ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկու ինստիտուտների, «Հայատոմէներգանախագիծ» ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի մասնագետները հունիսից Շիրակի մարզի տարածքում ընդերքի ուսումնասիրություններ են իրականացրել նավթի առկայության համար բարենպաստ երկրաբանական կառուցվածքների հայտնաբերման նպատակով: Ինչպես «Ազգի» թղթակցին հայտնեց գիտարշավի մասնակից հաստատություններից մեկիՙ ԳԱԱ Գյումրիում գործող երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Սեւադա Հովհաննիսյանը, երկրաբանական-երկրաֆիզիկական աշխատանքների այս տարվա դաշտային փուլն ավարտված է, սակայն ձեռք բերված տվյալները դեռ պետք է ամփոփվեն ու մեկնաբանվեն: Ուստի եւ հետազոտության արդյունքների մասին որեւէ բան ասելն առայժմ վաղ է:
Շիրակում նավթի որոնման աշխատանքներ կատարվել են դեռ 1958-60-ական թվականներին, երբ մասնավորապես Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ նկատվել էին դրա հնարավոր առկայության արտաքին նշաններ: Ներկա ուսումնասիրության համար որոշակի իմաստով հիմք են ծառայել այն ժամանակ ինչ-ինչ պատճառներով ավարտի չհասցված որոնողական, այդ թվում հորատման աշխատանքները, որոնց արդյունքները եւս նորովի վերլուծվելու ու ճշգրտվելու են այժմ:
Նախատեսվում է պետության կողմից ֆինանսավորվող երկրաբանական-երկրաֆիզիկական աշխատանքները եկող տարի շարունակել: Դրական արդյունքներ ստացվելու դեպքում թերեւս կարելի կլինի մտածել հորատման միջոցով բուն նավթի որոնում սկսելու մասին: Մանավանդ որ, ըստ տեղեկությունների, վերջին երկու տարիներին այդպիսի աշխատանքներ կատարվում են սահմանից այն կողմ գտնվող հարակից տարածքում: Պրն Հովհաննիսյանի տեղեկացմամբՙ մեր հանրապետության տարածքում այժմ նույն նպատակով կանադական մի ֆիրմա հորատման աշխատանքներ է իրականացնում Տավուշի մարզում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի