Էմիլ Գազազի նկարչական աշխարհի հետ արագ փոխհաղորդակցում չի կայանում: Ոչ որովհետեւ բարդ է, թերեւս նկարչիՙ աշխարհի աղավաղված ընկալումները մեզ առաջին հայացքից անհասկանալի են թվում: Սա իրեղեն, տեսանելի աշխարհի վերացարկում կամ նրանից հեռացում չէ, կամ գեղագետի ներքին վիճակների անբավարարության արտահայտություն: Նկարների առասպելական մթնոլորտը դիտողին մղում է ընդվզող գույների ու հակոտնյա ուժերի պայքարի դաշտ: «Արամե» պատկերասրահում այս օրերին ցուցադրվող Էմիլ Գազազի աշխատանքները ստեղծել են կիսաառասպելական, կիսահեքիաթային մի միջավայր, ուր նկարից նկար տեղափոխվելիս հայտնվում ես առասպելաբանության խորհրդապաշտ իրականության մեջ: Հնագույն դիցաբանությունից եկող կիսամարդ, կիսաաստված, գաճաճներ, կենտավրոսներ, խամաճիկներ, առլեկիններ միաժամանակ են, նույն տարածքում: Սա ժամանակային խախտում չէ, այլ թերեւս ժամանակների փոխներթափանցում, կամ էլ ընդամենը կյանքի ձեւերի փոփոխության ցուցադրում: Ստեղծված դիմակահանդեսային իրականության մեջ տձեւ կերպարների միջոցով ներկայացված են մարդու ներքին աղավաղված շարժերն ու կոպիտ բնազդները:
Կերպարային խաղերի մեջ անաղարտության զգացողությունը կարծես թե իսպառ բացակայում է: Նկարիչն իր առջեւ նման խնդիր չի էլ դնում: Նա տեսնում է աշխարհի աղավաղված դիմագիծն ու դիտորդի աչքը բնավ չի շոյում. «Սա ի՞նչ էսթետիկա է», կարելի էր լսել երբեմն:
Էմիլ Գազազը ծնունդով Գյումրիից է, Թերլեմեզյան ուսումնարանի եւ գեղարվեստի ակադեմիայի կրթությամբ նկարիչ-քանդակագործ: Այժմ ապրում է ԱՄՆ-ում: Մասնակցել է հանրապետական եւ միջազգային մի շարք ցուցահանդեսների եւ արտէքսպոների: 2003 թ.-ին մասնակցել է Ֆլորենցիայի բիենալեին եւ «Սան Պեդրոյի սեղանը» բրոնզե աշխատանքի համար արժանացել է «Մեդիչի» մրցանակին: «Արամե» պատկերասրահը այժմ ներկայացնում է Էմիլ Գազազի քանդակ, յուղանկար եւ գրաֆիկական 40 աշխատանքՙ ունենալով նաեւ դրանց վաճառքի իրավունքը:
Էմիլ Գազազի աշխատանքները մեկնաբանվում են իբրեւ անիրական, ֆանտաստիկ պատկերաշխարհ, մի նոր «Էմիլ-մոլորակ»ՙ իր օրենքներով, իր բարքերով, հերոսներով: Այս բնակիչները հնազանդ են, որովհետեւ մտացածին են. «Ըստ էության, բազմաթիվ արարածների մի գունեղ բեմադրության հեղինակ է Գազազը, որտեղ հանդես է գալիս որպես ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, գործող անձ»: Իր ստեղծած աշխարհի պայմանականության պես պայմանական են նաեւ հերոսների անուններըՙ «Պիոս», «Ցեզո», «Տոտոս»: Նկարներում տեսողական մեր աշխարհին ընտել անհարիր էսթետիկական թերեւս արտաքինի համեմատությունների ծիրում է: Կարծում եմ, այս հակաաշխարհը կամ հակաէսթետիկան ստեղծված է որոշակի միտումով, որով դրսեւորվում է մարդկային աղավաղված ներաշխարհըՙ աշխարհի ամենախոցելի ու չնկատվող կողմը: Խեղված կերպարային արտահայտությունները մարդու ներքին, մտային կայնքի ու հոգեւոր խմորումների անառողջ վիճակներիՙ թաքցված կեղծիքի, նենգության, դավադրության, անպարկեշտության քողազերծումներ են եւ քաղաքակրթության «ճարմանդները» որեւէ բան անել չեն կարող: Գեղագիտական այս կոնցեպցիան յուրահատուկ վերաբերմունք է աշխարհին ու մարդուն:
Աղավաղված, այլակերպված աշխարհի հերոսներին, սակայն, միավորում է մի տարօրինակ թախիծ, մի տխրություն, որ կարելի է հանդիպել նկարներից նայող բոլոր հայացքներից:
«Արվեստագետի տաղանդը նախ եւ առաջ իր ազնվության եւ ազատության մեջ է: Էմիլ Գազազը բացառիկ տաղանդով օժտված նկարիչ է, ամենակարեւորըՙ ազնիվ է ու ինքնատիպ: Այս նկարներն աշխարհի ներքին մերժվածության հետեւանք են: Կարծում եմՙ քանդակների մեջ առավել ամբողջական է դրսեւորվում իր տաղանդըՙ թե՛ տեխնիկայի, թե՛ պլաստիկայի, թե՛ վարպետության առումներով, եւ դասական քանդակագործության տրադիցիաների դրսեւորմամբ», գեղանկարիչ Գեւորգ Եղիազարյանը մի քանի խոսքով մեկնաբանեց Էմիլ Գազազի նկարների առեղծվածային մթնոլորտը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ