական է համարում, որ մայրաքաղաքի կենտրոնում հողի արժեքի բարձրացման հետ բարձրանում են նաեւ կառուցվող շենքերի հարկերը, վաղը դրանք կարող են դառնալ 30 հարկանի, մանավանդ որ Երեւանում հուշարձանային ռեժիմ չկա, հասարակությունն էլ առանձնապես մտահոգված չէ դրանց պահպանմամբ: Այս հարցում նրա հետ կարելի է լիովին համաձայնել, քանի որ մեր աչքի առջեւ քաղաքի կենտրոնում քանդվում ու փլվում են պատմամշակութային շենքեր, որոնց հանդեպ հասարակությունն առանձնակի մտահոգություն չի դրսեւորում: Միայն մի խումբ ակադեմիկոսների եւ ճարտարապետների բողոքից հետո քաղաքապետարանը որոշեց ապամոնտաժել եւ դրանք հավաքել Գլխավոր պողոտային հարող տարածքումՙ ինչին Սարգսյանը կտրականապես դեմ է եւ համարում է ճակատագրական սխալ: «Բարեբախտաբար, այդ հարցը դեռ լուծվել է քաղաքաշինական խորհրդի մակարդակով: Դա ճակատագրական երրորդ սխալը կլինի քաղաքի համար, 1924 թվականից ի վեր Երեւանը 2 ճակատագրական սխալ է ունեցել. մեկը հետպատերազմյան տարիներին Թամանյանի նախագծած Օղակաձեւ զբոսայգին կիսաօղակաձեւ դարձնելն էր, որի արդյունքում քաղաքի կենտրոնում 15 հա կանաչ տարածք վերացավ, երկրորդ սխալըՙ պատկերասրահի շենքի կառուցումն էր, որով փակվեցին ապագա Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաները: Այս վերջին ծրագրով Գլխավոր պողոտան ընդհանրապես փակվելու է, այդ տարածքում, ըստ հատակագծի, պետք է այգի լինի, այդտեղ առհասարակ չի կարելի կառուցապատելՙ թեկուզ հուշարձան շենքերով: Կարելի է պահպանել տարածքի 5 հուշարձան շենքերը, իսկ մյուս մասը դարձնել զբոսայգի», նշեց նա, խոստանալով իր հնարավորությունների չափով ամեն ինչ անել ծրագրի վիժեցման համար:

«Ազգի» հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է ինքը պատկերացնում քանդված շենքերի ճակատագիրը, նա հստակ պատասխան չտվեց, այլ շարունակեց բացատրել, որ հուշարձան շենքերը մի տեղում հավաքելը գերեզմանոցային մոտեցում է, ցանկալի կլիներ դրանք թողնել իրենց տեղում: Չափազանց տարօրինակ է, որ նա այսօր է խոսում հուշարձան շենքերը քանդելու դեմ, երբ բանը բանից արդեն անցել է, Բուզանդի փողոցն ամբողջությամբ ամայացել է ու հիմա հերթը Կողբացունն է:

Իսկ Օղակաձեւ զբոսայգու վիճակը նա հուսահատական չի համարում, քանի որ սրճարաններն այսօր կան, վաղը կարող են քանդվել, պետք է մխիթարվել, որ այգու դեռեւս կանաչ մնացած գոտիները լավ վիճակում են: Վերջերս մեծ աղմուկ հանած Կամերային երաժշտության տան դիմաց կառուցվող զվարճանքի համալիրի ճարտարապետական առաջադրանքը ինքն է տվել, սակայն մեղավորները կառուցողներն են, որ նախագծային շեղումներ են թույլ տվել:

Նա համոզված է, որ եթե վաղը Օղակաձեւ զբոսայգու սրճարանները վերացնելու որոշում կայացվի, երիտասարդների շատ մեծ խումբ անպայման բողոքի ցույց կանի, որովետեւ դրանք դարձել են նրանց կենսագրության մի մասը:

Նարեկ Սարգսյանը չխոսեց իր թույլ տված մեծ սխալների մասին, քանի որ դրանք ճակատագրական չեն Երեւանի համար, ինչպես հիշյալ ծրագիրը: Նա մեծ հույսեր ունի, որ իր առաջարկներն ու նախագծերը կընդունվեն ու կճանաչվեն ամենափայլունը Երեւանի համար: Մնում է ավելացնել, որ նրա պատկերացրած Երեւանը կդառնա մի քաղաք, որը շատ հեռու կլինի այն մայրաքաղաքը կոչվելուց, որ երազել էր նրա առաջին հատակագծի հեղինակըՙ մեծատաղանդ Ալեքսանդր Թամանյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4