ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Աբովյան, Բուզանդի, Արամի փողոցների պատմամշակութային շենքերը քանդող փողատերերը հասել են Ամիրյան 4/16 շենքին, որի վրա եւս փակցված է «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը: Ու քանի որ պետությունն ու իշխանությունը տարբեր հասկացություններ են, ու մեզանում վերջինիս շահույթ ակնկալող գործունեությունը ոչ միշտ է բխում առաջինի շահերից, ուրեմն բնական էր, որ 18-րդ դարի հուշարձան շենքերը պիտի դուրս մնային պետական խնամքից ու հայտնվեին դրանց տարածքը գնած փողատերերի բուլդոզերների տակ: Քաղաքի ներկայիս գլխավոր ճարտարապետը տարբեր առիթներով հայտարարում է, թե քանդված շենքերը կհավաքվեն «Սիլ պլազայի» հետնամասում, ինչին քչերս ենք հավատում, իսկ նախկին գլխավոր ճարտարապետն այդ ծրագիրը համարում է ճակատագրական սխալ ու գերեզմանոցային մոտեցում, ինչն ավելի մոտ է իրականությանը: Արդեն իսկ տեսանելի է դառնում քանդված հուշարձան շենքերը նրանց մտահղացումով պատմության գրկում վերջնականապես թաղելու հեռանկարը: Ամենազավեշտալին այն է, որ նրանցից ոչ մեկը չի խոսում բոլորիս հետաքրքրող այն հարցի մասին, թե ովքե՞ր են պատմամշակութային շենքերի նոր ցուցակը կազմողները եւ ի՞նչ տրամաբանությամբ ու չափանիշներով ցուցակից դուրս մնացին խորհրդային տարիներից հիշյալ ցուցանակը կրող շենքերը:
Դրանցից են նաեւ Ամիրյան 4/16 եւ 4/18 շենքերը, որոնք Հայաստանի հուշարձանների պահպանության փորձագիտական հանձնաժողովի պահանջով ընդգրկվել են կառավարության հաստատած նորահայտ հուշարձանների ցուցակում, ինչը նշանակում է, որ տարածքը գնած սեփականատերն իրավունք չունի դրանք քանդելու: Բայց... նրա իրավունքը չի սահմանափակվում ցուցակով, այլ վճարած գումարով, եւ նոյեմբերի 8-ին կայանալիք դատական նիստից հետո դատական ակտերի հարկադիր կատարման աշխատողները դարձյալ կգան վտարելու Ամիրյան 4/16 շենքի սեփականատեր Լյուդմիլա Հարությունյանին: Սակայն այս անգամ վտարողների գործն իսկապես բարդ կլինի ու ավելի ծանր Բուզանդի փողոցի բնակիչներին վտարելուց, որովհետեւ Լյուդմիլա Հարությունյանի կողքին կանգնած մարդկանց բանակը բավականին մեծ էՙ մարդու իրավունքների պաշտպանից մինչեւ հասարակ քաղաքացիներ: «Ես պայքարում եմ արդեն 2 տարի, ինձ 2 անգամ այս շենքից վտարել են: Ես մի քանի հարց ունեմ, ո՞վ կարող է օտարել իմ սեփականությունը հայաստանյան օրենքներով: Ոչ ոք: Ո՞վ կարող է ինձ իմ շենքից վտարել: Ոչ ոք: Եվ վերջապես ո՞ւմ ձեռքը կբարձրանա ճարտարապետական այս կոթողը քանդելու: Դե, թող գա ու քանդի: Այս շենքը մերն է, լինի անձնական, թե հասարակական: Այսօրվանից ես այս շենքը դարձնում եմ հասարակական շարժման կենտրոն, որ մենակ չկրեմ այս բեռը», ասաց նա մշակութային իրավունքներին եւ բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության հարցերին նվիրված երեկվա քննարկման ժամանակ, որ տեղի ունեցավ հիշյալ շենքում: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, որը պատրաստակամություն հայտնեց իր կոլեկտիվի հետ տկն Հարությունյանին աջակցելու: Նրա կարծիքով, ներկա փուլում հասարակական շարժումը պետք է ուղղված լինի կամերային երաժշտության տան տարածքի եւ Ամիրյան 4/16 շենքի պահպանմանը, որոնց վերջնական լուծումից հետո միայն հնարավոր կլինի անցնել մյուս հարցերին:
Լյուդմիլա Հարությունյանը քաջատեղյակ է պետական կարիքների անվան տակ բնակիչներին իրենց սեփականության իրավունքից զրկելու բոլոր մեխանիզմներին: Ուշագրավ էր դատավորների խոսքի եւ գործի հակասության մասին նրա պատմությունը: Առանձին զրույցների ժամանակ դատավորները ցույց են տվել, թե ցավում են քանդվող հուշարձան շենքերի համար: Դատական նիստից առաջ մեկը նույնիսկ ասել էՙ «Էդ ուռոդները էդ շենքն է՞լ են ուզում քանդել, ո՞նց թե», բայց 10 րոպե անց նույն դատավորը վտարման որոշում է կայացրել:
Շենքն ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ, երկհարկանի ստորգետնյա նկուղ, որը տանում է դեպի Հանրապետության հրապարակի նկուղները, որ անցած տարի հայտնաբերվեցին ու հետո փակվեցինՙ բարդացնելով հաջորդ սերունդների գործը: Լյուդմիլա Հարությունյանը մտադիր է այն վերածել յուրօրինակ թանգարանի, որը օտարներին պատկերացում կտա 18-րդ դարի Երեւանի մասին:
Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը ակնկալում է, որ հայաստանյան տարբեր կազմակերպությունների ուսումնասիրությունների հիման վրա նմանատիպ դեպքերը հասարակական հնչեղություն կստանան, իսկ առաջիկայում կընդգրկվեն իր տարեկան զեկույցում, մանավանդ որ «դա ոչ Եվրոխորհրդի պահանջ է, ոչ էլ իշխանությունների, այլ զուտ հասարակության պատվեր ու պահանջարկ»: