«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2005-11-08 | #203, 2005-11-09 | #204, 2005-11-10


ՆՇՎԵՑ ՇՆՈՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 100-ԱՄՅԱԿԸ

Նոյեմբերի 6-ին հանդիսավորությամբ նշվեց Շնողի միջնակարգ դպրոցի հիմնադրման 100-ամյակը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, ԱԺ պատգամավորներ Արարատ Մալխասյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանը, դպրոցի տարբեր տարիների բազմաթիվ շրջանավարտներ, հյուրեր:

Մինչեւ հիմնական դպրոցի հիմնադրումը Շնողում մասնավոր դպրոց է գործել դեռեւս 1890-ական թթ., որի շրջանավարտներն աշխատանքի են նշանակվել տարբեր պաշտոններում: Բազմաթիվ շնողեցիներ կրթություն են ստացել Թիֆլիսում, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում:

Մասնավոր դպրոցը գործել է մինչեւ 1905 թվականը: 1905 թ. հոկտեմբերի 20-ին հիմնադրվել է ծխական դպրոցՙ 47 աշակերտով եւ մեկ ուսուցչով:

1906 թ. փետրվարի 17-ին համապատասխան գրանցում է ստացել իբրեւ դպրոց: Կրթօջախը գործել է գյուղի մասնավոր տներում, իսկ 1910-ին գյուղի միջոցներով կառուցվել է մեկ հարկանի դպրոցի շենք: 1948-ին արդեն դպրոցի աշակերտների թիվը 47-ից հասել էր 294-ի: Ապա ընդլայնվել է դպրոցի ե՛ւ ուսուցչական, ե՛ւ աշակերտական կազմը, կառուցվել է դպրոցի ներկայիս շենքը:

- Ամեն տարի 40-43 շրջանավարտից նվազագույնը 13-14-ը պետական բուհեր են ընդունվում,- ասում է դպրոցի տնօրեն Գեւորգ Ավետյանը,- կան նաեւ մասնավոր բուհեր եւ տեխնիկումներ ընդունվողներ:

Շրջանավարտներից 9-ը գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ են, 35-ըՙ գիտությունների թեկնածուներ ու դոցենտներ, մեկըՙ Խորհրդային Միության հերոս, մեկըՙ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, եղել են նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Այսօր նույնպես շրջանավարտներից շատերը պետական պաշտոնյաներ են, տարբեր բնագավառների ղեկավարներ, ճարտարապետներ ու արվեստագետներ:

Դպրոցը տվել է 15 ոսկե եւ ավելի քան 25 արծաթե մեդալակիրներ, որոնց մեծ մասը դարձել են որակյալ մասնագետներ: 1965-1976 թթ. գյուղում գործել է նաեւ 8-ամյա դպրոցը: 1948-1973 թթ. գործել է նաեւ երեկոյան միջնակարգ դպրոցը:

- Հպարտության մեծ զգացումով եմ շնորհավորում մեր դպրոցի 100-ամյա հոբելյանը, մաղթելով ամենամյա բարիք նախկին եւ այսօրվա մանկավարժներին,- ասաց Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանը: Նա թվարկեց վաստակաշատ այն վետերան ուսուցիչների անունները, ովքեր գյուղապետարանի կողմից արժանացել են հուշանվերների: Գյուղապետը հայտարարեց, որ համայնքի ավագանու որոշմամբ պատվավոր շնողեցի կոչմանն են արժանացել Հրանուշ Խառատյանը եւ դպրոցի նախկին շրջանավարտ, այժմ Հայաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակից Էդիկ Ղումաշյանը: Հր. Խառատյանը շնորհավորական խոսքում ասաց, որ վաղուց է իրեն շնողեցի համարում, քանզի ամուսինը ծնունդով այդ գյուղից է: Նա հայտարարեց, որ 120 գեղարվեստական եւ մասնագիտական գիրք է նվիրում դպրոցի գրադարանին եւ պարտավորվում է ամեն տարի 50 գիրք նվիրել:

- Ես այսօր խոսելու եմ ոչ թե որպես մարզպետ, այլ որպես դպրոցի շրջանավարտ,- ասաց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը:- Դարերի խորքից եկող գյուղը չէր կարող իր դպրությունը, կրթությունը չունենալ: X-XI դարերից գոյություն ունեցող գյուղի բնակիչները ոչ միայն պետք է կարողանային պահպանել այդ ամենը, այլեւ մտքի թռիչքներ ունենային: Դպրոցը պետք է շարունակի բարի ավանդույթները եւ նորանոր հաջողություններ ունենաՙ դաստիարակելով հայրենիքին պիտանի մարդիկ:

Ասմունքով հանդես եկան դպրոցի աշակերտները, ելույթ ունեցան գյուղի արվեստի դպրոցի սաներըՙ իրենց կատարումներով գեղագիտական մեծ բավականություն պատճառելով ներկաներին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4