«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2005-11-04 | #201, 2005-11-05 | #202, 2005-11-08


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԺԱՌԱՆԳԱՎՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԵՍՈՒՉԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ

«Ձեզի կվառեմ, ձեր կյանքը դժոխքի կվերածեմ: Եթե բան մը մտքիս դնեմՙ կընեմ, նույնիսկ եթե ամբողջ միաբանությունը հակառակ ըլլայ. եւ գիտցեք, որ ես ոչ պատրիարքեն, ոչ ալ լուսարարապետեն կվախնամ», Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր Պարետն այս խոսքերը բազմիցս ասել է Ընծայարանի հայաստանցի ուսանողներին: Նրա հակամանկավարժական վարքից դժգոհող 36 ուսանողներ հոկտեմբերի 29-ին նամակ են հղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, պատմելով վերջին ամիսներին վարժարանում տեղի ունեցած խելացնոր դեպքերի մասին: «Իր տեսչության ընթացքում հայր Պարետը քանիցս հայտարարել է, որ իր սենյակից գողություն է կատարվել, դրանք վերագրելով միայն հայաստանցի ուսանողներիս: Վերջերս նրա դռան հրդեհի դեպքին կարող էր զոհ գնալ ամբողջ վարժարանը: Բանը հասել էր այնտեղ, որ առանց պատրիարքին տեղեկացնելու, տեսուչը 3 ուսանողների, ներառյալ 1 սարկավագի, հանձնել էր ոստիկանությանը: Քննիչի կիրառած հոգեբանական ճնշումներից հետո անգամ նրանք անմեղ են ճանաչվել, սակայն տեսչությունը ցայսօր նրանց համարում է պոտենցիալ հանցագործներ ու սպառնում վտարել վարժարանից», գրված է նամակում: Այս ամենից մինչեւ կոկորդը լցված ուսանողները հանդիպել են Երուսաղեմի պատրիարքին եւ առաջին անգամ նրան պատմել հայր Պարետի բռնությունների եւ սպառնալիքների մասին: «Շատերին, հատկապես կրտսեր ուսանողներին, տեսուչը պարբերաբար դաժանորեն ծեծել է, հարվածելով բռունցքներով եւ ոտքերով: Հետեւանքներից մեկը Սարգիս Մանուկյանի ինքնասպանության փորձն էր. տեսուչից ազատվելու համար նա ընդունել էր մեծ քանակությամբ դեղահաբեր:

Նրա արարքը բժիշկները համարել էին մահու չափ վտանգավոր, իսկ հայր Պարետը որակել էր որպես խաղ: Նմանատիպ հանգամանքներում է տեղի ունեցել նախկին սարկավագ Արթուրի մտավոր խանգարումը»:

Ուսանողները վկայում են, որ ներկա պահին վարժարանում բացակայում է հոգեւոր մթնոլորտը: Խրախուսվում են զրպարտությունը, լրտեսությունը, խարդավանքները: Լրտեսության համար խոստանում են բարձրագույն կրթությամբ ապահովել, որից հետո ուղարկել Օքսֆորդի կամ Քեմբրիջի համալսարան: Մի քանիսին նույնիսկ խոստացել են 4 տարի հետո քահանա ձեռնադրել: Թեպետ վարժարանում մշտապես շեշտվում է մաքուր բարոյականության կարեւորությունը, սակայն հայր Պարետը «մասնավոր լողափ» է բացել ճաշարանի ցածրաշեն տանիքում, ուր ամռանը մերկ պառկում է ի տես աշակերտների եւ ուսուցիչների, որից հետո ճաշարան է իջնում մերկ մարմնի վրա կապա հագած: Նա արգելել է անկողնում պառկել նույնիսկ բժշկից թույլտվություն ունեցող հիվանդ ուսանողներին, իսկ վիրահատվելու կարիք ունեցողներին հեռացրել է վարժարանից: Սակայն նմանատիպ շատ պատմությունների մասին ուսանողներն անկարող են եղել հայտնել Կաթողիկոսին, Երուսաղեմի պատրիարքին եւ Լուսարարապետին, քանի որ նրանց գլխին կախված է եղել վտարվելու վտանգը: «Միայն հրդեհի դեպքից հետո առիթ ունեցանք խոսելու պատրիարքի հետ, սակայն նրանից լսեցինք արդարացումներ եւ հայր Պարետին պաշտպանող խոսքեր: Նա նույնիսկ մեր խոսքերն ու տեսուչին փոխելու խնդրանքը համարել է անհեթեթություն ու հիվանդ հոգիների զառանցանք»: Դրանից հետո ուսանողները փորձել են իրենց հորդորները հայտնել Պարետ վարդապետին, սակայն վերջինս խուսափել է զրույցիցՙ դիմելով պահակի պաշտպանությանը: Վերջինս էլ իր հերթին երկաթե խողովակի հարվածներով անխղճաբար սկսել է հարվածել պատահած մեկինՙ խոր վնասվածք հասցնելով նրա գլխին, նույն ձեւով վնասել է մի քանիսին: Իրենց պաշտպանելու համար ուսանողները զինվել են փայտերով, իսկ հայր Պարետը կռվին մասնակցել է իր փայտե գավազանով եւ ստացել թեթեւ վնասվածք: Նա զինվորական ջոկատ եւ ոստիկանություն է կանչելՙ իբրեւ արդարացում հայտարարելով, որ հայաստանցիները հակաիսրայելական տրամադրություններ ունեն: «Սկզբում հայր Պարետը 7 ուսանողի հանձնել էր ոստիկանությանը, իսկ ներկա պահին սպառնում է 12 հոգու վտարել: Միաժամանակ պնդում է, որ ինքը միշտ հայրաբար է վերաբերվել մեզ: Նրա թշնամական կեցվածքը ամենայն հավանականությամբ շուտով կտա իր չար պտուղները, քանի որ տեղացի հայերից լսում ենք, թե նա մեզանից վրեժխնդիր լինելու համար որոշել կամ արդեն կաշառել է արաբ երիտասարդների: Այս տեղեկությունը ճշտված չէ, սակայն ներշնչած վախը բավարար է մեզ ու մեր ծնողներին անհանգստություն պատճառելու համար»:

Ուսանողները նշում են, որ իրենց քայլերը կատարվել են «միմիայն հայր Պարետի անցյալի եւ ներկայի անբարո նկարագրի, դեսպոտիկ եւ հակամանկավարժական» վերաբերմունքի պատճառով եւ նրան մեկ ուրիշով փոխարինելու նկատառումով եւ խնդրում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրական ու գործնական հովանավորությունը հարցի լուծման համար:

Մեր կողմից ավելացնենք, որ հայաստանցի շատ ուսանողների հայր Պարետն անձամբ է ընտրել, այդ նպատակով Հայաստան կատարած ամենամյա այցերի ընթացքում:

Դեռեւս չշտված տեղեկությունների համաձայն, Երուսաղեմի պատրիարքը հայր Պարետին զրկել է վարժարանի տեսուչի պաշտոնից:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4