«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2005-10-27 | #195, 2005-10-28 | #196, 2005-10-29


ԵՐԱԺԻՇՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՊԷՐՊԷՐԵԱՆ ԾՆՆԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՎ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ, Մոնրէալ

Սփյուռքահայ կոմպոզիտորական դպրոցի, եթե կարելի է խիստ պայմանականորեն օգտագործել այս արտահայտությունը, կարեւորագույն դեմքերից է Համբարձում Պերպերյանը, որի ծննդյան 100-ամյակն է այս տարի: Բարսեղ Կանաչյանի, Շահան Պերպերյանի, Գուրգեն Ալեմշահի, Աշոտ Պատմագրյանի, Վահան Բեդելյանի եւ այլոց հետ նա մեծ դեր է կատարել սփյուռքահայ կոմպոզիտորական դպրոցի ստեղծման, զարգացման գործում: Ավելին. լինելով Միջին Արեւելքի եւ հատկապես Լիբանանի տարբեր դպրոցներում երգի եւ երաժշտության ուսուցիչ, մի շարք երգչախմբերի խմբավար, բազմաթիվ համերգների գեղարվեստական ղեկավար, Հ. Պերպերյանը հասցրել է պրոֆեսիոնալ երգիչների, ավելի շատՙ պարզապես հայ երգը սիրողների, երգե՛լ սիրողների մի քանի սերունդ: Անգնահատելի է նրա դերը հատկապես Բեյրութի հայաշատ ու հայատրոփ գաղութի երաժշտական մթնոլորտի ձեւավորման գործում:

Ասացիՙ «հայատրոփ», բայց միշտ այդպիսին չի եղել Բեյրութի գաղութը: Մինչեւ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտը, մինչեւ ասպարեզում Հ. Պերպերյանի, Բ. Կանաչյանի, Շ. Պերպերյանի ու Ա. Պատմագրյանի երեւան գալը առավելաբար թուրքախոս հայերի հին սերնդից կազմված այդ գաղութում տիրապետել է թուրքական եւ թուրքավարի երաժշտությունը: Անգամ եկեղեցիներում մեր քահանաները շարականները երգել են թուրքավարի, մինչ հայ բողոքական պատվելիները ժողովարաններում Աստուծո խոսքն ու իրենց քարոզը տվել են թուրքերեն լեզվով: Եվ հատկապես պատերազմից հետո ծավալ ու թափ ստացած հայախոսության արշավը, ավելի շուտՙ թուրքախոսության դեմ պայքարը թերի կմնար, եթե դրան չմիանար հայերգությա՛ն արշավը, որի դրոշակակիրներից եղավ Հ. Պերպերյանը: Այդ դժվարին պայքարը շարունակվեց մինչեւ 1960 թ., երբ Թաթուլ Ալթունյանի գլխավորությամբ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի Բեյրութ ժամանումով տիրականորեն հնչեց հայ երգի հաղթական ակորդը...

Զարմանալ միայն կարելի է, թե 1905 թ.-ին Ադանայի նման քաղաքում ծնված եւ տարիներ անց Աթենքի կոնսերվատորիայում եւրոպական կրթություն ստացած հայ երաժիշտը այդ ի՞նչ բնազանցական ուժերի շնորհիվ է մնացել հայկական երաժշտության ամենավճիտ ակունքներում: Կոմիտա՞սն է պատճառը, հայ եկեղեցական երաժշտությո՞ւնը, թե՞... (Ի դեպ, առեղծվածային է թվում նաեւ այն փաստը, որ Ադանան եւ ադանացիք հայ երաշժությանը տվել են այնպիսի մեծություններ, ինչպես Ալան Հովհաննեսը, Թաթուլ Ալթունյանը, Համբարձում Պերպերյանը, Վահան Բեդելյանը, Մանուկ Բարիքյանը եւ ուրիշներ): Նրա վոկալ թե գործիքային բազմաթիվ ստեղծագործություններն ամբողջականորեն հայկական են ու հայադրոշմ:

Եվ հիմաՙ 100-ամյակ:

Ի՞նչ պետք է անել, որպեսզի մեծ երաժշտի եւ ուսուցչի գործը համահայկական գնահատանքի արժանանա: Անշուշտ, կարելի է Երեւանում մի շքեղ համերգ կազմակերպել, որտեղ կհնչեն նրա կանտատներից, օրատորիաներից, օպերաներից ընտիր հատվածներ, կհնչի, վերջապես, նախկինում յուրաքանչյուր երգչուհու համերգային ծրագրի զարդը կազմող «Կ՛անձրեւէ, տղասը», «Անորը» եւ մյուս երգերը: Բայց դա բավարար չէ: Համբարձում Պերպերյանի ստեղծագործությունները պետք է մեկտեղվեն մայր հայրենիքում, պետք է կատարվեն հաճախ, եւ ոչ միայն համերգասրահներում, եւ այստեղից տարածվեն հայաշխարհով մեկ: Դա էր նրա փափագը: Եվ այդ փափագն արժանի է իրականացման:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այս տարի լրացաւ յօրինող, խմբավար եւ դաստիարակՙ մաէստրօ Համբարձում Պէրպէրեանի ծննդեան 100-ամեակը:

Ծնած էր 1905 մայիս 25-ին, Համբարձումի տօնին, Ատանայի մէջ, 13 զաւակներու ամենափոքրը: Մեծ եղեռնի օրերուն կը կորսնցնէ իր ընտանիքը եւ առանձին կը թափառի սուրիական անապատներուն մէջ, ականատես ըլլալով հայերու ջարդին, մինչեւ որ կը փրկուի միսիոնարներու կողմէ: Զանազան որբանոցներ փոխադրուելէ ետք, իր մօտ հայտնաբերած երաժշտական բացառիկ յատկութիւններուն համար Իզմիր կ՛ուղարկուի երաժշտական դաստիարակութիւն ստանալու: 1922-ին կը փոխադրուի Աթէնք եւ յաջորդ տարին կ՛ընդունուի Աթէնքի երաժշտանոցը, զոր կ՛աւարտէ 1930-ին բարձրագոյն գնահատակնով: Նոյն տարին կը հրաւիրուի Կիպրոսի յունական երաժշտանոցը որպէս փոխտեսուչ: 1932-ին կ՛անցնի Լիբանան եւ Սուրիա, ուր կը դասաւանդէ երաժշտութիւն եւ կը կազմակերպէ բազմաթիւ համերգներ: 1926-ին ամուսնացած էր Սրբուհի Թագւորեանի հետ, որ տաղանդաւոր երգչուհի էր: Անոնք կը բախտաւորուին չորս զաւակներով: 1931-ին կը հրաւիրուի Հայաստան, ուր իր ստեղծագործութիւններուն նուիրուած համերգը հիացմունքի կ՛արժանանայ: Ընտանեօք Միացեալ Նահանգներ կը փոխադրուի 1963-ին, ուր իր կեանքի վերջին 36 տարիները կ՛անցընէ ստեղծագործելով եւ համերգներ կազմակերպելով: Տիկին Պէրպէրեան մահացած է 1978-ին, իսկ մաէստրօ Պէրպէրեան իր մահկանացուն կնքած է Բոսթընի մէջ 1999 մարտ 13-ին:

Համբարձում Պէրպէրեանի բազմաբեղուն ստեղծագործութիւնները կ՛ընդգրկեն տարբեր լեզուներով մեներգներ, խմբերգներ եւ օպերայի երաժշտութիւններ, ինչպէս նաեւ գործիքային, սենեկային եւ սինֆոնիկ յօրինումներ: Իր գործերուն այլազանութիւնը կը յատկանշուի աշուղական, գովերգական (օդ), քառաձայն երգեցողութիւններու, կանտատներու, օրատորիաներու, ռեքվիեմի մը, մանկական օպերայի մը, երեք ամբողջական օպերաներու եւ դաշնամուրի, լարային ու փողային գործիքներու աւելի քան 200 յօրինումներով: Անաւարտ մնացած են զանազան համերգային գործեր:

Համբարձում Պէրպէրեանի յօրինումներու ոճային հասարակ յայտարարն է իր հայկական ծագումը: Աւանդական եւ հայ ժողովրդական ակունքներէ բխած հում նիւթը ան կազմակերպած է յօրինումներու արեւմտեան սկզբունքներու կիրարկումով: Այսպէսով, Պէրպէրեանի գործերը կ՛անցնին զուտ ազգայինի սահմաններէն անդին, անոնց տալով համամարդկային զգացական տարողութիւն մը:

Համբարձում Պէրպէրեան երգահանդէսներ տուած է Միացեալ Նահանգներու գրեթէ բոլոր մեծ քաղաքներուն մէջ, Կանադայի եւ Հարաւային Ամերիկայի մէջ, Եւրոպայի, Միջին Արեւելքի եւ Հայաստանի մէջ: 1967-ին, հրաւէրովը Մոնրէալի Թէքէեան մշակութային միութեան, ան մօտ երկու ամիս Մոնրէալ գալով կազմակերպած է երգչախումբ մը, որ մեծ յաջողութեամբ ելոյթներ ունեցած է Մոնրէալի «Էքսպօ-67» միջազգային ցուցահանդէսին: Ան 1980-ին կրկին անգամ Մոնրէալ գալով, Արմէն-Քեպէք ՀԲԸՄ Ալեք Մանուկեան վարժարանի աշակերտներով մեծ յաջողութեամբ բեմադրած է իր «Թիթեռ» մանկական օպերան:

Համբարձում Պէրպէրեան եղած է գործօն անդամ եւ վարչական ՀԲԸՄ-ի եւ ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի ծիրերէն ներս, եւ հիմնադիրներէն եղած է Թէքէեան մշակութային միութեան: Ան արժանացած է բարձրագոյն պատուանշաններուՙ պատրիարքներու, Հռոմի Պապին, Հայաստանի կոմպոզիտորներու միութեան, Լիբանանի եւ Մեսեչուսէց նահանգի կառավարութիւններուն կողմէ:

Համբարձում Պէրպէրեանի պատկառելի վաստակը խղճամիտ առաքելութեամբ մը յաջորդական հրատարակութիւններով երաժշտական աշխարհին կը ներկայացնէ իր արժանաւոր զաւակը, նոյնպէս երաժշտագէտ, խմբավար եւ թաւջութակահար, Փենսիլվանիայի Կլարիոն համալսարանի պատուակալ պրոֆեսոր Վահէ Պէրպէրեան: Արդէն իսկ հրատարակուած են «Սարդարապատ», «Ղարաբաղ», «Սայաթ Նովա» գովերգները, «Յարութիւն» կանտատը, «Խաչ» քառաձայն խմբերգը, «Ուրախ լեր» շարականի դաշնաւորումը եւ թաւջութակի համար «Օրօր»-ի դաշնաւորումը: Յաջորդաբար լոյս կը տեսնեն «Հայաստանին», «Որախ լեր», «Խորհուրդ խորին», «Գեղօն Անդրանիկին» դիւցազներգութիւնները, իր գլուխ գործոց նկատուած «Սուրբ Մեսրոպ» օրատորիօն եւ բազմաթիւ այլ ստեղծագործութիւններ:

Սփիւռքահայ ժամանակակից այս մեծ երաժիշտին ծննդեան 100-ամեակը կը ծրագրուի նշել արժանաւոր կերպով, զանազան համերգներու միջոցաւ:

«Ապագայ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4