«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2005-11-04 | #201, 2005-11-05 | #202, 2005-11-08


ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ Է, ԹԵ՞ ՈՉ

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մոտեցումն այս հարցի վերաբերյալ

Հայաստանի տնտեսության ամենացավոտՙ մենաշնորհների խնդրին էր նվիրված երեկ Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած «Մենաշնորհները Հայաստանի Հանրապետությունում. հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին համապատասխան հանձնաժողովի ղեկավարները, տնտեսագետներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Համաժողովը բացեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Մենաշնորհների մասին խոսելով նա նշեց, որ երկու խնդիր կա այստեղՙ ապահովել ազատ մրցակցություն եւ արտադրված բարիքների արդար բաշխում: Առանց պետական կարգավորման սակայն հնարավոր չէ հասնել այս խնդիրների լուծմանը: Եթե դա չլինի, ապա, ըստ Արմեն Ռուստամյանի, անբարեխիղճ մրցակցությունն ու մենաշնորհները կհանգեցնեն տնտեսության ստվերային մասի ավելացման: «Ստվերային մենաշնորհի կանխումը մեր խնդիրը պետք է լինի», ընդգծեց Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը, միաժամանակ ավելացնելով, որ պետք է ունենանք լեգալ մենաշնորհներ, որոնք պետք է հստակ կարգավորվեն օրենքով եւ հաշվի առնեն հասարակության շահերը:

Արմեն Ռուստամյանի ելույթին հաջորդեցին հիմնական զեկուցողներիՙ տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամ, տնտեսագիտության դոկտոր Միքայել Միքայելյանի եւ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի ելույթները:

Ըստ Միքայել Միքայելյանի, պետությունների դիրքորոշումը մենաշնորհների հանդեպ միանշանակ չէ: Եթե ամերիկյան օրենսդրությունը դա դիտարկում է որպես չարիք, ապա եվրոպականըՙ ավելի չեզոք: Զեկուցողը նույնպես այն կարծիքը հայտնեց, որ մենաշնորհը չպետք է միանշանակ ընդունել եւ կարեւորն այստեղ մենաշնորհն «ի նպաստ ազգային շահերի ծառայեցնելն է»: Պետության խնդիրը պետք է լինի խիստ սահմանափակել այդ մենաշնորհների գործունեությունը երկրում, իսկ արտահանող ընկերություններին ինչ-որ տեղ խրախուսել, քանի որ նրանք ավելի մեծ ռեսուրսներ ունեն արտաքին շուկայում մրցակցելու համար: Փոխարենը պետք է ավելի խիստ լինել ներմուծողների նկատմամբ, եւ ընդհանրապես չպետք է թույլ տալ ապօրինի մենաշնորհների ստեղծում:

Գարեջրի արտադրության եւ իրացման շուկայում երկու ընկերությունների գերիշխող դիրքի առնչությամբ տրված հարցին զեկուցողը պատասխանեց, որ եթե վերոնշյալ երկու ձեռնարկությունները մրցակցում են, ապա պետությունն այստեղ անելիք չունի, սակայն պետությունը պետք է թույլ չտա, որ լինի հակամրցակցային համաձայնություն:

«Ի՞նչ պետք է անի պետությունը, եթե մենաշնորհն արդեն ստեղծվել է (օրինակՙ շաքարավազի ներկրման բնագավառում), ինչպե՞ս պետք է որոշիՙ դա օրինական է ստեղծվել, թե՞ ապօրինի» մեր հարցին Միքայել Միքայելյանը պատասխանեց, որ տվյալ ոլորտում ապօրինի մենաշնորհի մասին տեղեկություններ իրեն հայտնի չեն: Եթե պարզվի, որ որեւէ ոլորտում մենաշնորհը ստեղծվել է ապօրինի, ապա դա ենթակա է լուծարման:

Երկրորդ զեկուցողը նշեց, որ գոյություն ունեցող երեքՙ ամերիկյան, եվրոպական եւ դրանից առանձնացված գերմանական մոդելները բացասաբար են վերաբերվում մենաշնորհներին: Տարբերությունն, ըստ Վարդան Բոստանջյանի, մոտեցման խստության մեջ է:

Ինչ վերաբերում է այս ոլորտը կարգավորող Հայաստանի օրենքին, որի հեղինակներից մեկն էլ եղել է հենց ինքըՙ զեկուցողը, վերջինս նշեց, որ խիստ վերանայման կարիք ունի: Օրենքն ընդունվել է 2000 թ.-ին եւ այս ժամանակահատվածում չէր կարող հասնել լուրջ հաջողությունների: Այնուհետեւ Վարդան Բոստանջյանը թվարկեց այս ոլորտում առկա խնդիրները: Դրանք են փոքրաթիվ խմբերի միջեւ ապրանքային շուկաների բաժանումը, կլանային տնտեսության տարրերի առկայությունը, կոռուպցիոն ռիսկերը, չհիմնավորված գները, ձեռնարկությունների ոչ թափանցիկ գործունեությունը եւ այլն: Անդրադառնալով հակամրցակցային համաձայնությունների խնդրին, Վարդան Բոստանջյանը նաեւ նշեց, որ հանձնաժողովն այդպիսի համաձայնության դեպքերը հայտնաբերելու համար պետք է ունենա հետաքննչական գործառնություններ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4