Այս տարվա առաջին 9 ամիսների ամենախոշոր 300 հարկատուների ցանկի հրապարակումը թերեւս առավել մանրամասն վերլուծության կարիք ունի, որին կանդրադառնանք առաջիկայում: Իսկ առաջին հայացքից աչքի է ընկնում այն փաստը, որ խոշոր հարկատուների առաջին 5-10-ը գրեթե միշտ մնում է անփոփոխ: Եվս մեկ կարեւոր հանգամանքՙ մի շարք ապրանքատեսակների գծով հարկումն իրականացվում է սահմանին, եւ այստեղ խոշոր հարկեր վճարող մի շարք ընկերությունների ցուցանիշները չեն երեւում:
Հարկային ծառայության հրապարակած 1 մլրդ դրամ եւ ավելի հարկ վճարողներըՙ ամենախոշորները 12-ն են, որոնցից առաջին տեղում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մյուսներից առաջ է մեծ տարբերությամբ: Այս ընկերության վճարած հարկերը կազմում են գրեթե 21 մլրդ դրամ: Երկրորդ տեղում «Արմենտելն» էՙ 9,6 մլրդ դրամ, երրորդում «Հայռուսգազարդը»ՙ 6,2 մլրդ դրամ: Այնուհետեւ գալիս են «Հայաստանի էլեկտրական ցանցերը»ՙ 4,1 մլրդ դրամ, «Գրանտ տոբակոն»ՙ 3,7 մլրդ դրամ, ՀԱԷԿ-ըՙ 2,6 մլրդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»ՙ 2,2 մլրդ դրամ, «Ոռոգում-ջրառն» ու «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»ՙ 1,2-ական մլրդ դրամ, «Ավշարի գինու կոմբինատը»ՙ 1,1 մլրդ դրամ, «Մաքուր երկաթի գործարանը»ՙ եւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշընը» 1-ական մլրդ դրամ: «Գրանդ հոլդինգը» միասնաբար ներկայանալու դեպքում կարող էր հայտնվել ավելի առաջնային դիրքում: Առաջին 12 խոշոր ընկերությունները միասին պետական գանձարան են վճարել մոտ 55 մլրդ դրամ:
Ա. Մ.