«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2005-10-26 | #194, 2005-10-27 | #195, 2005-10-28


ՎԻԼԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ. «ՆԿԱՐԵԼ, ՆԿԱՐԵԼ, ՆԿԱՐԵԼ...»

Վիլիկ Զաքարյան նկարիչը բազմաթեմա եւ բազմաժանր ստեղծագործող է: Արվեստագետի երանգապնակում գերիշխում են համեմատաբար բաց երանգներն ու արծաթավունը: Այս գույների վրա կարծես մի շնչով ցոլում են վառ երանգներն ու ստեղծվում է գույների մի հետաքրքրական կոլորիտ, ինչի շնորհիվ նկարչի գործերն առանձնանում են եւ հանդիսատեսի աչքին զարնում իրենց գրավչությամբ ու վարպետությամբ: Նրա արարած կտավներում փառաբանվում է կնոջ գեղեցկությունը: Նուրբ, հաճելի ու գրավող գույներն ինքնատիպ են դարձնում նկարների հերոսուհիներին:

Իր կերտած Եվաներով կարծես ներկայանում է իր ուրույն աշխարհը, աշխարհ, որ պատկանում է միայն իրեն:

«Իմ նկարներում գերակշռող թիվ են կազմում կանայք: Կինը կյանքի, սիրո խորհուրդ ունի: Կնոջ մեջ տեսնում եմ գեղեցկություն ու նրբություն: Գեղեցկությունը ճանաչվում է կնոջ կատարելության միջոցով»:

Կտավներում նկարիչը ցուցադրում է իր աշխարհընկալումը, պատկերում առասպելական ու դիցաբանական սյուժեներ, ներկայացնում այժմյան հրատապ թեմաները նոր դրսեւորմամբ:

Ինքնահաստատման հասած նկարիչը միայն մեկ ուղղությամբ չի նկարում եւ փորձում է իրեն դրսեւորել տարբեր նկարչական ուղղություններում:

«Չեմ փորձում վազել ժամանակի հետեւից, նաեւ չեմ շարժվում մի ուղղությամբ: Այլ ստեղծում եմ իմ ոճը, ուր անթաքույց ներկայացնում եմ իմ զգացումներն ու հույզերը: Չեմ ուզում, որ իմ կտավները հրավառության պես լինեն եւ թիթեռնիկի կյանք ունենան»:

- 2005 թ. փետրվարին կայացավ Ձեր անհատական ցուցահանդեսը Երեւանի գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում:

- Ցուցահանդեսը հաջողված էր: Խոսքը չի վերաբերում նկար վաճառելուն: Մինչ ցուցահանդեսի բացումը ես համոզված էի, որ այստեղ որեւէ նկար չեմ վաճառի: Պատճառը տեղի արվեստասեր հասարակության ոչ բարեկեցիկ պայմաններն են: Այցելուները հետաքրքրությամբ էին դիտում աշխատանքները: Շատերը մոտենում էին եւ հարցնում, թե ինչ եմ ցանկացել ասել այս պատկերով, կամ ինչու եմ ընտրել այս վերնագիրը: Երեւի սրանք ավանդական հարցեր են, որ տալիս են ոչ ավանդական ոճով նկարիչներին: Ես բացատրում էի նրանց, որպեսզի կարողանամ հաղորդակից դարձնել իմ արվեստին:

- Երեւանում մշակութային անցուդարձ հաճախ է լինում: Շփում ունե՞ք մարզերի հետ, ինչպիսի՞ն է մշակութային կյանքն այնտեղ:

- Ցավոք, շփում ունեմ միայն մի քանի քաղաքների հետ: Համեմատաբար փոքր քաղաքներում ու գյուղերում մշակութային կյանք գոյություն չունի: Շատերն ասում են, որ պատճառը սոցիալական անապահով վիճակն ու ֆինանսի բացակայությունն է, բայց ես կարծում եմ, որ այս հարցում իր ակտիվ գործոնն ունի նաեւ անտարբերությունը: Ես այդ անտարբերությունը տեսնում եմ նաեւ Երեւանում: Աշխատանքի բերումով հաճախ եմ հանդիպում երիտասարդների, ովքեր արվեստով չեն հետաքրքրվում: Ես չեմ խոսում միայն նկարչության մասին, ո՛չ, անտարբերություն է զգացվում գրականության, քանդակագործության, պոեզիայի հանդեպ, ինչը ցավալի է:

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

- Չեմ սիրում խորհուրդ տալ, ուղղակի որպես ավագ ընկեր եւ լավ բարեկամ կասեմՙ շատ կարդացեք, հետեւեք մշակութային անցուդարձին, եւ դա կօգնի զարգացած ու խելացի անձնավորություն դառնալ:

- Ինչպիսի՞ն են ապագա ծրագրերը:

- Նկարել, նկարել, նկարել...

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4