«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2005-11-03 | #200, 2005-11-04 | #201, 2005-11-05


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԽԱՊԵՍ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԵՆ

Դրա վառ ապացույցն Իլհամ Ալիեւի հակաժողովրդավարական գործողությունների նկատմամբ միջազգային ուժերի հանդուրժողականությունն է

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Վաղը Ադրբեջանում Միլի մեջլիսի համընդհանուր ընտրություններն են: Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան սրվում է իշխանություն-ընդդիմություն պայքարի լարվածությունը, իսկ դա անխուսափելիորեն հանգեցնում է ներքաղաքական մթնոլորտի շիկացմանը երկրում: Ստեղծված իրավիճակում կողմերն ի լուր աշխարհի փոխադարձաբար միմյանց են մեղադրում, որ արժանանան ԱՄՆ-ի եւ Եվրոմիության աջակցությանը:

Թեեւ աջակցության ակնկալիքներն ինչպես նախընտրական քարոզարշավին, այնպես էլ ընտրություններին ուղղակի կամ անուղղակի միջամտելու հնարավորություն են տալիս միջազգային ուժերին, սակայն վերջիններս այդ հնարավորությունից օգտվելու փոխարեն նախընտրում են լռությամբ հետեւել Ադրբեջանում իրադարձությունների զարգացմանը: Ավելինՙ նրանք ողջամտորեն շրջանցում են նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի ձեռնարկած հակաժողովրդավարական բոլոր գործողությունները: Քանի որ դրանց հետեւանքով ընդդիմությունը նախապես կաթվածահար էր արվում, ուստի միանգամայն ակնհայտ է դառնում առաջիկա ընտրությունների արդյունքների նախապես կանխորոշվածությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում Իլհամ Ալիեւի կարգադրությամբ ձերբակալվել էին ընդդիմադիր գործիչներ: Նրանց հետ համագործակցելու պատրաստակամության համար պաշտոնազրկվել եւ կալանքի էին ենթարկվել մի շարք նախարարներ, եւ բիրտ ուժի գործադրմամբ ցրվել էին ընդդիմության ցույցերը: Այլ կերպՙ երկրում բացահայտորեն խոչընդոտվել է ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական քարոզարշավը:

Ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալումն ու նրանց հետ համագործակցության մեջ մեղադրվող կառավարության անդամների կալանքը պայմանավորվեց Ադրբեջանում պետական հեղաշրջում կատարելու փորձերով, իսկ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի գործադրումըՙ երկրում անարխիա թույլ չտալու իշխանությունների վճռականությամբ: Նոյեմբերի 3-ին այս ամենի մասին հայտարարեց Իլհամ Ալիեւը:

Ինչպես երեւում է, Իլհամի առաջադրանքը չի սահմանափակվում սոսկ անարխիայի կամ հեղաշրջման կանխումով: Այլապես նա չէր արգելի օտարերկրյա լրատվամիջոցներին, որ նրանք ընտրությունների օրն ու դրա նախօրյակին ուղիղ եթերով հաղորդում վարեն ընտրատարածքներից: Ավելինՙ Ադրբեջանում ոչ միայն արգելվել են օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդումները, այլեւ Բաքվի օդանավակայանում առգրավվել են նրանց սարքավորումներն ու պաշտոնապես հայտարարվել հաղորդումների վրա դրված վերոհիշյալ արգելքի մասին:

Նոյեմբերի 3-ին ուղիղ եթերով հաղորդումների արգելմանն ու օդանավակայանում հեռարձակման սարքերի առգրավմանն անդրադարձավ թուրքական հանրային հեռուստատեսությունը: Հատկանշական է, որ Իլհամ Ալիեւի ռուսական հեռուստատեսությամբ ելույթն ու թուրքական հեռուստատեսության անդրադարձը կատարվեցին նույն օրը: Այսինքնՙ ելույթի պահին Ադրբեջանում արդեն ուժի մեջ էր օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդումների վրա դրված արգելքը, սակայն Ալիեւն այդ փաստը շրջանցել էր:

Սա կարեւոր հանգամանք է այն առումով, որ Ալիեւի այս շրջանցումը համադրվում է ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում նրա ընդդիմության դեմ ձեռնարկած հակաժողովրդավարական գործողությունների շրջանցման հետ: Այս պայմաններում խորհրդարանական ընտրությունների արդյունքի նախապես կանխորոշումը փոխհամաձայնության երանգ է ստանում: Շնորհիվ դրա Իլհամը, ինչ խոսք, կհասնի նպատակին, սակայն ընտրություններից հետո էլ կաթվածահար վիճակում կհայտնվի ինքը: Այսպիսով, նա միանգամայն կզրկվի ինչպես Ռուսաստանին մերձենալու եւ ԵՄ-ին տարածաշրջան հրավիրելու եւ այդ միջոցով ԱՄՆ-ի ազդեցությունն Ադրբեջանում հավասարակշռելու, այնպես էլ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ խուսանավելու հնարավորությունից:

Այդ ընթացքում միջազգային շահագրգիռ ուժերի առջեւ կբացվի Ադրբեջանում գունավոր հեղափոխության հավանականությունը շրջանառության մեջ թողնելու լայն հեռանկար: Միլի մեջլիսի առաջիկա ընտրություններում ենթադրվող խոշոր խախտումները կդառնան այդ հեռանկարի գրավականը: Այլ կերպՙ միջազգային ուժերը, նախապես կանխորոշելով Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքը, իրականում կանխորոշում են Իլհամ Ալիեւի վարած արտաքին քաղաքականության ուղղությունը, որպեսզի ի վիճակի լինեն հեշտությամբ ուղղորդել նրան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4