Խորհրդային Միության մայրամուտը վերջակետ դրեց նրա գլոբալ աշխարհաքաղաքական կարգավիճակին: Այլեւս չլինելով աշխարհի երկու մեծ գերտերություններից մեկը, ԽՍՀՄ-ը փաստորեն կորցրեց Եվրասիան, ազդեցության ոլորտներն Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավարեւելյան Ասիայում, համաշխարհային ակվատորիայի եւ տիեզերքի մեծ մասը, երկրագնդի տարբեր ծագերում ռազմաքաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն եւ գաղափարախոսական` ավանդականորեն իրեն պատկանող դաշտը: Այսպիսով, տանուլ տալով կապիտալիզմի հետ տարվող պատմական բանավեճը, Ռուսաստանը ոչ միայն զրկվեց ցարիզմի երեքհարյուրամյա նվաճումներից, այլեւ էքսպանսիոնիստական նկրտումների հնարավորությունից:
Գերտերություններից մեկի փլուզումը եւ համաշխարհային քաղաքական թատերաբեմից նրա հեռանալը առաջատարի դերակատարումն ամբողջովին թողեցին ԱՄՆ-ին, որը ե՛ւ խոսքով, ե՛ւ գործով իրականացնում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական գլոբալ ծրագիրը: Դա ազդարարում է, որ առաջիկա 20-30 տարիներին պետությունների եւ ժողովուրդների ներկան ու ապագան ընթանալու է Վաշինգտոնի սցենարով:
Գորբաչովը եւ Ելցինը հաշտվելով կատարվածի հետ, վարում էին Ամերիկային եւ Եվրոպային մերձենալու քաղաքականություն, փորձելով ինտեգրվել եվրատլանտյան արժեքներին: Դրությունը, սակայն, փոխվում է Պուտինի օրոք: Պիտերյան լիդերը մի կողմից կառավարման ավտորիտար մեթոդներով ջանում է վերականգնել Ռուսաստանի թուլացած պետականությունը եւ գերտերության կորցրած դիրքերը, մյուս կողմից` որպես պրագմատիկ լիդեր աշխատում է ամրապնդել փոխշահավետ կապերն Արեւմուտքի հետ: Պատկերն այլ է, երբ խոսքը վերաբերում է մյուս բեւեռում գտնվող հասարակական շերտերին` զինվորականությանը, ուժայիններին, ազգայնական ծայրահեղականներին, որոնք երկրի հետագա զարգացումը տեսնում են ռեւանշիզմի եւ առճակատման ուղիներում:
Հարկ է նշել, որ Սպիտակ տան քաղաքականությունը նպաստում է ռուսական կայսերապաշտական ձգտումների ուժեղացմանը: Այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպի եւ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի օրերս արած հայտարարությունը, որ սկզբունքորեն որոշված է Ուկրաինայի` մինչեւ 2008 թ. Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու հարցը, դետոնատորի դեր խաղաց ռուս շովինիստների համար, ուժեղացնելով երկրում հակաատլանտյան տրամադրությունները:
Գործող վարչակարգը չի կարող հաշվի չնստել պահպանողական ազգայնականների հետ, մասնավորապես նկատի ունենալով գալիք նախագահական ընտրությունները: Այդուհանդերձ, եթե հակաարեւմտյան, ռեւանշիստական ձգտումներն անընդունելի են երկրի ղեկավարության համար, ապա գերտերության վերականգնման եւ երկբեւեռ համակարգի ստեղծման գաղափարը պետական քաղաքականության մաս է կազմում, եւ այստեղ է, որ գրեթե բոլոր սոցիալական խմբերի ցանկությունները համընկնում են:
Ռուսաստանը փորձում է իր կորցրած դիրքերն առաջին հերթին վերադարձնել Եվրասիայում: Այդ նպատակին է ծառայում Մոսկվայի նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ չորս տարի առաջ ստեղծված Շանհայի համագործակցություն կազմակերպությունը (ՇՀԿ), որի անդամներն ենՙ բացի Ռուսաստանից, Չինաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը, իսկ դիտորդի կարգավիճակով` Հնդկաստանը, Պակիստանը եւ Իրանը: Սկզբնական շրջանում, ուղղված լինելով Միջին Ասիայի հանրապետությունների զարգացման նպատակին, ՇՀԿ-ն Կրեմլի ջանքերով աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական կազմակերպության` որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ: Դրա խթանմանն է կոչված ռուս-չինական ռազմական համագործակցության աշխուժացումը, որի վկայությունն են օգոստոսին կայացած լայնամասշտաբ զորախաղերը: Նման միջոցառում սպասվում է Հնդկաստանի հետ:
Սակայն Ռուսաստանի հակաամերիկյան ծայրահեղականների կարծիքով, երկրի աշխարհաքաղաքական վերածննդին մեծապես կարող էր նպաստել Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան-Իրան ռազմաքաղաքական բլոկը` ՇՀԿ-ի շրջանակներում կամ դրանցից դուրս: Նման կազմակերպության ջատագովներին չի շփոթեցնում այն հանգամանքը, որ այօրվա Իրանի հետ, մասնավորապես նրա լիդերի` Իսրայելը երկրագնդի երեսից ջնջելու մասին սկանդալային հայտարարությունից հետո, միեւնույն կառույցում գտնվելը նշանակում է հայտնվել քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում: Ըստ նրանց, հիմնվելով քրիստոնեության, հնդուիզմի, բուդդիզմի եւ իսլամի արժեքների վրա, նման քառյակը կհանդիսանար եվրոամերիկյան նեոլիբերալ գլոբալիզմի ծանրակշիռ այլընտրանք: Սակայն այդպիսի կազմակերպություն դժբախտաբար թե բարեբախտաբար դեռեւս գոյություն չունի:
Գալով ՇՀԿ-ի ռազմականացման Մոսկվայի ձգտումներին, ապա դրանք դեռեւս հեռու են իրականություն դառնալուց: Այսպես, հոկտեմբերի 26-ին Մոսկվայում կայացած ՇՀԿ-ի երկրների վարչապետների հանդիպման ժամանակ կազմակերպության քարտուղար Չժան Դեգուան արեց կտրուկ հայտարարություն. «Շանհայի կազմակերպություն համագործակցությունը երբեք չի դառնա ռազմական բլոկ»: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի աննախընթաց հզորացման պայմաններում Պեկինը վերջնականապես եկել է այն եզրահանգման, որ աշխարհը սառը պատերազմից հետո այլեւս երկբեւեռ կամ բազմաբեւեռ չի դառնալու, եւ այնտեղ տասնյակ տարիներ կգերակայի ԱՄՆ-ը, իսկ տարածաշրջանում չինական բեւեռ կգոյանա ոչ մոտ ապագայում: Ըստ երեւույթին, գերտերություն դառնալու համար Պեկինը ընտրել է երկարատեւ սպասման տարբերակը: Խուսափելով ամերիկա-հնդկական հարաբերությունների կլիմայի վատթարացումից, շտապողականություն չի ցուցաբերում նաեւ Հնդկաստանը: Բեւեռային քաղաքականությունից խուսանավում է Աստանան: Ղազախստանի արտգործնախարարը ՇՀԿ-ի անդամ-երկրների վարչապետներին ազդարարեց, որ իր երկիրը Ռուսաստանի հետ կամրապնդի ռազմավարական համագործակցությունը, բայց միութենական պետություն չի դառնա:
Այսպիսով ռուսական դիվանագիտության վեկտորն ասիական տարածաշրջանում շոշափելի արդյունքներ չի գրանցում: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Կրեմլը կհրաժարվի իր հավակնոտ աշխարհաքաղաքական պլաններից: Հազիվ թե: Կրեմլի ակտիվ քաղաքականությունը վկայում է, որ ռուսական ազդեցության ուժեղացման նպատակով նա զուգահեռաբար լուծումներ է փնտրելու այլ տարածաշրջաններում: Բաշար Ասադի վերջին այցելությունը Մոսկվա եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային հարվածի տակից հանելու ռուսական դիրքորոշումը չի բացառում, որ երկու երկրները վերականգնեն խորհրդային ժամանակների ռազմական համագործակցության մակարդակը:
Արդ, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում է այն մասին, որ Վաշինգտոն-Մոսկվա աշխարհաքաղաքական մրցակցությունը նոր թափ է հավաքելու նաեւ Հարավային Կովկասում: Այս համատեքստում ուշագրավ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի արտահայտած միտքը, որ եթե Հայաստանը ավելորդ համարի ռուսական ռազմական ներկայությունն այստեղ, ապա կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը: Պակաս պերճախոս չէ ներկայացուցչի այն շեշտադրումը, թե ՆԱՏՕ-ն հայ-թուրքական հարաբերություններում չի կարող հանդիսանալ Հայաստանի անվտանգության երաշխավորը, քանի որ վերջինս այդ բլոկի անդամ չէ:
Մի խոսքով, Հայաստանի համար տարվող ռուս-ամերիկյան պայքարը դեռ առջեւում է եւ սրվելու է: Իսկ կկարողանա՞ արդյոք հայկական դիվանագիտության կոմպլեմենտարիզմը երկիրը «քիչ արյունով» հանել այդ պայքարից, արդեն ցույց կտա ապագան:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Արտակարգ եւ լիազոր դեսպան