«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2005-11-09 | #204, 2005-11-10 | #205, 2005-11-11


«ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԺԱՌԱՆԳԱՎՈՐԱՑԻ ՍԱՆԵՐԸ ԵՐԲԵՔ ԾԵԾԻ, ՋԱՐԴԻ, ԱՀԱԲԵԿՈՒՄԻ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ»

Պնդում է վարժարանի տեսուչ հայր Պարետը

«Ազգի» նախորդ համարներից մեկում տպագրել էինք Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր Պարետի վրդ. Երեցյանի բռնություններից դժգոհ վարժարանի Ընծայարանի սաների նամակն ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին: «Ազգը» հայր Պարետից ստացավ 8 էջանոց բացատրություն, որտեղ նա անդրադառնում է նաեւ մեր գործընկեր «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված նյութինՙ անորոշ թողնելով ներկա պահին տեսուչի պաշտոնում իր լինել-չլինելու հարցը: «Մենք առավել քան համոզված ենքՙ «Հայկական ժամանակը» մոլորության մեջ ձգած անազնիվ եւ հետին նպատակներով մարդիկ ամչնալ չունին: Անոնք պատրաստ են մեղադրելու, դավելու մարդիկըՙ առանց խղճահարության: Բացարձակապես սուտ է եւ անհիմն այն պնդումը, թե միջադեպին նախորդ օրը աշակերտ մը ծեծի ենթարկված է Տեսուչին կողմե եւ ան ալՙ գավազանով: Անհիմն է նաեւ, որ պատրիարք սրբազան հայրը հեռացուցած է տեսուչն իր պաշտոնեն: Ընդհակառակը, տեսուչը, այս խնդիրներեն շատ առաջ իր հրաժարականը ներկայացուցած էր պատրիարք սրբազան հորըՙ գրավոր եւ բերանացի: Հայր Հայկազունը, դեպքերեն 2 շաբաթ առաջ իմ խնդրանքիս վրա նշանակվեցավ որպես փոխտեսուչ: Ես արդեն իսկ իմ պատասխանատվություններս իրեն փոխանցած էի», գրում է նա:

Ուշագրավ է նրա այն պնդումը, թե վարժարանում ծեծն ու բռնություններն արգելված են: Վերջին 5 տարիներին, իր պաշտոնավարության ընթացքում, վարժարանի գրեթե բոլոր աշակերտները, ուսուցիչներն ու հսկիչները հայաստանցիներ են, եւ նա ցավով արձանագրում է, որ սաները Ժառանգավորաց վարժարանը «վանդալիզմի են ենթարկել, գիտակցաբար կոտրելով պատուհանները, ջարդելով դռները, լույսերը, զուգարաններուն նստոցները եւ պարտեզ նետելով, լուսամփոփները փչացնելով, լոգարանի ցնցուղները կամ գողանալով, կամ կոտրելով: Ավելինՙ անոնք թուղթերով խցանած են լվացարանի անցքերը, իրենց աղտոտությունները լվացարանեն դուրս ընելով, կողոպտած են վանքին դարմանատան իրենց բուժքույրը, գողություն ըրած են Սուրբ Տեղաց մեջ: Իրարու հանդեպ գազանային կռիվներ մղած են»: Հայր Պարետը նշում է, որ իր տեսչության սկզբնական շրջանում վարժարանում մաֆիական դրություն է եղել, եւ ինքն իր թանկագին ու սուղ ժամանակը ծախսել է իրար դեմ ելած եկեղեցական 3 խմբակցությունների ստեղծած վիճակը վերացնելու համար: Նա նույնիսկ ենթադրում է, որ դրա արմատը կարող է սկիզբ առնել Հայաստանիցՙ վարժարանից փախած աշակերտների կամքով: Վարժարանում ծեծը արգելված լինելու մասին հայտնելուց հետո տեսուչը խոստովանում է, որ «այո՛, սաստելու, զգաստացնելու նպատակով երբեմն թույլ ապտակած ենք մեղավոր հանցագործ ժառանգավոր քանի մի սաներ, բայց ոչ երբեքՙ ծեծած կամ երբեւէ գավազան բարձրացրած: Մեր տեսչության ժամանակամիջոցին նույնիսկ խուսափած ենք ծանր պատիժներ տալե: Մեր ջանքերը եղած ենՙ հորդորել, խրատել եւ համոզել»: Տեսուչը նաեւ հաղորդում է, որ այս ուսումնական տարեսկզբին վարժարանում տհաճ մթնոլորտ է եղել, ուսուցիչների հանդեպ անկիրթ վերաբերմունք ցուցաբերած աշակերտները խանգարել են վարժարանի կարգապահությունըՙ հարձակվելով իր եւ դռնապանի վրա: Այդուհանդերձ, նա շարունակաբար պնդում է, որ վարժարանի սաները երբեք ծեծի, ջարդի, ահաբեկումի չեն ենթարկվելՙ գլխավորապես հերքելով անցած տարի վարժարանում երաժշտություն դասավանդած երաժիշտ Սեդրակ Երկանյանի «Հայկական ժամանակ» օրաթերթին հաղորդածը. «Իսկ եթե պրն Երկանյանը կը հավատա իր ըսածին, ինչո՞ւ ուզեց վերադառնալ Երուսաղեմ եւ շարունակել պաշտոնավարել իր չհավնած, այդ տեսակ վարժարանի մը միջավայրին մեջ, խելակորույս ու գազազածՙ ինչու կը փորձե բացարձակ ճշմարտությունը գլուխն ի վայր շրջելՙ իր անձնական նեղ հաշիվներեն դրդված: Հոդվածագիրը («Հայկական ժամանակ») Երկանյանի բերանով կըսե, թե մեր դպրոցը բանտ է: Ով թշվառական հոգի, ճշմարիտը սուտեն եւ շիտակը սխալեն զանազանելու կարողություն իսկ չունիս, ով թշվառ արարած: Մոռցա՞ք, որ մեր երեխաները ամեն ամառ 15 օր Գալիլիո լիճին եզերքը կը տանինք, ուր կհանգստանան հյուրանոցի մը մեջ, կը զբոսնուն ծովեզերքը: Գիշերը անոնք խմբական պտույտներու կերթան իրենց հսկիչներով: Մենք, որպես տեսուչ, գիտակցաբար չենք երթար կամ չենք մասնակցիր, որպեսզի տղաքը կաշկանդված չզգան ինքզինքնին: Մոռցա՞ք մեր միօրյա պտույտները Մեռյալ ծով, Միջերկրական ծով եւ այլուր: Այս ամենեն ետքը մեր դպրոցը դուք կը կոչեք բա՞նտ, ով անամոթ, ապերախտ արարած»:

Պարզվում է, որ իր տեսչության 5 տարիներին հայր Պարետը անխոնջորեն ջանացել է կրթական պատմական այդ հաստատությունում պահպանել մաքուր մթնոլորտ եւ չի արտոնել կանանց, ինչպես նաեւ միասեռական հակում ունեցող թե՛ աշխարհական, թե՛ սքեմավոր անձանց մուտքը վարժարան: Նա ընդգծում է, որ Երկանյանը առաջին եւ վերջին մարդը չէ, որ փորձում է իր բարոյականության մասին դատել: Շատերն են փորձել, բայց իր վարքն ու գործը հակառակն են ապացուցել: Իսկ ամենամեծ փաստը նա համարում է իր տեսչության շրջանը, որի ընթացքում աշակերտներն ապրել են անխաթար միջավայրում, նրանց ծնողները տեղյակ են եղել եւ ամեն անգամ երախտագիտություն հայտնել:

«Մենք ժառանգավորներ չենք բերեր որպես ստրուկներ, որ գործը ընեն: Ընդհակառակը, անոնց գործը եւ պարտականությունը բոլորովին տարբեր են եւ կարեւոր: Մենք կցավինք նման բորբոսած հոգիներուն, որոնք կուզեն խանգարել Հայաստանեն եկած մեր աշակերտներուն: Կը ցավինք, որ նման մարդիկ իրենց անձնական շահերու, իրենց զազրելի ախորժակը հագեցնելու համար կը զոհեն անմեղ երեխաներ: Այս բոլորին մեջ ես կը տեսնեմ նախախնամության մատըՙ հայտնելու, թե ով է եւ ինչ են դրդապատճառները այս բոլորին: Մեր անխառն համոզումն է, որ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը եւ Ընծայարանը պետք է պաշտպանվին նման անձերե, որոնք հոգեպես խաթարված են», այս եզրահանգմամբ ավարտում է իր նամակը Պարետ ծ. վրդ Երեցյանըՙ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի (նախկին, թե՞ ներկա, լավ չհասկացանք) տեսուչը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4