«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2005-11-08 | #203, 2005-11-09 | #204, 2005-11-10


ԻՐ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔԸ ՍՊԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգի» նախորդ համարներից մեկում (3 նոյեմբերի, 2005 թ.) տպագրված «Պաշտոնի չարաշահում» նյութի հրապարակումից հետո խմբագրությունը նամակ ստացավ Սամվել Ռամազյանից, որը, պարզվում է, Հունաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդն է: Հիշեցնենք, որ հանրապետության նախագահի նստավայրի մոտ նոյեմբերի 2-ին բողոքի ցույց անող մի խումբ բնակիչներ պնդել էին, որ պրն Ռամազյանը հոկտեմբերի 1-ից իրենց սպառնացել եւ ուժային մեթոդների է դիմել, որի բուն պատճառը Հյուսիս-արեւմտյան Վ-3 թաղամասում իրենց պատկանող տարածքները քաղաքապետարանի որոշմամբ պաշտպանության նախարարությանը հատկացնելն է: Բնակիչները նաեւ հայտնել էին, որ քաղաքապետարանը վերանայել է հիշյալ որոշումը եւ պաշտպանության նախարարությանը տարածք հասցրել Գ-1 թաղամասում, սակայն պրն Ռամազյանը չի ցանկանում դուրս գալ Վ-3 թաղամասից:

Սամվել Ռամազյանի պարզաբանումներով, համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 383 (14.07.99 թ.) հրամանի եւ Երեւանի քաղաքապետի թիվ 1205-Ա (16.07.02) որոշման, Հյուսիս-արեւմտյան Վ-3 թաղամասում հողակտորներ են հատկացվել «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կարիքավոր զինծառայողներին, վիրավորներին եւ զոհվածների ընտանիքների անդամներինՙ անհատական բնակելի տների շինարարության իրականացման նպատակով»: Ցուցակում ընդգրկվել է 120 հոգի, դրանց մեջ նաեւ նախկինում վիրավոր հաշմանդամ Սամվել Ռամազյանը: «Նույն թաղամասում ինձ հատկացվել էր թիվ 80 հողամասը, սակայն տեղի տալով այնտեղ ծառեր տնկած եւ տնակ կառուցած նախկին հողօգտագործողների խնդրանքներին, ինքնակամ հրաժարվել եմ տվյալ տարածքից եւ փոխարենը ստացել թիվ 102 հողամասը: Ընդունված կարգի համաձայն, 26.08.03 թ. Երեւանի քաղաքապետարանի հետ կնքել եմ «Հողամասի սեփականության իրավունքով անհատույց օտարման պայմանագիր» եւ ստացել կադաստրի կոմիտեում գրանցված անշարժ գույքի սեփականության վկայական», գրում է պրն Ռամազյանն իր նամակում:

Քանի որ նամակի մեծ ծավալը թույլ չի տալիս ամբողջապես հրապարակել, ստիպված ենք բավարարվել մեջբերումներ անելով: Ռամազյանը նաեւ հայտնում է, որ հոկտեմբերի 1-ից ինքը ժամանակավորապես գտնվել է Հայաստանում, անձամբ զննել իր հողամասը, որի հարեւանությամբ սեպտեմբերին անհայտ անձինք պատ են շարելՙ փակելով մուտքը: «Առաջին իսկ օրերից շրջակա բնակիչներից փորձել եմ ճշտել տվյալ անօրինական շինարարության պատվիրատուի ինքնությունը, սակայն իրական պատվիրատուն այդպես էլ չի հայտնվել: Ինձ հատկացված 400 քմ հողամասից մոտ 35 քմ ընկնում է շրջակա բնակիչներից կոնկրետ մեկի օգտագործած հողամասում (ոչ Հովհաննես Մուրադյանի, որին բնավ չեմ հանդիպել, քանզի կարիք էլ չկար, կամ տեքստում հիշատակվող նրա որեւէ հարսի): Օգտվելով հանրապետությունից իմ բացակայությունից եւ քաջալերվելով ինչ-ինչ խոստումներից, որոշ «ապօրինի հողօգտագործողներ» փորձել են զավթել նախկինում չօգտագործված եւ ինձ հատկացված հողամասը: Որեւէ կերպ, քան թիվ 102 հողամասի սեփականատեր, տվյալ անձին կամ անձանց ներկայանալու կարիք բնավ չեմ ունեցել, պաշտոնական հանգամանքը մինչ իմ վերադարձը շահագրգիռ անձանց կողմից ճշտվել է սեփական հասանելի խողովակներով: Ամեն դեպքում շփումներից եւ զրույցներից հետո կոնկրետ 35 քմ զբաղեցրած անձի հետ եկել եմ կոնկրետ համաձայնության, սակայն հաջորդ օրն իսկ խախտվել է, ինչի համար վկայակոչվել է պաշտպանության նախարարությանն արված քաղաքապետարանի առաջարկըՙ Վ-3 թաղամասում առկա վիճահարույց թվով 11 հողատարածքների փոխարեն համապատասխան տարածք տրամադրել Գ-1 թաղամասում»:

Խնդիրը պարզաբանելով, Սամվել Ռամազյանը նաեւ նշում է, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանի եւ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների միջեւ ընթացած գրագրության մեջ իրեն հատկացված թիվ 102 հողամասը չի հիշատակվել, որեւէ առաջարկ իրեն չի վերաբերել եւ բողոքող բնակիչներըՙ «մեղմ ասած թյուրիմացության մեջ են ընկելՙ ինձ ընկալելով վերոհիշյալ 11-ի թվում: Անօրինական շարված պատից քանդել եմ հողամաս մուտք գործելու հատվածը, որեւէ գործողություն չեմ ձեռնարկել, այն էլՙ 25-30 հոգով: Այդ դեպքում անհասկանալի է առնվազն, թե որտեղից է բխում նման շահագրգռվածությունը, ինչ նպատակով է նմանօրինակ վայնասուն բարձրացվում, ավելինՙ կանխամտածված վատաբանման նպատակով վերագրվում սպայի արժանապատվությանը ոչ հարիր երեւակայական գործողություններ կամ արտահայտություններ», եզրակացնում է նա:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4