«Ռադիո հայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այս տարվա փետրվարից մրցութային կարգով ազգային հանձնաժողովից ստացել է Հայաստանի 20 բնակավայրերում ռադիոհեռարձակում իրականացնելու արտոնագիր: Յուրաքանչյուր հաղորդակի գրանցման եւ շահագործման թույլտվության համար «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ռադիոկայանից պահանջել է կատարել «պարտադիր» վճարումները, որ 20 ռադիոկայանի դեպքում կազմում են մոտ 26 մլն դրամ: «Ռադիո հայ» ընկերության տնօրեն Արամ Մկրտչյանը բողոք է ներկայացրել տրանսպորտի եւ կապի նախարարին, որից հետո հիշյալ կենտրոնը համաձայնել է զիջել հաճախությունների միջազգային գրանցման եւ կոորդինացման համար նախատեսված 300 հազար դրամը, ասելով, որ «կոորդինացիան արդեն արված է»: «Հետաքրքրական է, թե մեր պարագայում կենտրոնն ինչպե՞ս կարողացավ հեշտությամբ հրաժարվել նշված գումարից, իսկ մեր գործընկերներից գանձել», ժուռնալիստի տանը երեկ հրավիրած ասուլիսում ասաց Արամ Մկրտչյանը:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության 1998 թվականին հիմնադրած հիշյալ կենտրոնը հեռահաղորդակցության ոլորտի վերահսկման եւ կարգավորման ասպարեզում ստացել է անսահմանափակ լիազորություններՙ սկսած հեռուստառադիոեթերի հետ կապված վճարումների գանձումից մինչեւ պետության կողմից այդ ոլորտում աշխատող ձեռնարկությունների վերահսկողության իրականացում: Ու թեպետ 2000 թվականից ընդունվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որի համաձայն հեռուստառադիոընկերությունների արտոնագրման եւ վերահսկողության գործառույթներն իրականացնում է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, սակայն նույն օրենքով «պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը օգտվելով հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացրած ցուցակից, կազմում է հանրապետության տարածքում հեռուստահաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկն ու պարբերաբար տրամադրում է ազգային հանձնաժողովին»: Օրենքի մեկ այլ հոդված սահմանում է, որ «հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան թերավճար, որի չափը հաշվարկվում էՙ ելնելով միայն հաճախության սպասարկման անհրաժեշտ ծախսերից»: Այս ամենը ենթադրում է, որ հիշյալ օրենքի ընդունումից անմիջապես հետո տրանսպորտի եւ կապի նախարարությունը պարտավոր էր զանգվածային լրատվամիջոցներին վերաբերող մասով վերանայել հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնին տրամադրած լիազորությունները: Իրականում լիազորությունների վերանայում չի եղել, ավելինՙ 2000 թվականից մինչ օրս հաճախություններ ստացած բոլոր հեռուստառադիոընկերություններից կենտրոնը շարունակել է պարտադիր գանձել վարձավճարներ «ծառայությունների» դիմաց, որ սահմանված չեն օրենսդրությամբ:
Մրցութային կարգով արտոնագիր ստացած հեռարձակողներին իբրեւ հաղորդակի գրանցման եւ շահագործման թույլտվություն ստանալու պայման կենտրոնը պարտադրում է օգտվել իր հետեւյալ վճարովի ծառայություններիցՙ վերգետնյա կայաններին հատկացվող հաճախությունների միջազգային գրանցում եւ կոորդինացում ՙ 300 հազար դրամ, ռադիո հեռուստահաղորդիչ կայանների հաճախականությունների ընտրություն եւ էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննությունՙ 1 մլն դրամ: Դրանով կենտրոնը վճարումներ է կորզում այն գործողությունների համար, որ, ըստ օրենքի, ազգային հանձնաժողովի առջեւ իրեն տրված պարտականություններն են: Բանն այն է, որ նախքան վերջինիս եթերային հաճախությունների ցանկը տրամադրելը, յուրաքանչյուր հաճախականություն պարտադիր պետք է ստացած լինի միջազգային գրանցում եւ կոորդինացում, ինչպես նաեւ ամեն տեսակի փորձաքննություններՙ ներառյալ էլեկտրամագնիսական համատեղելիությունը: «Այս ամենից հետեւում է, որ օգտագործելով պետության անունից հաղորդակի շահագործման թույլտվություն տրամադրելու իրավասությունը, կենտրոնը շանտաժի է ենթարկում հայաստանյան հեռարձակողներինՙ պարտադրելով նրանց «օգտվել» իր մի քանի «ծառայություններից», նշում է տնօրենը: Նրա տվյալներով, 2000 թվականից ի վեր արտոնագիր ստացած բոլոր հեռուստառադիոընկերությունները կատարել են հիշյալ վճարումները, որ առ այսօր կազմել են մոտ 50 մլն դրամ:
Խնդրի կարեւորության գիտակցումը նրան պարտադրել է տեղեկանալ, թե ո՞ւր են գնում կեղծ ծառայությունների դիմաց կենտրոնի հավաքած գումարները: Հարցը պարզելու համար «Ռադիո հայ» ընկերությունը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազություն, որը տվյալ գործով հարուցել է վարույթ: Հաշվի առնելով պետության ու լրատվամիջոցների շահերը խստորեն ոտնահարելու փաստը, ռադիոկայանն իր գործընկերներին կոչ է անում ոչ միայն հանրային ուշադրությունը սեւեռել խնդրի վրա, այլեւ հետ պահանջել չհիմնավորված ծառայությունների համար կենտրոնին վճարված գումարները:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ