Կամ` ե՞րբ ենք փոխվելու
Հետաքրքրական մարդիկ ենք հայերս. սովորաբար մեր ձախորդությունների եւ անհաջողությունների համար մեղադրում ենք ուրիշներին, ոչ երբեք` մեզ: Անձնական անհաջողություն, քաղաքական պարտություն` բոլոր դեպքերում մեղավոր են ուրիշները, այդ թվում` լրագրողները: Կարող ենք ժամերով ճառ կարդալ, թե ինչպես է քարուքանդ եղել այն փողոցը, որով ամեն օր անցուդարձ ենք անում, բայց չենք կռանա ու ճամփին ընկած քարը մի կողմ չենք նետի` պահանջելով դա ուրիշներից, նաեւ` լրագրողներից. քննադատեք, էս ինչ անտեր պետություն է, թող գան սարքեն:
Հարեւանս բողոքում է, որ հարազատի գերեզմանի երկաթյա ճաղերը գողանում են, ու հորդորում է ինձ` գնալ-տեսնել, գրել այդ մասին. «Չեք գրում` ոչ ոք ուշադրություն չի դարձնում»: Համաձայնում եմ, գնում եմ Նուբարաշենի գերեզմանոց, տեսնում` ճիշտ որ. բայց տանում են ոչ միայն հարեւանիս գերեզմանի ճաղերը, այլ առհասարակ ինչ որ վատ է դրված ու փակի տակ չի առնված: Խոսում եմ գերեզմանոցի պահակի հետ` բան չի կարող անել, տարածքը բոլոր կողմերից բաց է, մտնում-տանում են` քար, երկաթեղեն. նույն հայերը` ուրիշ հայերին պատկանող իրերը: Գալիս եմ, որ հարեւանիս ասեմ տեսած-լսածս. տեսնում եմ` էդ հարեւանս մի բանվոր վարձած, մյուս հարեւանների դժգոհությունը բանի տեղ չդնելով` քանդում է ինը հարկանի շենքի իր բաժին ներքնահարկը, այնպես է քանդում, ինչպես չի կարելի շինարարական եւ ոչ մի կանոնով, շենքի հիմքերը թուլացնելով, մի հարկ վերեւ ապրողների պատերը ճաքեցնելով: Էլ ինչ խոսել եւ ինչու՞:
Ընդդիմադիր քաղաքական մի գործիչ մեղադրում է մեզ` լրագրողներիս, որ չենք օգնում իրենց` այս վատ իշխանություններին փոխելու: Չենք գրում, որ իշխանությունն ուզում է Մեղրին ծախել` պատռելով նրանց դեմքը: Ու երբ ասում եմ, թե Մեղրին ծախելու նշաններ չեմ տեսնում` ասում է, որ ես իմ երկիրը չեմ սիրում եւ այլն: Եւ ընդհանրապես` այս վիճակի մեղավորները թերթերի եւ հեռուստատեսությունների լրագրողներն են` հեղափոխությունը հենց նրանք պետք է անեն:
Պաշտոնյա մի ծանոթ երբեմն-երբեմն հանդիպելիս դժգոհում է, որ թերթերն ավելի շատ բացասական բաների ու սենսացիաների մասին են գրում, իսկ արված լավ գործը չեն նկատում: Հարցիս, թե, օրինակ, ո՞ր լավ բաները նկատի ունի, պաշտոնյան թվեց իր արած բոլոր լավ գործերը: Դրանք բոլորը նրա պաշտոնական պարտականությունների մեջ էին մտնում: Ուրեմն` էս մեր պաշտոնյան, հին իներցիայով կարծում է դեռ, թե լրագրողները ստեղծված են իրենց պաշտոնական պարտականությունները կատարող պաշտոնյաներին գովելու համար միայն:
Ուրիշ շատերը հենց լրագրող են տեսնում, սկսում են բոլոր իրենց հոգսերը պատմել. մեկն ասում է` օրերով աղբը չեն տանում, գրեք` թող տանեն, մեկն ասում է` կոյուղու խողովակն է ճաքել, մի բան արեք, մյուսն ասում է` գազը քաշելու գումարները շատ մեծ են, չե՞ք կարող քննադատել` իջեցնեն. մնում է, որ խնդրեն` լրագրողը գնա եւ իրենց շենքի մուտքն ավլելը կազմակերպի: Մտածում ես` հենց ԶԼՄ-ներն են մեր հասարակութան մեջ ոչ ճիշտ պատկերացում ձեւավորել լրագրողի եւ նրա անելիքի մասին. փոխանակ իրադարձության մասին անկողմնակալ լուր տա` հաճախ է սրան-նրան փնովում, մեկ այս կողմը բռնում, մեկ այն կողմը: Ու դրա համար մեզ մոտ թերթը ոչ թե սոսկ լրատվամիջոց է, այլ իշխանության հասնելու կամ իշխանություն պահելու եւ կամ իշխանություն տապալելու միջոց: Եւ մարդիկ էլ, իրենց պարտականությունը կատարելու, ապօրինությունների կամ պաշտոնյաների չարաշահումների դեմ պայքարելու, մի փոքր սեփական անձին նեղություն տալու փոխարեն` մի գլուխ լրագրողի օգնությունն են ակնկալում: Երբ մենք բոլորս սովորենք պայքարել մեր իրավունքների համար, միաժամանակ` սեփական պարտականություններն ուրիշի վրա չգցելով, ամեն մեկն իր տեղում իր գործն անելով` գուցե այն ժամանակ լրագրողից պահանջվի իր իսկական պարտականությունը կատարել` լուր տալ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ