Ընթերցողներին որոշ կրճատումներով ներկայացնում ենք ChessPro.ru ինտերնետային կայքում Գարի Կասպարովի հետ հարցազրույցը:
- Գարի Կիմովիչ, որքանո՞վ էին Ձեզ համար անսպասելի Սան Լուիսի մրցաշարի արդյունքները:
- Իսկ ի՞նչ կար անսպասելի: Ամեն ինչ օրինաչափ էր: Ճիշտ է, ինչ-որ բան հնարավոր է այլ կերպ լիներ, Թոփալովի հաղթանակն այդքան համոզիչ չլիներ, սակայն նա արժանիորեն հաղթեց: Վեսելինը ողջ տարին բոլորից ուժեղ էր խաղում եւ բոլորից լավ էր պատրաստվել ծանր մրցախաղերին: Սան Լուիսի հաջողությունը Թոփալովի մոտ նկատվող վերելքի տրամաբանական ավարտն էր: Ներկայումս նա խաղում է մյուսներից ավելի ուժեղ, ավելի հետաքրքրական: Իսկ արգենտինյան մրցաշարից հետո նա աշխարհում ամենաբարձր վարկանիշը կունենա (եթե հաշվի չառնենք իմը, որն ավելի բարձր է): 1993 թ. սկսած առաջին անգամ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճում է մի շախմատիստ, որն ամենաբովանդակալից խաղն է ցուցադրում:
Թոփալովին հարկավոր է ընդունել այնպիսին, ինչպիսին այժմ է, այլ ոչ թե 5 կամ 3 տարի առաջ: Նա ընդունակ է անընդմեջ մի քանի պարտիա շահել (ինչպես դա եղավ Լինարեսում, Սոֆիայում, Դորտմունդում, Սան Լուիսում), ցանկություն ունի մինչեւ վերջ պայքարելու, լրացուցիչ էներգիա է գտնում խաղը շարունակելու համար: Նման հատկանիշներով օժտված մեկ այլ շախմատիստի չեմ ճանաչում:
- Իսկ ես գիտեմՙ դուք եք:
- Նկատի ունեի գործող շախմատիստներին:
- Ձեզ չի՞ թվում, որ բուլղարացին Արգենտինայում որակական թռիչք գործեց:
- Չէի ասի: Պարզապես նրան հաջողվեց կենտրոնացնել իր բոլոր ուժերը, ընդհանուր առմամբ ընթանալ նախկին ուղղությամբ: Այսօր Թոփալովն այնպիսի սլացիկ ճեղքում կատարեց, ինչպիսին 2000 թ. Կրամնիկը: Հարցն այն է, թե դրանից հետո ի՞նչ տեղի կունենա:
- Դուք զգո՞ւմ եք, որ Թոփալովը շարունակում է «Կասպարովի գիծը», խաղում է այնպիսի շախմատ, ինչպիսին դուք էիք խաղում:
- Դա ակնհայտ է: Եթե Կրամնիկն իր խաղաոճով եւ խաղն ընկալելու ընդունակությամբ շատ մոտ էր Կարպովին, ապա Թոփալովն ավելի մոտ է ինձ: Շախմատում որոշակի օրինաչափություն է զգացվում. չոր դիրքային խաղաոճի ներկայացուցչին ամեն անգամ փոխարինելու է գալիս կոմբինացիոն ոճի խաղացողը: Այն, որ վերջին 20 տարիներին նշված երկու խաղաոճերի ներկայացուցիչները փոփոխակի հաջողությամբ պայքարում են միմյանց դեմ, ապահովում է շախմատի զարգացումը:
- Չե՞ք ափսոսում, որ Սան Լուիսի մրցաշարի մասնակիցների թվում չէիք:
- Մարտին ընդունածս որոշումը վերջնական է: Պարզապես հետաքրքրությամբ էի հետեւում պարտիաներին, փորձում էի գուշակել քայլերը (ի դեպ, հաճախ էր դա ինձ հաջողվում): Վերջին 10 տարիներին շատերն էին սպասում իմ հեռանալուն: Իսկ այժմ, չգիտես ինչու, սկսել են խոսել, թե հարկավոր է վերադառնալ: Ինձ համար այս փուլում կարեւոր էր, որ շախմատային աշխարհը վերջապես ունեցավ իր արժանի չեմպիոնը: Սակայն արգենտինյան մրցաշարը փաստորեն չլուծեց ՖԻԴԵ-ի առջեւ ծառացած եւ ոչ մի հիմնախնդիր: ՖԻԴԵ-ն նախկինի պես իրական գումարներ չունի: Հարկավոր է ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր մշակել, որի մասին տարիներ շարունակ ասել եմ: Ինչ վերաբերում է դոպինգին, ապա պետք է արգելել պարտիայի ընթացքում շախմատիստի ցանկացած շփում համակարգչի հետ, այլ ոչ թե արյան անալիզ վերցնել: Շախմատում բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի շախմատիստներն իրոք լինեն պրոֆեսիոնալներ եւ նյութապես ապահովված:
- Եթե դուք այժմ Թոփալովի տեղը լինեիք, ինչպե՞ս կվարվեիք: Կմասնակցեի՞ք բազմափուլ աշխարհի առաջնությանը, թե՞ կընդունեիք Կրամնիկի մարտահրավերը: Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում Կրամնիկի այսօրվա կարգավիճակը շախմատային աշխարհում:
- Իմ կարծիքով, Կրամնիկը ոչ մի քաշ չունի եւ իրադրության վրա ոչնչով չի կարող ազդել: Հնարավոր է, իրավական տեսակետից հաշվի առնելով Պրահայի պայմանավորվածությունները, ինչ-որ իրավունքներ ունի, սակայն բարոյական, շախմատային առումով ոչ մի իրավունք չունի Թոփալովին մարտահրավեր նետելու: Թոփալովն իրավունք ունի ցանկացած վճիռ կայացնելու: Սակայն Կրամնիկի հետ նրա հնարավոր մրցախաղը միայն լրացուցիչ քաոս կառաջացնի, քանի որ այն ոչինչ չի կարող վճռել:
- Եթե Կրամնիկը, որը 2000 թ. հաղթել է ձեզ, կորցրել է իր կարգավիճակը, ապա այսօր ո՞վ է աշխարհի առաջնությունների անցկացման 120-ամյա պատմություն ունեցող ավանդույթների շարունակողը:
- Կրամնիկի արդյունքներն արդեն վկայում են, որ նա չի կարող հավակնել ուժեղագույնի տիտղոսին: ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում նա 2-րդ տեղից նահանջեց 7-րդ հորիզոնական: Լեկոյի հետ մրցախաղում ոչ-ոքի արդյունքն էլ չի կարող լուրջ ընդունվել: Եթե Կրամնիկը հաղթող ճանաչվեր Դորտմունդում կամ Սոֆիայում, իրականությունն այլ կլիներ:
ՖԻԴԵ-ի հետ իմ տարաձայնությունները հիմնված էին ոչ միայն այն փաստի վրա, որ 1985 թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցապայքարում հաղթել էի Կարպովին, այլեւ նրանով, որ 20 տարվա ընթացքում առաջինն էի դասակարգման ցուցակում եւ մի շարք մրցախաղերում հաղթել էի: Փաստորեն, պաշտոնապես ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսն ուժեղագույն շախմատիստին չէր պատկանում:
- Ցանկացած մրցամարտում հնարավոր չէ չեմպիոն համարել մեկին, որը չի հաղթել իր նախորդին: Այնպես ստացվեց, որ Ձեր շախմատային գործունեության ընթացքում խաղացած վերջին պարտիայում պարտվեցիք հենց Թոփալովին: Գուցե դա խորհրդանշակա՞ն է:
- Միգուցե: Այդ մասին առանձնապես չեմ մտածել: Գիտեմ, թե ինչու պարտվեցի Թոփալովին: Պարզապես ավելի շատ մտածում էի մամուլի ասուլիսի մասին, որում պետք է հայտարարեի շախմատից հեռանալու մասին: Գուցե իրոք դա խորհրդանշական էրՙ փաստելով շախմատային աշխարհում նոր ժամանակաշրջանի սկիզբը: Դա ինձ ուրախացնում է: Եթե դրա համար անհրաժեշտ էր պարտվել այդ միակ պարտիայում, պատրաստ եմ նման զոհաբերությունների:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ