Հավաստիացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը
Համաձայն կառավարության երեկ հաստատած «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» օրենքի նախագծի, կառավարությունը պատրաստակամություն է հայտնում ապահովելու ինովացիոն գործունեության զարգացումը: Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը նշեց, որ օրենքը պետք է նպաստի գիտություն-արտադրություն կապին: Մասնավորեցնելով նա նշեց, որ խոսքն ինովացիոն խմբերի, տեխնոպարկերի, ուղեղային կենտրոնների ստեղծմանը նպաստելու մասին է: «Ազգի» հարցին, թե կոնկրետ ինչպե՞ս է արտահայտվելու պետության աջակցությունը, փոխնախարարը պատասխանեց, որ պետությունը ներդրումներ կկատարի վենչուրային հիմնադրամների ստեղծման համար, պետական գույքը կտրամադրի օգտագործման, ինչպես նաեւ կօգտագործի հարկային եւ մաքսային հնարավորությունները:
«Իսկ թե ինչպե՞ս պետք է որոշվեն նախապատվության արժանացած ծրագրերը» հարցին Գագիկ Վարդանյանը պատասխանեց, որ պետք է ստեղծվի գաղափարների բանկ, փորձագիտական խմբերը կուսումնասիրեն այդ գաղափարները, եւ լիազոր մարմինը (ամենայն հավանականությամբ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը) կընտրի ֆինանսավորման եւ այլ աջակցության արժանի ծրագիրը: Միջոցների բացակայության պատճառով կյանքի չկոչված ծրագրերից փոխնախարարը հիշատակեց ջրիմուռների աճեցման տեխնոլոգիան: Կենսատեխնոլոգիայի ոլորտին պատկանող այս մեթոդով պատրաստվում են կերային հավելումներ թռչնաբուծության համար, որի պահանջարկ կա ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում: Այդ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ գումարը կազմում է ընդամենը 500 հազար դոլար:
Ամփոփելով իր խոսքը եւ կարեւորելով այս ոլորտին պետական աջակցությունը, Գագիկ Վարդանյանը հավաստիացրեց, որ այս քայլով հիմք է դրվում մեր երկրի դեպի գիտելիքային հասարակություն անցումը: Առաջին փուլը եղել է անցումը դեպի շուկայական տնտեսություն, երկրորդըՙ դեպի գիտելիքային հասարակություն, քանի որ շուկայական տնտեսությունը դեռեւս բավարար չէ բարեկեցիկ երկիր ունենալու համար:
Լրագրողներին երեկ ներկայացված հաջորդ փաստաթուղթը «Հեղինակային իրավունքի եւ հեղինակային իրավունքի պաշտպանության մասին» օրենքն էր: Օրենքի նոր նախագծի ընդունումը պայմանավորված էր եվրոպական չափանիշներին գործող օրենքը համապատասխանեցնելու հրամայականով: Սակայն, ինչպես հայտնեց մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը, փոփոխությունները շատ էին եւ նոր օրենքի մշակման անհրաժեշտություն առաջացավ: Նա նաեւ նշեց, որ օրենքով պաշտպանվելու են ինտերնետում ստեղծագործությունները հաքերներից, տվյալների բազաները, շարժվող պատկերները, հստակեցվելու են ճարտարապետների եւ շենքի սեփականատերերի իրավունքները: Խստացվել են հեղինակային իրավունքների խախտման համար նախատեսվող պատիժները: Նախկին օրենքով պատժվում էր նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով պատճառված վնասը, իսկ այս օրենքով 200-ապատիկի չափով պատճառվածը, ինչն արվել է պիրատության դեմ պայքարը խստացնելու նպատակով:
Պատասխանելով «Ռեկո-ռեկորդս» ձայնագրման ընկերության փակմանն առնչվող հարցին, Արմեն Ազիզյանը այն կարծիքը հայտնեց, որ այդ ընկերությունը շուկայի 70 տոկոսն էր զբաղեցնում, եւ նրա ամբողջ արտադրանքը անօրինական էր: Նա նշեց, որ ստուգումներ են կատարվել նաեւ այլ ընկերություններում, խախտումներ հայտնաբերվել են նաեւ այնտեղ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ