Նյու Յորքում գործող Հայ դպրության կրթական եւ մշակութային կենտրոնի տարիների գործունեությունն օտարության մեջ հայեցիության, հայ ինքնության պահպանման խնդիրներին է հետամուտ: Հայտնի են սփյուռքյան բազմազանՙ ազգային, մշակութային, հասարակական-քաղաքական կառույցների նմանաբնույթ գործունեություններ, սակայն Նյու Յորքի Արեւելյան Ամերիկայի հայոց առաջնորդարանի եւ առաջնորդ սրբազանիՙ Խաժակ արք. Բարսամյանի հովանու ներքո ձեւավորված այս կառույցն ինքնատիպ է ոչ միայն իր գործելաոճի բազմազանությամբ եւ նորույթների փնտրտուքներով, այլեւ, կառույցի ընդհանուր պատասխանատու Սիլվա Տեր-Ստեփանյանի անհատականության, յուրատիպ խառնվածքի շնորհիվ: Հաստատուն համոզմունքների տեր, նպատակասլաց մի անձնավորություն, որի մեջ նախաձեռնության ոգին եւ այն իրականացնելու ջիղը միմյանց չեն զիջում:
Ծնունդով Դամասկոսից, Լիբանանում ֆրանսիական եւ ամերիկյան համալսարաններում մանկավարժություն եւ սոցիոլոգիա ուսումնասիրած Սիլվա Տեր-Ստեփանյանը հետագայում տեղափոխվում է ԱՄՆ, շարունակում կատարելագործել իր մանկավարժական հմտությունները, Ժնեւում մասնակցում մանկավարժական դասընթացների: Աշխատանքը, որ այսօր տանում է Սիլվան Նյու Յորքի կենտրոնում եւ դրանից դուրսՙ ամերիկյան շատ ու շատ քաղաքներում, միայն մասնագիտական որակներով կամ հմտություններով չի պայմանավորված, այլեւ առավելաբարՙ ներքին, խորունկ այն սիրով, որ նա ունի առ հայերենը, ամեն հայկականն ու հայըՙ առ նրա ազնվական ծագումն ու ոգին: Սակայն ամենից էականը երեխաների հանդեպ ունեցած անհուն սերն է. «Կսիրեմ աշակերտը ձեւավորել, մարդը պատրաստել, կրթել, հղկել, դաստիարակել: Պզտիկներուն համար հոգիս ալ տամ, քիչ է. անկեղծ եմ: Մեծերուն համար բան մը չունիմ ըսելու...», «Ազգի» խմբագրատանն ունեցած մեր զրույցի ընթացքում ասում էր Սիլվանՙ ակամայից հիշեցնելով Անտուան դը Սենտ Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանին, երբ նա խոսում էր մեծահասակների մասին, եւ հուսահատորեն...
Օտար եզերքներում ազգային ինքնության պահպանման համար արվող ամեն ճիգ զոհողություն է, եւ սա նաեւ Սիլվա Տեր-Ստեփանյանի ղեկավարած կառույցի պարագայում, որտեղ, կարելի է ասել, եթե ոչ ծավալով, ապա բովանդակային առումով կրթության նախարարությանը հավասարազոր գործ է արվում: Սիլվային, մեկ բառով եթե բնութագրելու լինենքՙ կրթասիրության նվիրյալ պիտի համարել, էնտուզիաստ, նորարար, որի բազմաշավիղ գործունեության ընդգրկումը ոչ միայն լայն, նաեւ զարմանալիորեն խայտաբղետ է: Եվ չնայած իր ծրագրերի նկատմամբ շատ դեպքերում նախնական թերահավատություններին, յուրաքանչյուր գործ սկսել է խոր հավատով, կամքի ուժով եւ ամենակարեւորըՙ սիրով. «Եթե դրամ չծախսես, չաշխատիս, զոհողություն չընեսՙ չըլլար», «չկաՙ չկա՛» նշանաբաններով: Արտակարգ էներգիայով օժտված այս հայուհին յուրաքանչյուր գործի մեջ մի նորույթ, անակնկալ է հայտնաբերում, հավելում: Դրա վկայություններն են բազմազան դասագրքերը, կրթական ծրագրերը, մեթոդաբանական ձեռնարկները, շատ ինքնատիպ զանազան գիտաժողովները: Սիլվայի գործունեության խորհրդանիշը «Արա-Մարալ» զույգըՙ 2 երեխաների պատկերով, ամենուր էՙ իբրեւ օրացույց, էջանիշ, նամականիշ, բացիկ, այբուբենի տառ, անգամ ժամացույցի թվատախտակ: Եվ խելացիությունը հենց այստեղ է, այս նորածիլ բողբոջների առողջ բջիջների մեջ ներարկել սերը հայոց կյանքի նկատմամբ:
Սիլվայի ջանքերով եւ հեղինակությամբ լույս տեսնող մանկական գրքերն ամեն անգամ նոր ենՙ մեթոդներով, մատուցման ձեւերով:
«Կար-չկար», «Հրաշալիք», «Զարթիր» պարբերաթերթերը ուղղված են «1-ենՙ 100 տարեկաններուն», բոլորին, ովքեր հայերեն չգիտեն եւ ուզում են սովորել: Նպատակը մեկն էՙ օտար մշակույթի, օտար միջավայրի ամենակուլ ցանցի մեջ չկորչել եւ չկորցնել ազգային դիմագիծը, ավանդույթները, տոները, եկեղեցին եւ ամենակարեւորըՙ լեզուն: Նոր սերնդին հայկական արմատներից չկտրելու, հայ ոգի ներարկելու համար առաջնապայմանը նրանց հայկական դպրոցների մեջ ներգրավելն է, որի համար միջավայր պետք է լինի, մինչդեռ ծնողներն ավելի գերադասում են ամերիկյան, ֆրանսիական դպրոցները: Ազգայինի, հայկականության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար նախ եւ առաջ հարկավոր է ճանաչելի դարձնել սեփականը: Այս նպատակի համար կենտրոնի կազմակերպած մեկօրյա գիտաժողովները նպաստաբեր եւ արդյունավետ են. դրանց առավելությունն ունկնդիրների ընդհանուր զարգացման ուղղությամբ արվող քայլերն են նաեւ: Ամերիկյան շատ համալսարաններից հրավիրված պրոֆեսորներն արվեստաբանության, պատմության, մշակույթի, կրոնի, աշխարհագրության, խոսքի արվեստի, գեղագիտության, գրականության եւ այլ հարցերի մասին դասախոսություններ են կարդում, փորձում առավելագույնը 30 րոպեների ընթացքում ներկայացնել թեմանՙ խնդիր ունենալով նախ եւ առաջ հետաքրքրություն սերմանելու գաղափարը: «Նպատակ մը ունինք ցույց տալու մեր արժեքները, որովհետեւ սերունդ մը եղած է, որ տարագրության եւ հետեւանքներուն, մեր տառապանքներուն մասին միայն կխոսի եւ իր թոռներուն միայն այդ կպատմե: Ես միշտ կըսեմՙ մեր ժամացույցի սլաքը Ապրիլ 24-ի վրա կեցած է: Չեմ ըսեր, թե ատոնք կարեւոր չեն, բայց հպարտանալու պատճառներ ալ կան: Պետք է արթըննալ, առաջ երթալՙ հետաքրքրություն առաջացնելու համար»:
Գիտաժողովների մեջ առաջնայինը Սիլվան համարում է գտնելու, սովորելու, «նորություններուն հաճույքը»: Դրանք օգտակար են հատկապես խառն ամուսնությունների պարագայում: Շատ հաճախ ամուսինների հայ զուգընկերն ինքն իրազեկ չէ իր ազգային արմատներին, եւ սա լավագույն առիթ էՙ կարճ ժամանակում տեղեկանալու հայոց պատմությանը, մշակույթին, երաժշտությանը, ճարտարապետությանը, եկեղեցական ծեսերին ու տոներին: Իբրեւ ինքնաճանաչողության առաջին քայլ այս տեղեկություններն օգտակար են լինում շատ հայերիՙ օտար միջավայրում սեփական դիմագծով ներկայանալու համար, նաեւ հոգեբանորեն որոշակիանալու առումով կարեւոր գործոն պետք է նկատել: Այս այցելուները ստանում են վկայականՙ այսպես կոչված «Green Card., թե «այլեւս հայ ես» ենթատեքստով...
Նմանապես կարեւոր են ուսուցիչների կատարելագործման գիտաժողովները, ամառային 8-օրյա խտացյալ դասընթացները, որտեղ հրավիրյալ դասախոսները տեղեկացնում են մանկավարժական նոր մեթոդների, հոգեբանության մասին, ծանոթացնում դիտակտիկ նյութերին: Այս դասընթացներին մասնակից ունկնդիրները քննաշրջանից հետո ստանում են վկայական, որը առավելություններ կարող է տալ անձին իր աշխատավայրումՙ իբրեւ ընդհանուր զարգացման համար արված քայլ, ասենք, հավելավճարի հնարավորություն ստանալու պարագայում:
Կենտրոնն իր կրթասիրական ծրագիրը ներկայացրել է Նյու Ջերսիի կրթության վարչությանը եւ ստացել «հայերենը որպես օտար լեզու» կարգավիճակով վկայական, որը տրվում է այցելու-ունկնդիրներին:
Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի նախաձեռնած ծրագրերին ու ձեռնարկներին հատուկ են դինամիզմը, նորույթը, ձեւերի ու մեթոդների փոփոխությունը, մոտեցման նոր եղանակները: Օրինակ, ինչպես հեռավորության վրա ճանաչելի դարձնել Հայաստանը, նրա պատմությունը, աշխարհագրությունը, մշակույթը: Լսատեսողական միջոցներով մանուկների համար կազմակերպել ճամփորդություն դեպի Մատենադարան, Զվարթնոց, Էջմիածին, Սարդարապատ, Սեւան... հնարավորինս իրականին մոտ:
Հայկականությունը, հայոց պատմությունը, հայ եկեղեցին, մշակույթը դարձնել կյանքի, առօրյայի մաս, ապրելաձեւ. սա է կենտրոնի սկզբունքը, ինչն արվում է դասագրքերի, երգարանների, օրացույցների, արարողությունների, խաղերի միջոցով: Ինչպես օրինակՙ Դիսնեյ լենդում Քաջ Վարդանի ներկայությունը (պատմությունների, հորինվածքների մեջ): Կամ ազգադրոշմի արարողությունը, որտեղ կնքահորը եւ կնքամորը փոխարինում են ազգամայրն ու ազգահայրը, կամ ազգասանն ու ազգասանուհին, տասնաբանյանՙ ազգաբանյայի է փոխարինված եւ այլն: Մրցանակըՙ Հայաստանի ոսկյա քարտեզն ու խաչն են:
Այսպես են փորձում կրթել նոր սերնդին Սիլվան եւ իր համագաղափարակիցները, ուսուցիչներ պատրաստում հայեցի ոգով, սերունդ նախապատրաստում, ծնողներին վերափոխում, փորձում են ամերիկյան հողում հայոց շունչն ու ջերմությունը, լեզվի ջիղը պահել ամենայն ճիգով ու սիրո հավատարմությամբ:
Սիլվան աշխատում է իր կամքի ու նվիրումի շնորհիվ, նրան օգնում են մարդիկ, բարերարներ, ովքեր այցելելով ու ծանոթանալով, գնահատում են գործի նշանակությունը: Ձեռնարկներին առաջին իսկ օրվանից օժանդակել են Փիթըրս համալսարանի կրթական պատասխանատու պրոֆ. Ջեյմս Ջեկոբսընը եւ առաջնորդարանի դիվանապետ Նուբար Քյուփեչյանը:
Իր կրթասիրական գործունեությունը Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանը նույն էնտուզիազմով փորձելու է զուգահեռել նաեւ Հայաստանում: Մենք մեր հողում արդյոք ապահովագրվա՞ծ ենք հիշողության կորստից, որքանո՞վ ենք այսօր հասու մեր բուն արժեքներինՙ հոգեւոր-մշակութային, կամ որքանո՞վ ենք նախանձախնդիր մեր լեզվի արժանապատիվ գոյությանը, եւ առհասարակ հայկականության ոգին Հայաստանում որտե՞ղ փնտրել...
Սիլվայի առաջին գործուն քայլը Հայաստանում մանկական լավագույն ստեղծագործության համար սահմանված Թեքեյան մշակութային միության միջոցով մրցանակի հաստատումն էր: Շարունակությանը... սպասենք:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ