Ըստ վերջին ուսումնասիրությունների
Քաղաքաշինությանն առնչվող տեղեկատվության մատչելիության եւ հասարակայնության մասնակցության վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի անցկացրած վերջին սոցիոլոգիական հարցումներով, երեւանցիների միայն 23 տոկոսն է տեղյակ քաղաքապետի կամ թաղապետի որոշումներին, դրանց մասին տեղեկություններ են քաղում հիմնականում լրատվամիջոցներից: Հեռախոսային հարցմանը մասնակցել են Երեւանի 12 թաղային համայնքների 400 բնակիչները:
Տեղեկություն ստանալու համար պետական կառույցներին դիմելու վերաբերյալ հարցին դրական պատասխան են տվել հարցվածների 10,75 տոկոսը: Նրանց մեծ մասը ստացել է դրական կամ բացասական պատասխաններ, բազմաթիվ դեպքերում պատասխանները ձգձգվել են կամ ընդհանրապես չեն տրվել: Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների ներկայացուցիչների դրսեւորած գործելակերպը ենթադրելու տեղիք է տվել, որ այդ կառույցներում հնարավոր է հարցեր լուծել միմիայն կաշառքով: Իրենց շրջակա տարածքում նախապատրաստվող կամ ընթացող շինարարության վերաբերյալ տեղեկացված է հարցվածների 52 տոկոսը: Նրանց գերակշիռ մասը նշել է տների, խանութների, սրճարանների, ավտոտնակների, գեղեցկության սրահների, բենզալցակայանների եւ ավտոսպասարկման կետերի մասին, որոնք հիմնականում կառուցվում են ծառահատումների, խաղահրապարակների եւ մայթերի հատվածներում: Ապօրինի կառուցապատման կամ կանաչ տարածքի հաշվին իրականացվող շինարարության վերաբերյալ բողոքել է հարցվածների ընդամենը 4,25 տոկոսը: Նրանք նաեւ նշել են, որ բողոքելով ոչ մի արդյունքի չեն հասել: Նույն հարցին «ոչ» պատասխանողները պետական կառույցներին չեն բողոքելՙ դրանից որեւէ դրական փոփոխություններ չակնկալելու պատճառով, նրանք համոզված են, որ անօրինական շինությունները հովանավորում են իրենցից առավել «ուժեղ» անձինք: Քաղաքաշինությունը որպես կոռումպացված ոլորտ համարել են հարցված բնակիչների 70,8 տոկոսը: «Ոչ» է պատասխանել հարցվածների 14.16 տոկոսը, իսկ 15.04 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ուշագրավ են հետեւյալ պատասխաններըՙ եթե «պաշտոնյաներն ունեն միջնորդներ, ուրեմն կարող են հանգիստ ծառ կտրել, սրճարան կառուցել, խաղահրապարակներում խանութներ դնել», «կադաստրը հանցավոր ձեւով օրենք է ընդունել, ինքնակամ շինարարությունների մասին օրենքը կաշառքով է ընդունված», «իրենք իրենց համար դնում են ու սարքում: Իրենք ուտում են, մենք սոված նստում», «բոլորը գիտեն, որ չորս կողմը վաճառվում է առանց թույլտվության», «թեկուզ Հյուսիսային պողոտայի օրինակը», «գաջի գործարանից մինչեւ «եսիմ ուր» ամբողջ հողը վաճառված է եւ տներ են կառուցում»:
Ուսումնասիրությունից պարզվել է, որ քաղաքաշինության բնագավառում տեղեկատվության մատչելիության եւ հասարակության մասնակցության վերահսկողությունը թերի է եւ ոչ ճիշտ: Հողօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում բացակայում են վերահսկողական լծակները հողերի օտարման կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության թափանցիկության նկատմամբ:
Ենթադրվում է, որ տեղեկատվության մատչելիության եւ հասարակայնության մասնակցության անբավարար ապահովումը կհանգեցնեն պաշտոնական դիրքի չարաշահման եւ կաշառակերության, որոնք հաճախ հնարավոր են դարձնում խայտաբղետ ճարտարապետական ոճով Երեւանում կառուցել զանազան օբյեկտներ:
Ռ. Պ.