«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2005-10-26 | #194, 2005-10-27 | #195, 2005-10-28


ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Վերջերս Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվեց սամբո ըմբշամարտի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որում հաջող հանդես եկավ մեր հավաքականըՙ նվաճելով մեկ ոսկե, երկու արծաթե եւ երեք բրոնզե մեդալներ: Մրցումների մասին խնդրեցինք պատմել պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Լեոնիդ Հայրապետյանին:

- Մրցումներին մասնակցում էին 26 երկրներից ժամանած ուժեղագույն մարզիկ-մարզուհիներ: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ ոսկե մեդալը շնորհվեց բանակի կենտրոնական մարզական ակումբի ներկայացուցիչ, կրտսեր սերժանտ Արթուր Սրապյանին: Հանդես գալով մինչեւ 57 կգ քաշային կարգում, նա իր հավասարը չունեցավ ողջ գոտեմարտերի ընթացքում: ԲԿՄԱ-ի մեկ այլ ներկայացուցիչՙ կրտսեր սերժանտ Վահան Վարդանյանը, 52 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղըՙ արժանանալով արծաթե մեդալի: Հետաքրքրական եւ դժվարին գոտեմարտ անցկացնելով, գյումրեցի Արտյոմ Գեւորգյանը բավարարվեց երրորդ տեղովՙ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Շատ ուշագրավ անցան մեր հայուհի աղջիկների գոտեմարտերը: Անզիջում պայքարից հետո ՀՀ սպորտի պետական կոմիտեին առընթեր սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Անի Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ: Նույն օլիմպիական մարզադպրոցի Արտաշատի մասնաճյուղի սան, 64 կգ քաշային Լիլիթ Պողոսյանը եւ Վանաձոր քաղաքի ներկայացուցիչ, 52 կգ քաշային կարգում հանդես եկող Մարինա Մարտինովան բարձրացան պատվո պատվանդանի երրորդ աստիճանինՙ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ: Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության երիտասարդների թիմային պայքարում գրավեց երրորդ պատվավոր տեղը:

Վերոհիշյալ աշխարհի առաջնությունում մեր հավաքականի հաջողությունը պատահական չէր: Մեծ էր Սալոնիկի հայ համայնքի աջակցությունը մեր թիմին: Երեք օր շարունակ դահլիճը լեփ-լեցուն էր մեր հայրենակիցներով: Մեր մարզիկների մասնակցությամբ յուրաքանչյուր գոտեմարտ տոն էր տեղաբնակ հայերի համար: Աննկարագրելի էր, թե ինչպիսի ոգեւորվածությամբ եւ ինչպիսի ցնծությամբ էին դիմավորում նրանք մեր մարզիկներին: Գորգ մտած յուրաքանչյուր հայ մարզիկ ոգեշնչված եւ պարտավորված էր զգում իրեն: Մեր հայրենակիցներին հուսախաբ անելն անթույլատրելի էր: Արդյունքում նվաճեցին վեց մեդալներ:

Մեր հայրենակիցները հոգեբանական մեծ ազդեցություն ունեցան տարած հաղթանակների վրա եւ նրանց ջերմ ընդունելությունն արդարացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո եռագույնի բարձրացմամբ:

Հայաստանի հավաքականի մարզիչները եւ մարզիկներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Զորի Բալայանից, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից եւ Սալոնիկի հայ համայնքից, որոնց անմիջական աջակցությամբ եւ օգնությամբ էին պայմանավորված աշխարհի առաջնությունում մեր հավաքական թիմի մասնակցությունն ու տարած հաղթանակները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4