«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2005-11-05 | #202, 2005-11-08 | #203, 2005-11-09


Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաքուն պատրաստ է արդյունքները վերանայել 10 ընտրատարածքներում, եվրոպացիները պահանջում են ավելին

Մ. Նահանգները քննադատել է նոյեմբերի 6-ի Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները եւ համաձայնություն տվել ԵԱՀԿ դիտորդների նախնական եզրակացությանը, ըստ որի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Պետքարտուղարության խոսնակ Ադամ Էրելին «լուրջ մտահոգություն» է հայտնել տեղ գտած «մեծ ապօրինությունների եւ խարդախության» առնչությամբ: Վաշինգտոնը Ադրբեջանի քաղաքացիներին հորդորել է ընտրախախտումների հետ կապված հարցերում զերծ մնալ բռնություններից, միեւնույն ժամանակ` «իշխանությունները պետք է ապահովեն խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու ընդդիմության իրավունքը»:

Նախօրեին Իլհամ Ալիեւը Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ ընդունել է, որ ընտրություններում տեղ են գտել «որոշ օրինախախտումներ», ապա քննադատել է ընդդիմությանը եւ միջազգային դիտորդներին: ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը չի բացառել ընտրությունների արդյունքների վերանայումը 10 ընտրատեղամասերում:

Ադրբեջանում նախկին բոլոր ընտրությունները կեղծվել են: Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանն այս խորհրդարանական ընտրություններով քայլ առաջ կատարեց ժողովրդավարացման ճանապարհին: Այս հարցն ուղղեցինք Բաքվի լրագրողների «Ենի նեսիլ» ակումբի նախագահ եւ «Գյուն» թերթի գլխավոր խմբագիր Արիֆ Ալիեւին:

«Երեկ մենք հենց այդ հարցը տվեցինք Ադրբեջանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցող Անդրեաս Գրոսին: Նա ասաց, որ դժվար է համեմատել վատը վատի հետ: Մենք կարող ենք այս ընտրությունները քայլ առաջ համարել, եթե վերցնենք նախընտրական առաջին 15 օրը, մնացյալը ես համարում եմ հետքայլ եւ համաձայն եմ միջազգային դիտորդների նախնական եզրակացությանը: Այս ընտրություններում իշխանությունները ավելի շատ խաբեցին իրենց բնակչությանը», «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց Ալիեւը:

Ընդդիմությունը 125 տեղանոց խորհրդարանում ստացավ ընդամենը 10 տեղ: Արդյոք սա ադրբեջանական հասարակության` ընդդիմության նկատմամբ ճշգրիտ վերաբերմո՞ւնքն է արտահայտում: «Գիտականորեն հիմնավորված պատասխան չեմ կարող տալ, որովհետեւ մեր երկրներում նորմալ ընտրություններ չեն եղել, որպեսզի իմանայինք յուրաքանչյուր քաղաքական ուժի կշիռը: Ադրբեջանում, անկասկած, ընդդիմությունն ավելի ուժեղ չէ, քան իշխանությունը: Խոսքը ոչ այնքան ընդդիմության ուժեղ լինելու, որքան հասարակության մեջ հակակառավարական տրամադրությունների մասին է: Կա բնակչության բավականաչափ մեծ զանգված, որին չի կարելի համարել ընդդիմության կողմնակից, պարզապես նրանք հոգնել են իշխանությունների ներքին քաղաքականությունից, եւ պատրաստ են ձայն տալ ում հարմար է, բայց ոչ իշխանությանը: Դա զգացվում է հատկապես շրջաններում, որտեղ ժողովուրդը անպաշտպան է եւ ավելի շատ է գործադիրի թելադրանքի տակ», ասաց «Ենի նեսիլի» նախագահը:

«ԿԸՀ նախագահը հասկանալով, որ իշխանությունները չափն անցել են, հայտարարեց, որ մոտ տասը ընտրատարածքներում արդյունքները չեղյալ են հայտարարվելու: Բայց միջազգային կազմակերպություններն ասում են, որ ձայները վատ են հաշվվել 43 ընտրատարածքներում եւ հասնելու են դրանցում ընտրությունները չեղյալ հայտարարելուն», ավելացրեց Ալիեւը:

Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ եվրոպական կազմակերպությունների, ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին տվել է շատ դրական գնահատական: Ավելին, Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է եվրոպական կառույցների «կանխակալ» դիրքորոշումը: Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումները հակադրվում են: Մոսկվան եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունը միջազգային չափանիշներին անհամապատասխան էին համարել Վրաստանի եւ Ուկրաինայի վերջին ընտրությունները, մինչդեռ ԱՄՆ-ը եւ եվրոպական կազմակերպությունները դրանք որակել էին ազատ եւ արդար:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4