«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ԳԱՎԱԹԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՎԳԵՆԻ ԽԱԲԻԼՈՎԻՆ

«Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային համալիրում իրենց մրցավեճն ավարտեցին ըմբիշները, որոնք վիճարկում էին ըմբշամարտի հայ անվանի վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, աշխարհի գավաթի եռակի հաղթող Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 10-րդ խաղարկության պարգեւները: Մրցագորգ էին դուրս եկել 7 երկրների 100-ից ավելի ըմբիշներ: Բացի Ստեփան Սարգսյանից, մրցումներին ներկա էին նաեւ անվանի մի խումբ մարզիկներՙ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ներկայումս Բուլղարիայում բնակվող Արմեն Նազարյանը, Ալեքսանդր Կարելինը, Ալեքսանդր Մեդվեդը եւ ուրիշներ:

Գոտեմարտերն անցան բավական թեժ մրցակցությունում: Եվ դա բնական էր, քանի որ շատ բարձր էր հաղթանակի արժեքը: Բացի խաղարկվող մեդալներից, մրցանակակիրները պարգեւատրվում էին համապատասխանաբար 3000, 2000 եւ 1000-ական դոլարին համարժեք դրամով: Հայաստանի պատվիրակները նվաճեցին 4 մեդալ (2-ական արծաթե եւ բրոնզե): Առավել հաջող հանդես եկան Սեւակ Բաղդյանը (60 կգ) եւ Էդգար Ենոքյանը (84 կգ), որոնք միայն եզրափակիչ գոտեմարտերում զիջելով մրցակիցներին, բավարարվեցին արծաթե մեդալներով եւ պարգեւատրվեցին 2000-ական դոլարով: Միհրան Ջավուրյանն (55 կգ) ու Սուրեն Մարկոսյանը (66 կգ) դարձան բրոնզե մրցանակակիրներ: Իսկ ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ դարձան Ալեքսանդր Զախարովը (55 կգ, Ուկրաինա), Եվգենի Խաբիլովը (60 կգ, Ուկրաինա), Ռամազ Աբարկխանովը (66 կգ, Ռուսաստան), Գելա Սագելաշվիլին (74 կգ, Վրաստան), Նաուրուզ Թեմրեզովը (84 կգ, Ռուսաստան), Տոխտար Թեմրեզովը (96 կգ, Ռուսաստան) եւ Ալեքս Մոդեբաձեն (մինչեւ 120 կգ, Վրաստան):

Գլխավոր մրցանակըՙ Ստեփան Սարգսյանի անվան գավաթը, հանձնվեց ուկրաինացի Եվգենի Խաբիլովին: (60 կգ): Ժամանակին այդ քաշային կարգում է հանդես եկել Ստեփան Սարգսյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4