Եթե ուժեղագույն թենիսիստուհիները Լոս Անջելեսում արդեն սկսել են իրենց մրցավեճն աշխարհի ուժեղագույն մարզուհուն որոշելու համար, ապա թենիսիստները հարաբերությունները կպարզեն Շանհայում, նոյեմբերի 13-20-ը: Մասնակից 8 ուժեղագույն թենիսիստների նախնական ցանկում Դավիթ Նալբանդյանն ընդգրկված չէր: Սակայն վնասվածքի պատճառով մրցաշարից հրաժարվել է ամերիկացի Էնդի Ռոդիկը եւ Դավիթ Նալբանդյանն իրավունք է ստացել հանդես գալու Շանհայում:
Մրցաշարին չի մասնակցի նաեւ ավստրալացի Լլեյթոն Հյուիթը, որի կինը շուտով ծննդաբերելու է: Նրան կփոխարինի արգենտինացի Գաստոն Գաուդիոն, որն այս մրցաշրջանում արդեն 5 մրցաշարում հաղթող է ճանաչվել: Այսպիսով, Շանհայում մրցավեճի կբռնվեն Ռոջեր Ֆեդեռերը, Ռաֆայել Նադալը, Դավիթ Նալբանդյանը, Անդրե Աղասին, Գիլյերմո Կորիան, Նիկոլայ Դավիդենկոն, Իվան Լյուբիչիչը եւ Գաստոն Գաուդիոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ