Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում նոյեմբերի 10-ին 3-րդ անգամ պղծվել է «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայերի» հուշարձանը: Ինչպես հայտնի է, հուշարձանը 1799 թ. հիմնել են Արցախից եկած վերաբնակիչները, համաձայն Պավել Ա կայսեր հրովարտակի:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ այս անգամ վանդալները տապալել եւ կիսել են հուշարձանի խաչքարը: Քաղաքի հայկական համայնքը եւ հայ եկեղեցին զայրացած են բարբարոսությունից: Երեկ համապատասխան հայտարարություն է ուղարկվել քաղաքապետին, քաղաքային դումայի նախագահին եւ ՆԳ քաղբաժնի պետին:
Համայնքի առաջնորդ Պետրոս Մկրտչյանի կարծիքով, միջադեպը ծրագրված գործողություն է, որն, ի դեպ, ձեռնարկվել է միլիցիայի օրվա առթիվ: Հուշարձանի նկատմամբ վանդալիզմի նախորդ երկու քայլերը տեղի են ունեցել 2005 թ. փետրվարին եւ հուլիսին: Այն ժամանակ իրավապահները դրանք որակել էին իբրեւ խուլիգանություն եւ մանկական չարաճճիություն:
Բուդյոնովսկի «Սուրբ Խաչ» հայկական համայնքը մտադիր չէ վերականգնել խաչքարը: «Եթե կան ուժեր, որոնց ավելի ձեռնտու է ոչ թե ռուս-հայկական բարեկամության հուշարձանը, այլ դրա ավերակը, ապա թող մնա ավերակը», ասում է Պ. Մկրտչյանը: Նույն կարծիքին է քաղաքի հայկական եկեղեցու հովիվ տեր Արսեն Բուդաղյանը: «Եթե իշխանությունը բարբարոսությանը հակազդելը պատվի գործ համարի, ապա հնարավորություն կգտնի վերականգնելու խաչքարը եւ պատժելու բարբարոսներին», ասում է նա:
2004 թ. հոկտեմբերի 17-ին բացված բարեկամության հուշարձան-համալիրը բաղկացած է 8 մետր բարձրության կամարից, խաչքարից եւ քարերի հորինվածքից: Կամարի տակի զանգը տարիներ շարունակ ծխականներին աղոթքի է կանչել հայկական եկեղեցի, իսկ կամարի երկու կողմերում ռուսերեն եւ հայերեն գրված է «1799-2004 թթ. Սվյատոյ Կրեստ» (Սուրբ Խաչ)»:
Պ. Ք.