«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՄԻԱՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Ղազախստանի արտգործնախարար Քասիմժոմարտ Տոկաեւը երեկ խորհրդարանի ստորին պալատում ելույթ ունենալովՙ հերքել է վերջերս տարածված լուրերը, թե Ղազախստանը դաշնային պետություն է կազմելու Ռուսաստանի հետ: «Ռուսաստանին միանալու որեւէ մտադրություն չունենք», ընդգծել է նա:

«Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայությունները» զեկուցումն ընթերցելիս Տոկաեւն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքը կազմող տնտեսական համագործակցությունն ու տարածաշրջանային ինտեգրումն այլընտրանք չունեն:

Նրա խոսքերով, Ռուսաստանում Ղազախստանը համարում են «ամենամերձավոր դաշնակից», ինչը փոխադարձ վստահության եւ բարեկամության վկայություն է: Միաժամանակ Տոկաեւը «բացարձակապես հիմնազուրկ» է անվանել ռուս-ղազախական դաշնապետության ստեղծման ծրագրի գոյության վերաբերյալ «որոշ ԶԼՄ-ների» տարածած լուրերը:

Խոսքը հոկտեմբերի սկզբներին ռուսական «Ֆինանս» հանդեսի հրապարակած այն հոդվածի մասին է, ըստ որի Կրեմլում քննարկվում է Ռուսաստանը եւ Ղազախստանը միավորելու նախագիծ: Ժամանակին «Ազգն» անդրադարձել է այդ հրապարակմանը: Դրա հեղինակի պնդմամբ, միավորման շնորհիվ Վլադիմիր Պուտինը կկարողանար 3-րդ ժամկետով մնալ պետության ղեկավարի պաշտոնում, քանզի Ռուսաստանի սահմանադրությունը չէր գործի նոր դաշնապետությունում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4