Երեւանի կրթության ոլորտի վիճակը երեկ ներկայացրեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը: Նրա երկար եւ ներկաներին ձանձրացրած խոսքից պարզ դարձավ, որ այս տարի ուսուցիչները աշխատավարձերի պարտքեր չունեն, որ բոլոր դպրոցները վերանորոգվել են եւ պատրաստ են ձմռանը: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացված է 2 մլրդ դրամ, ինչի շնորհիվ կավարտվեն տասնամյակներ լուծում չստացած խնդիրները: Այդուհանդերձ, վարչության պետը հայտնեց, որ դպրոցների անհատական կաթսայատների կառուցման ծրագիրը կավարտվի երկու-երեք տարի հետո: Նա տեղեկացրեց նաեւ, որ 100 մլն դրամով մայրաքաղաքի բոլոր դպրոցները ձեռք են բերել մարզագույք:
Օնիկ Վաթյանն առավել հանգամանորեն անդրադարձավ ուսումնական արձակուրդների անցկացման նոր կարգին: Համաձայն դրա, դեկտեմբերի 26-ից մինչեւ փետրվարի 12-ը կտեւի ձմեռային արձակուրդը: Աշնանային եւ գարնանային արձակուրդներ չեն լինի, բացառությամբ առաջին դասարանցիների, իսկ ամառային արձակուրդը կսկսվի հունիսի 10-իցՙ տեւելով 2 ամիս 20 օր:
Ա. Մ.