«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2005-10-27 | #195, 2005-10-28 | #196, 2005-10-29


ԿՈԱԼԻՑԻԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲՅՈՒՋԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ԴԺԳՈՀՈՒՄ

Ճեպազրույցների հիմնական թեմաները բյուջեն, ավանդները, հանրաքվեն եւ մի քանի այլ հարցեր էին

Բյուջե

Բյուջեի կրկնապատկումը «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը ստվերից որոշակի գումարներ դեպի բյուջե տեղափոխելու արդյունք համարեցՙ միտումի շարունակման դեպքում զգալի հնարավորություն տեսնելով պետության զարգացման եւ սոցիալական խավերի խնդիրների լուծման համար: ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը նույնպես ողջունեց բյուջեի կրկնապատկումը, որը թույլ կտա` ա) մեր անվտանգության համակարգն ամրապնդել եւ որոշ ագրեսիվ հարեւանների նկրտումները սանձել, բ) սոցիալական ոլորտում լուրջ առաջընթաց արձանագրել: Մեկ միլիարդանոց բյուջեի առթիվ կոալիցիայի ներկայացուցիչների` միմյանց շնորհավորելու պատճառ չտեսավ «Արդարությունից» Թաթուլ Մանասերյանը, քանի որ այդ թիվը դեֆիցիտի աճի հաշվին է ստացվել, մեկ միլիարդից անցել է ծախսային մասը, իսկ պարզ հաշվարկի արդյունքում (դրամի 468 փոխարժեքով) շատ ավելի քիչ է, քան մեկ միլիարդը: Ընդ որում` վերահաշվարկվել է 420 դրամով եւ չի ասվում, թե որտեղից այդ 420 դրամ կանխատեսումը: Ըստ Թ. Մանասերյանի` 1041 էջանոց բյուջեին պատգամավորները դեռ չեն հասցրել ծանոթանալ` հոկտեմբերի 10-ին բաժանել են բյուջեի նախագիծը, հոկտեմբերի 12-ին քննարկումներն են սկսել:

Հանրաքվե

Հանրաքվեի թեմայով Ծաղկաձորում «այո» ստորագրած մտավորականների անունից հարցը, թե նրանք հոգու խորքում համաձայն չեն սահմանադրական «այո»-ին` խմբակցությունները տարբեր կերպ արձագանքեցին: Վ. Հովհաննիսյան. «Եթե նրանք ունեն այնքան քաղաքացիական խիզախություն, որ ձեզ (լրագրողին-Մ.Խ.) խոստովանում են որ դեմ են, դե թող չստորագրեին: Մի ձեռքով ստորագրել, մյուսով վազել-գանգատվել ձեզ` սա մտավորականի կեցվածք չէ: Հոգու խորքը քաղաքական կատեգորիա չէ»:

Ըստ Գուրգեն Արսենյանի` ՄԱԿ-ը գտնում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծը կարեւորագույն փաստաթուղթ է ու պետք է հանրաքվեին «այո» պատասխանը ստանա, «ոչ»-ի հետեւանքները միայն ՀՀ քաղաքացիներին կամ իշխանությանը չեն վերաբերելու, այլ բոլորին, նաեւ ընդդիմության սերունդներին: «Այո»-ի հետեւանքները եւս վերաբերելու են ողջ ժողովրդին եւ երկրի զարգացման արագությանը: Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավում ՄԱԿ-ի ներդրումը չի ընդունում նյութական տեսք, որովհետեւ արդեն մասնակցությունը բավարար է եւ ոչ մի նյութական ռեսուրս չի փոխարինի` «մեր թանկ ու կարեւոր մասնակցությանը»:

Հանրաքվեի ցուցակների մաքրմանն անդրադառնալովՙ Արտաշես Գեղամյանը նկատեց, թե խորհրդային կարմիր անձնագիր ունեցող շուրջ 200 հազար ՀՀ քաղաքացու, ովքեր համապատասխան հարկեր են մուծում, զրկում են ձայնի իրավունքից, որ իշխանություններն անուղղելի են եւ նրանց օրոք խոսել նորովի երկիրը ղեկավարելու մասին` պարզապես քաղաքական միամտություն կլինի: Բայց. «Մենք պետք է օգնենք իշխանություններին եւ պրն Քոչարյանին` ասելու «ոչ»,...որոնք գարնանը դեռ տանուլ են տվել` համաձայնելով վերադարձնել ազատագրված տարածքները, իսկ թե ինչ պայմաններով` օրը կգա, դրա մասին կիմանանք», հանրաքվեն միջազգային պարտադրանքի տեսանկյունից դիտարկեց Ա. Գեղամյանը` իշխանությունների հոգու խորքում եւս սահմանադրական փաթեթի չանցնելու ցանկություն հայտնաբերելով. «Այս սահմանադրության ընդունման պարագայում սարսափելի զարգացումներ են սպասվում Հայաստանին»:

Ըստ ՕԵԿ-ից Սամվել Բալասանյանի` մեկ ամիս ժամանակ կա մինչեւ հանրաքվեն, եւ կարմիր անձնագրեր ունեցող մարդիկ կարող են նորը ստանալ, երեւի հանրաքվեի շտաբն էլ այս հարցում կաջակցի, որ անձնագրային սեղանները հասցնեն:

«Արդարությունից» Գրիգոր Հարությունյանը պնդեց, որ հանրաքվեի առումով «իշխանությունները հիստերիայի մեջ են», քանի որ ոչ մի կերպ ընդդիմախոսներին թույլ չեն տալիս ուղիղ եթերից շփվելու ժողովրդի հետ, հիմնավորելու իրենց ճիշտը:

«Մեր ժողովրդի մեծամասնությունը տեղյակ չէ սահմանադրության դրույթներին», միայն նկատեց «Ժողպատգամավոր» խմբից Մ. Մինասյանը եւ առաջարկեց այնպես քարոզչություն տանել, որ ժողովուրդն ինքը կողմնորոշվի:

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` հանրաքվեի պատասխանատուներ կարող են լինել հասարակական բոլոր խմբերը, մի անգամ գոնե բոլորը պետք է համագործակցեն ժողովրդի եւ պետության համար: Անցնի թե չանցնի սահմանադրությունը (իհարկե, քարոզելու եմ, որ ժողովուրդն «այո» ասի) ինքը` ժողովուրդը պատասխանատու կլինի եւ «ոչ»-ի, եւ «այո»-ի համար», ամփոփեց Գ. Սահակյանը:

Ավանդներՙ 70 դոլա՞ր, թե՞ 70 տոկոս

Ավանդների վերադարձի խնդրին անդրադառնալիս Գ. Արսենյանը հարց տվեց ու պատասխանեց ինքն իրեն. «Արդյոք խոսքը վերաբերո՞ւմ է ՀՀ բնակիչների ավանդադրած ողջ գումարներին. չի վերաբերում»: Հռչակված քաղաքականությունը, ըստ նրա, վերաբերում է բնակչության որոշակի հատվածին, որն օգտվում է նպաստային համակարգից. տեղի ունեցողը բավարար է այն մարդկանց համար, ում փոխհատուցվում է, սակայն հարուցելու է ցուցակից դուրս մնացած մյուսների դժգոհությունը: Իսկ 1 մլրդ դրամի սահմանում յուրաքանչյուրին տրվելիք թվային արժեքը Գ. Արսենյանը նորմալ է գնահատում հասարակական ընկալման տեսակետից: Վ. Հովհաննիսյանը դրական համարեց, որ ժողովրդի ավանդների վերադարձման ձեւ գտնվեց. «Խոստանալ անել ինչքան կարող եսՙ պոպուլիզմի գիրկը չընկնելով, մյուս կողմից, եթե խոստացել ես` չփորձել ինչ-որ սխեմաներով խուսափել պարտավորությունից»:

Ավանդների վերադարձման մոդելի շուրջը ծագած հակասությանը (վարչապետը երկրորդ եւ երրորդ հազար ռուբլու դիմաց տրվող գումարի չափը բարձրաձայնել էր որպես բազային 200 դոլարի 70 տոկոս, իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը` 70 դոլար), այդպես էլ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից միանշանակ պատասխանի չարժանացավ. ՀՅԴ-ից Վ. Հովհաննիսյանը պնդեց 70 տոկոսի վրա` քաղաքական համաձայնությունն այդ թվի վրա է կայացել, եւ այդ հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի: ՕԵԿ-ից Ս. Բալասանյանը, սակայն, երկրորդ եւ երրորդ հազարի դիմաց 70 դոլարի չափով փոխհատուցման մասին խոսեց` վկայելով, որ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստին եւս այդ թվի մասին է խոսք գնացել: «Ուղղակի կարող է այդ 70 տոկոսի հետ կապված` մարդը շփոթվել է, 70 դոլարի մասին է խոսքը»: (Վարչապե՞տը- Մ.Խ.) Գ. Սահակյանը առաջիկա տարիների համար կանխատեսեց, որ ավելի մեծ փոխհատուցումների մասին խոսք կլինի, 2015 թվականին որոշակի խնդիրներ լուծված կլինեն, բայց նույնիսկ եթե այսօր դրույքաչափերը բարձր լինեին` ժողովուրդը միեւնույն է, հայհոյելու է. «Այդ հայհոյանքը մեզ չի կարող վերաբերել», ավելի վաղ ասած իր խոսքը հիշեցրեց Գ. Սահակյանը:

Մ. Մինասյանը «Ժողպատգամավոր» խմբից 10 հազար խորհրդային ռուբլու դիմաց մոտ 700 դոլարի կարգի փոխհատուցման մասին էր խոսում` ողջունելով, որ չափորոշիչը բարձր է:

Ինչպես տեսնում եք` մեր խորհրդարանականների կարծիքները ավանդների փոխհատուցման չափի վերաբերյալ էապես տարբերվում են:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4