Հանրաքվեի քարոզչության հին, մաշված մոդելը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հանրաքվեի մոտենալու հետ առավել ակնհայտ է դառնում, որ միակողմանի «այո» քարոզող հեռուստաէկրաններին «այո»-ն հակաքարոզչության երանգներ է ձեռք բերում. եթե մի բան շատ են պնդում իշխանությունը խորհրդանշող մարդիկ, ուրեմն դա շատ վատ բան է, որ ուզում են մեր վզին փաթաթել, այդպես է մտածում միջին հեռուստադիտողը: Չեմ հիշում, թե ո՞ր կառույցն էր հարցախույզ անցկացրել ու «պարզել», որ հայ հեռուստադիտողը կամ հանրաքվեի ապագա քվեարկողը բանավեճ չի ուզում տեսնել: Այդպես պարզապես լինել չի կարող, քանի որ մերոնք սիրում են կողքից թամաշան: Եվ մեր հասարակությունն էլ, գլուխ չհանելով արդեն 500 հազար օրինակով տպագրված սահմանադրության նախագծի 62 բարդուբարդ էջից` ի՞նչն է այնտեղ փոխվել, ի՞նչն է հնից փոխառնվել, քանի գնում ձանձրանում է նույն բառերով նույն բանն ասող «այո» քարոզողներից եւ կուզենար ազնիվ ընդդիմախոսության դիրքերից ներկայացվող կողմուդեմ բացատրություններից կողմնորոշվել: Եթե, իհարկե, ուզում է կողմնորոշվել ընդհանրապես եւ վաղուց թաքնված չէ անտարբերության հաստ պատյանի տակ` շատ առարկայական եւ հասկանալի պատճառներով: Ամեն դեպքում բանավեճը մեր էկրաններին (ինչից այդքան վախենում են իշխանությունները), ավելի շատ կաշխատեր «այո»-ի օգտին, քան «ոչ»-ի` մարդիկ իրար կողք դնելու, համեմատելու բան կունենային:
Բայց իրազեկման կազմակերպման արդյունավետությունը թողնենք վերջին 10 տարիներին տարվող քաղաքականության, երկրի ղեկավարների փիառով զբաղվողների խղճին եւ դառնանք կոնկրետ մի բանավեճի, որ պետք է տեղի ունենար երեկ: «Հայելի» ակումբը հանրաքվեի եւ բարեփոխված սահմանադրության նախագծի շուրջը բանավիճելու էր հրավիրել ժամանակին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը գլխավորած ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին եւ «Ժողովրդավարություն» ՀԿ-ի ղեկավար, ԱԺԿ վարչության անդամ Վարդան Պողոսյանին: «Բանավեճ» բառը ձգեց եւ գնացինք. «Հանրաքվեն անիմաստ է` առանց մտքերի փոխանակության, առանց բանավեճերի», իր մուտքի խոսքում նկատեց Պարույր Հայրիկյանը: Սակայն բանավեճը, որպես այդպիսին, չստացվեց: Պարզապես երկու բանախոսներն էլ փոխընդմեջ ներկայացրին իրենց տեսակետները եւ փոխընդմեջ էլ պատասխանեցին լրագրողների հարցերին:
Բազմաթիվ թերություններ տեսնելով նախագծում` Պ. Հայրիկյանը կողմ է «այո» ասելուն, քանի որ այն լավն է գործող սահմանադրության համեմատ, հետո նաեւ նա պայքարելու է նոր ընդունվածն էլ բարեփոխելու համար: «Ոչ»-ի կողմնակիցները նրանք են, ովքեր ուզում են տեսնել թույլ Հայաստան, դրանք կան ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ, մինչդեռ այսօրվա իրական ընդդիմությունը ԻՄ-ն է, տեղեկացրեց Պ. Հայրիկյանը: «Այո» քարոզարշավից դժգոհ էր Պ. Հայրիկյանը` հանրաքվեի մասին ճիշտ պատկերացման բացակայությունը հենց վատ քարոզարշավով է պայմանավորված, գտնում էր նա եւ խնդրել էր հանրաքվեի քարոզչության համակարգող խորհրդին` գործադիրին հեռու պահել քարոզչությունից:
Վարդան Պողոսյանը կուսակցականի տեսակետ չէր ներկայացնում, այլ ՀԿ-ի ղեկավարի: Նա դեմ էր «այո» եւ «ոչ» քարոզելուն, քանի որ նախագիծը, լուրջ բարեփոխումների հետ, նաեւ բավականին թերի դրույթներ ունի, ինչի դեպքում սովորական մարդը ընտրությունը կատարելու է ոչ թե նախագծի ընդհանուր որակից, այլ միայն իր քաղաքական նախասիրություններից ելնելով: ժողովուրդը պետք է ինքնուրույն կողմնորոշվի, այս գործընթացում ավելի կարեւորն այն է, որ անցկացվի ազատ, արդար եւ թափանցիկ-անկեղծիք հանրաքվե: Եթե նորմալ հանրաքվե անցկացվի, եւ ժողովուրդը «ոչ» ասի այս սահմանադրությանը, սա վերջն է, փոփոխություններ այլեւս չեն լինի. կառավարող կուսակցությունների այս տեսակետտի հետ Վ. Պողոսյանը համամիտ չէ, ինչպես նաեւ այն, որ «այո»-ի դեպքում մոտակա ժամանակներում ընդհանրապես ինչ-որ սահմանադրական փոփոխություններ հնարավոր չի լինելու անցկացնել:
Եթե ժողովուրդը չգնա հանրաքվեի, դա ոչ միայն իշխանությունների պարտությունն է, այլեւ ընդդիմության, որը կարող է դասեր քաղել սխալ մարտավարությունից այս հանրաքվեից հետո. «Ի վերջո, ես համոզված եմ, որ որեւէ հեղափոխություն չի լինելու հանրաքվեից հետո, ինչպես «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունն» են պնդում: Այսինքն` դա կլինի նաեւ ընդդիմության պարտությունը: Եթե հանրաքվեն չանցավ, եւ նրանց չհաջողվեց էլ հեղափոխություն իրականացնել` ուզած-չուզած նրանք պետք է փոխեն իրենց մարտավարությունը: Բայց մյուս կողմից` պարտավորությունները, որ ՀՀ-ն ստանձնել է, չեն դադարում: Եվ սահմանադրական փոփոխությունների հեռանկարը, իմ կարծիքով, «ոչ»-ի դեպքում շատ ավելի իրատեսական կլինի: Եթե նայել եք Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրափակիչ եզրակացությունը` նրանք նույնիսկ հրաժարվել են երրորդ ընթերցմամբ հանրաքվեի դրվող նախագծի վերաբերյալ տեսակետ արտահայտել` նրանց եզրակացությունը վերաբերում է երկրորդ ընթերցմանը, քանի որ երրորդ ընթերցման ժամանակ արվել են փոփոխություններ, որոնք թույլատրելի չէին, հիմա իրենք էլ են շատ ծանր կացության մեջ ընկել` մի քիչ ժամանակից շուտ այդ փաստաթուղթը դրական գնահատելով», նկատեց երիտասարդ բանախոսը:
Այդպիսով` Պ. Հայրիկյանը «այո» է քարոզելու, Վ. Պողոսյանը բացատրելու է նախագծի լավն ու վատը` ընտրությունը թողնելով հասարակությանը:
Մի օր, ավելի վաղ կայացած «այո» քարոզարշավի հանդիպումներից մեկին ներկա (տնտեսագիտական համալսարանում) ուսանողների ձանձրացած դեմքերը տեսնելով, հեռուստացույցով «այո»-ի քարոզիչներին, մամուլով «ոչ»-ի քարոզչությանը հետեւելով, վերջնականապես հասկանալի է դառնում, որ քարոզչության ձեւաչափն անարդյունավետ է, «քարոզչություն» բառն իսկ ալերգիա է առաջ բերում: Բանավեճի սոցիալական պատվերն օդում առկա է. հեռուստատեսությունները պետք է գնան դրան, այլապես անարդյունավետ քարոզչության հետեւանքներից` իզուր գործադրված մարդկային ջանքեր, սահմանադրության բարեփոխման մշուշոտ ապագա, դեռ երկար հարկ կլինի անհարմարություն կրել, նյութական կորուստները չհաշված: