«Հունգարիայում մինչեւ մի պատգամավորի չնստեցրին` կոռուպցիայի դեմ պայքարը չսկսվեց», թափանցիկ ակնարկ արեց երեկ լրագրողներին հանդիպած «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը: Կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը ՀԿ ղեկավարը պայմանավորեց վատ հակակոռուպցիոն ռազամավարությամբ, կոռուպցիայի համար պատասխանատվության ինստիտուտի, ինչպես նաեւ քաղաքական կամքի բացակայությամբ: Կոռուպցիայի համար «մեղավոր» են ցածր աշխատավարձերը. կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ երկրում ուսումնասիրություններ անցկացնող ՀԿ-ի ղեկավարի համար այս բացատրությունը դեմագոգիա է. «Իհարկե, այդ խնդիրը կա, բայց դա ցածր օղակի գոյատեւման կոռուպցիա է, իսկ քաղաքական կոռուպցիան ագահության դրսեւորում է: Ըստ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» կազմակերպության 1500 քաղաքացիների շրջանում անցկացրած վերջին հարցումների` Հայաստանի քաղաքացիների 62, 9 տոկոսի կարծիքով կոռուպցիան վերջին երեք տարվա ընթացքում աճել է, 15,5 տոկոսի կարծիքով` նույնն է մնացել, 17,1 տոկոսը դժվարացել է պատասխանել, միայն 4,5 տոկոսն է կարծում, թե կոռուպցիան նվազել է: Եթե այս հարցման արդյունքներին զուգահեռենք ոստիկանության անցած տարի բացահայտած կոռուպցիոն դեպքերի թիվը` 9, հասկանալի կդառնա, թե ինչ վիճակում է մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարըՙ զրոյական:
Մ. Խ.