Խորհրդային իշխանության տարիներին արգելված ամենահայտնի գաղտնի ընկերությունը Ռուսաստանում վերսկսում է իր գործունեությունը: Իսպանական «Լա Ռասոն» թերթն այդ մասին տեղեկացնելովՙ մասնավորապես գրում է, որ 1917 թ. հեղափոխությունից եւ կոմունիզմի հաստատումից հետո Խորհրդային Միությունում մասոնականությունն արգելվեց:
Հասարակությունը ենթարկվեց բռնի կազմացրման: Ռուսաստանցի մասոնների մեծ մասը դարձավ Ֆրանսիայի մասոնական օթյակների (ժողովարանների) անդամ: Առնվազն 15 օթյակներ պատրաստ էին ընդունել նրանց:
Այժմՙ ինը տասնամյակ անց եւ կոմունիզմի անկումից հետո, մասոնականությունը Ռուսաստան է վերադառնում առավել քան երբեւէ ուժեղացած: Ընդսմին գաղտնի ընկերությունը գիտակցում է, որ ինքն անցյալում օգնել է կոմունիստների հաղթանակին. հեղափոխականների մեջ զգալի թիվ էին կազմում մասոնները:
1917 թ. կոմունիստական կառավարությունը հայտարարեց, թե իր դոկտրինան անհամատեղելի է մասոնականության հետ: Այժմՙ տասնամյակներ անց, նախկին ԽՍՀՄ ամեն մի քաղաքացի կարող է ստանալ անհրաժեշտ տեղեկություն, շփումներ հաստատել եւ ցանկության դեպքում անդամակցել Ռուսաստանի մասոնական մեծ օթյակին, որի հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1995 թ. հունիսի 24-ը: Մասոնական ընկերությունը պաշտոնական կայքէջ ունի ինտերնետում: Ռուսաստանի մասոնական օթյակին այսօր պատկանում են նաեւ իրենց անուններն ունեցող երկու տասնյակ «արհեստանոցներ»: Դրանց թվում պետք է առանձնացնել «Հարմոնիան», «Լոտոսը», «Գամայունը», «Ավրորան», «Բեւեռային աստղը», «Յուպիտերը», «Փյունիկը», «Ալֆա եւ Օմեգան», «Եղբայրական սերը», «Ալեքսանդր Պուշկինը», «Երեք թագը», «Բարեկամությունը»:
Ներկայումս գործող 90-ից ավելի մասոնական մեծ օթյակներ ճանաչել են Ռուսաստանի Մեծ օթյակը: Ճանաչողների թվում է Անգլիայի մասոնական Մեծ օթյակի միությունը, որտեղ ծնունդ է առել մասոնականությունը, ապա տարածվել ողջ աշխարհում: Մասոնականությունը հասել է Ռուսաստանի հեռավոր շրջաններ, օրինակՙ Սամարա, Յարոսլավլ եւ Նովոսիբիրսկ: Ինչպես պնդում է մասոնականության հայտնի հետազոտող Պլատոնովը, օթյակի անդամներն օժանդակում են Ռուսաստան թափանցող մասոնականության ճյուղին: «Նրանք ակումբներ են հիմնում գործարար աշխարհի եւ սոցիալական ընտրախավի ամենահարուստ եւ երեւելի քաղաքացիների համար, ունենալով սեփական խանութներ, հյուրանոցներ, առողջավայրեր եւ պահակախմբեր», նշում է Պլատոնովը:
Նրա խոսքերով, արդեն 2001 թ. մասոնական օթյակում եղել են Ռուսաստանի մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ: Նրանք պատկանում էին այսպես կոչված «սպիտակ մասոնականությանը», որի գլխավոր պարտականությունն է հասարակության վրա ներգործել որոշակի ոլորտներում, օրինակՙ մշակույթի, տնտեսության եւ առհասարակ սոցիալական կյանքի ասպարեզում:
Եթե դիմենք Ռուսաստանի նախակոմունիստական ժամանակաշրջանի պատմությանը, ապա կտեսնենք, որ երկրում մասոնականությունը մտցրել է Պետրոս Մեծը: Նա սահմանեց այսպես կոչված «աստիճանացուցակ», որը ներառում էր 14 դասերի ներկայացուցիչներին, հիմք ընդունելով Պրուսիայից փոխառնված մասոնականության մոդելը:
Մասոնների մեջ կան ռուս նշանավոր պետական եւ մշակութային գործիչների անուններ: Մասոններ են եղել գրողներ Պուշկինը եւ Նովիկովը, զորավար Սուվորովը եւ մարշալ Կուտուզովը: Պլատոնովի տվյալներով, Ռուսաստանում մասոնների ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այդ մարդիկ ժամանակին զբաղեցրել են վարչական բարձր պաշտոններ, պատկանել են խորհրդային նոմենկլատուրային վերնախավին: Կոմունիստական կայսրության անկումից հետո նրանք հարել են մասոնականությանը:
Ռուսաստանցի հետազոտող Պլատոնովը ներկայացնում է Պուտինի կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող այն անձանց ցանկը, որոնք ներկայումս ռուսաստանյան օթյակներից մեկի անդամներ են: Նրա տվյալներով, մասոններ են Օրյոլի մարզի վարչակազմի աշխատակից Վիկտոր Լիվցովը, 90-ական թթ. մարդու իրավունքների պատասխանատու եղած Դմիտրի Կրայուխինը, ինչպես նաեւ կոմունիստական նախկին նոմենկլատուրայի բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնք դարձել են մասոնական տարբեր օթյակների անդամներ:
Պ. Ք.