Դրանց մասին կարելի է իմանալ միայն դատարաններում
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Թեպետ մեր հասարակությունը դեռ չի հաղթահարել պետական պաշտոնյայի կամ ղեկավարի դիրքի չարաշահումից ու գործունեությունից բողոքելու հոգեբանական պատնեշը եւ առկա է «գործ տվող» կոչվելու ներքին վախն ու զգուշությունը, այդուհանդերձ, կոռուպցիոն հանցագործությունների թիվը Հայաստանում նկատելի աճել է: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցվել էր 198, այս տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 227 հանցագործություն: Հանրապետության նախագահի խորհրդական, հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի նախագահ Բագրատ Եսայանի գնահատմամբ, դա վկայում է ոչ թե կոռուպցիայի աճի, այլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մասին: «Ակնհայտորեն աճել է պաշտոնական կեղծիք հանցատեսակըՙ 11-ից դառնալով 35: Պաշտոնական կեղծիք, պաշտոնական դիրքի չարաշահում հանցատեսակներով գրանցվել է մոտ 60 հանցագործություն, որը զգալի թիվ է կես տարվա համար: Նաեւ ապօրինի ու կեղծ ձեռնարկատիրությունների նկատելի աճ է արձանագրվել, որը ստվերային տնտեսության դեմ պայքարելու կարեւոր ցուցանիշներից է:
Առաջին անգամ ամփոփել ենք դատարաններից ստացված տվյալներըՙ 103 քրեական գործով դատապարտվել է 106 անձ», հակակոռուպցիոն ուսումնասիրության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց հանրապետության նախագահի խորհրդական, հիշյալ հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը:
Նա ցավ հայտնեց, որ դեռեւս ցածր է պետական պաշտոնյաների գործունեությունից հասարակության բողոքի ակտիվությունը: Այս տարի բողոքների թիվն ավելի է նվազելՙ 292-ից դառնալով 288: «Շատ է խոսվում մաքսային ծառայության չարաշահումների մասին, սակայն նրանց գործունեության վերաբերյալ քաղաքացիներից ոչ մի դիմում-բողոք չի ստացվել», հավելեց նա:
Եթե փորձենք ընդունել, որ հիշյալ տվյալները խոսում են ոչ թե կոռուպցիայի աճի, այլ հանցագործությունների բացահայտման մասին, ապա առնվազն անիմաստ ու անհասկանալի է դառնում մոնիտորինգի հանձնաժողովին հանցագործությունների մասին նախնական տվյալներ հրապարակելու իրավասությունից զրկելը: «Ազգի» հարցին, թե պաշտոնյաների անունները թաքցնելը չի՞ նվազեցնում մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը, պրն Բագրատյանը պատասխանեց, որ կոռուպցիոն հանցագործություններ կատարած պաշտոնյաների տվյալներն ու նրանց արարքների մանրամասները հասարակությանն ու լրագրողներին հասանելի են միայն քրեական գործը դատարան հասնելուց հետո:
Հասարակության ամենամեծ պաշտպանվածությունը, նրա ասելով, հասարակական հնչեղությունն է. «Եթե հասարակությունը կոնկրետ քրեական գործի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, ու լրագրողները ուշադրության կենտրոնում են պահում այդ գործը, չեմ կարծում, թե որեւէ մեկին հաջողվի այնպիսի կեղծիք թույլ տալ, օրենք խախտել եւ այնպիսի վճիռ կայացնել, որ որեւէ մեկի համար գաղտնիք մնա այդ քրեական գործի ավարտը»: Սակայն պետք չէ բացառել, մանավանդ մեր դատական համակարգի պայմաններում, որ առանձին դեպքերում հնարավոր կլինի գործել ծածուկ ու գաղտնի, ինչը տարածված գործելակերպ է դարձել մեզանում: Բացի այդ, հանցագործության բացահայտումից անմիջապես հետո հասարակությանն իրազեկելը առողջարար կլիներ երկրի մթնոլորտի համար, իսկ պաշտոնյաներին զգոն կպահեր հասարակության պարսավանքին արժանանալուց:
Եսայանը կարծում է, որ հոգեբանական, բարոյական, պատմական հիմքերից բացի կոռուպցիան ունի նաեւ օրենսդրական ու վարչական հիմքեր, կառավարման ոլորտի համակարգային խնդիրներ: Ներկա պահին պետավտոտեսչության ոլորտում համակարգային փոփոխություններ մտցնելու քայլեր են նախատեսվում, ինչը նախկին խորհրդային շատ պետություններ արել են 15 տարի առաջ: