ՄՈՍԿՎԱ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքով հայտարարել է, որ երկրի իշխանությունները անարխիա թույլ չեն տա երկրում: «Իշխանության ծարավն այնքան մեծ է, որ հանուն նրա մարդիկ պատրաստ են գնալ անգամ ամենածանր հետեւանքների, որոնք կարող էին տեղի ունենալ Ադրբեջանում», ասել է նախագահը` մեկնաբանելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին ձերբակալությունները, որոնք մեղադրվում են պետհեղաշրջում կատարելու փորձի մեջ: «Պատկերացրեք, թե ինչ կկատարվեր Ադրբեջանում այն դեպքում, եթե նրանց ինչ-որ չափով հաջողվեր հասնել իրենց նպատակներին: Ադրբեջանում կհայտնվեր իրեն նախագահ տեսնող նվազագույնը վեց-յոթ մարդ», նկատել է Ի.Ալիեւը: