«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2005-11-05 | #202, 2005-11-08 | #203, 2005-11-09


«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԻ ՀԱՋՈՐԴ ՀՅՈՒՐՆ Է ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Մեր առաջին ինտերնետային հարցազրույցը կայացավ: Թեեւ առաջին հանդիպումը չէինք հասցրել ինչպես հարկն է գովազդել, սակայն «Ազգի» կայքի մշտական ընթերցողները չէին անտեսել մեր ինտերնետային էջի նորույթը եւ դարձել էին վիրտուալ հանդիպման ակտիվ մասնակիցը. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցեր էին ուղղել ԱՄՆ-ի (Օռլանդո, Բոստոն), Ռուսաստանի (Տոլյատի, Մոսկվա), Ֆրանսիայի (Փարիզ), Բելգիայի (Բրյուսել), Լիբանանի (Բեյրութ) մեր հայրենակիցները: Բազմաթիվ հարցեր էին ուղղել երեւանցիները: Շնորհակալություն: Մի խնդրանք. հարցերն ուղղեք` մնալով բարոյագիտության ընդունված սահմաններում, որովհետեւ ձեր եւ մեր հյուրերի երկխոսությունը, ձեզանից բացի, ընթերցում են տարբեր ճաշակների եւ դաստիարակության հազարավոր մարդիկ:

Երկուշաբթի օրվա հարցազրույցում մեր ընթերցողը ծանոթացավ Արամ Զ. Սարգսյանի մի քանի նոր մտքերին, որոնք մինչ այդ չէին հնչել: Հետաքրքրական տեղեկություն եւս կարելի էր գտնել. օրինակ, պատասխանելով Տոլյատիից Վարդան Կարապետյանի` «Ո՞ւմ եւ ո՞ր ստեղծագործությունն եք կարդացել վերջերս» հարցին Ա. Սարգսյանն ասել է. «Հանգստանալու ժամանակ, ցավոք, չեմ ունենում, սակայն մշտապես կարդում եմ: Մի վատ կամ էլ գուցե լավ սովորություն ունեմ` միաժամանակ մի քանի գիրք եմ կարդում. այժմ սեղանիս են Ջեֆերսոնի նախագահական ուղերձը, Վիրջինիա նահանգի մասին նոթերը, Մայքլ Գրանտի «Հուլիոս Կեսարը», Հրանտ Մաթեւոսյանի հրապարակախոսությունն ու հարցազրույցները, Բիլ Քլինթոնի «Իմ կյանքը», Ջորջ Բուշ ավագի «Աշխարհն այլ է դարձել», Լեւ Տոլստոյի «Փիլիսոփայական օրագրերը», Հարուկի Մուրակամիի «Ոչխարների որսը» գրքերը»: Ինչպես տեսնում եք` Ա. Սարգսյանի ընթերցած գրքերը եւս նախագահական ուղերձներ են, կարելի է ասել` նախագահ լինելը հոգեվիճակ է եւ ոչ թե զբաղմունք: Սա` կեսկատակ, իսկ ընդհանրապես` շնորհակալություն նաեւ Ա. Սարգսյանին` մեր վիրտուալ հյուրը լինելու համար: Նրա հարցազրույցով նոյեմբերի 7-ը դարձավ մեր նոր էջի մուտքը:

Ինչո՞ւ Հայաստանում ոչ մի կազմակերպություն կամ կառույց հանրաքվեի հետ կապված որեւէ սոցիոլոգիական ուսումնասիրություն կամ հարցախույզ չի պատվիրել: Վստահելի՞ են արդյոք սոցիոլոգիական հարցումները: Ո՞ր ոլորտների վերաբերյալ են սոցիոլոգիական ուսումնասիրություններ կատարվել վերջին շրջանում Հայաստանում. այս հարցերի պատասխանը շուտով կստանանք Հայաստանի սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանից: Հարգելի ընթերցողներ, ակնկալում ենք ձեր ակտիվ հարցադրումները մինչեւ ուրբաթ, որոնց պատասխաններն արդեն երկուշաբթի դուք կգտնեք «Ազգի» կայքէջում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4