«SOS Երեւան» կոալիցիան Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր կանցկացնի Երեւանի մշակութային եւ բնապահպանական օբյեկտների ոչնչացման խնդրին նվիրված ֆորում, իսկ շաբաթ օրը, ժամը 12-ին, Կամերային երաժշտության տան մոտ կկազմակերպի բողոքի համերգ-երթ, որը կավարտվի օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ:
«1998 թվականից ի վեր Երեւան քաղաքի կանաչ տարածքներն ավերվում են, դրանց տեղում կառուցվում են սրճարաններ, ռեստորաններ, գիշերային ակումբներ, խաղասրահներ, առանձնատներ, մեծահարուստների ու բարձրաստիճան պաշտոնյաների այլ օբյեկտներ: Դրանք կառուցելիս հաշվի չեն առնվում ոչ մշակութային արժեքները, ոչ էլ հասարակության կարծիքն ու բարոյական նորմերը: Աղավաղվում է քաղաքի ճարտարապետական տեսքը, խանգարվում բնակիչների հանգիստը», ասվում է երեւանցիներին ուղղված կոչում: Կոալիցիան նշում է նաեւ, որ քաղաքապետարանի թույլտվությամբ կանաչ տարածքներում կառուցված շինությունները անօրինական են, քանի որ խախտվել են Հայաստանի իրավական ակտերի պահանջները, այդ թվումՙ ՀՀ սահմանադրությունը, միջազգային կոնվենցիաների համաձայն ստանձնած պարտավորությունները, բնապահպանական օրենսդրությունը, քաղաքաշինական նորմերն ու կանոնները:
Կոալիցիան բոլոր երեւանցիներին կոչ է անում մասնակցել շարժմանը, որում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, մշակույթի գործիչներ, գիտնականներ:
Ռ. Պ.