«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ՄԵԾ ԱԼՔԻՄԻԿՈՍԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Համաքաղաքային մոմավառություն Հայքի հրապարակում

Անցած շաբաթ օրը Վանաձորում էր «ԱԼՄ» հոլդինգի նախագահ, Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ժողովրդի սիրելի, ադամանդների մեծագույն ալքիմիկոս Տիգրան Կարապետյանը:

Մինչ երեկոն կպարուրեր Լոռվա բնաշխարհը եւ Բարձրյալին տեսանելի կլիներ առաջնորդի մտահղացումը, նրա օրակարգում աշխարհիկ միջոցառում էր: Տիգրան Կարապետյանն իր շքախմբով (կուսակիցներ, համախոհներ ու ադամանդներ) հյուրընկալվեց «Մխիթար Գոշ» «միջազգային» համալսարանում: Բուհի ռեկտորատը նախկին շրջանավարտին շնորհեց համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: Երեկոյան Հայքի հրապարակում հավաքված վանաձորցիները նվեր ստացան առաջնորդի դիմադաջվածքով բաժակներ, որոնց մեջ վառվում էին նրա մեծ հոգու անշեջ կրակից բռնկված մոմեր:

Դիմելով իր շուրջ 1000-ի հասնող երկրպագուներին, Տ. Կարապետյանն ասաց. «Սա հոգեւոր միջոցառում է, մենք պետք է վեր կանգնենք նյութապաշտությունից եւ շրջվենք դեպի հոգեւորը. ամենակարեւորն այն է, որ մենք կենդանի ենք ու հավաքված այստեղ»: Օրվա հերոսը հավաստիացրեց, որ իրենց եթերում մեծ թիվ են կազմում վանաձորցիները, որոնց առջեւ միշտ բաց են հեռուստաընկերության դռները:

Տ. Կարապետյանը մեծ ոգեւորությամբ կարդաց հայրենասիրական բանաստեղծություններ (ցավոք, նա այս անգամ չերգեց): Ապա ասմունքեցին սուպերադամանդներն ու ադամանդները, կարդալով նաեւ առաջնորդին նվիրված բանաստեղծությունը: Երբ բազմությունն սկսեց նոսրանալ, արվեստի մեծ ջատագովն ու հեռուստաընկերության բազմապրոֆիլ մեկնաբանը հայտարարեց.

- Մի՛ անհանգստացեք, անձրեւ չի գա, չարն անզոր է մեր դեմ:

Նա տեղեկացրեց, որ նման հանդիպումները հաճախակի են լինելու եւ ամենուր, որոնց ժամանակ դեռեւս բաժանվելու է 10-20 հազար մոմակալ:

Երեկոյան Տ. Կարապետյանի ուղիղ եթերն էր «Լոռու ՄԻԳ» հեռուստաընկերությամբ: Երբ միջոցառումն ավարտվեց, վանաձորցիներից շատերը չէին շտապում հեռանալ: Իսկ ծանոթներիցս մեկն ասաց. «Սպասում եմ, որ մի քիչ մոտենամ նրան, եկել եմ ժիվոյ Կարապետիչ տեսնեմ»:

Ինչպես միշտ, այս անգամ եւս եղան թերահավատներ եւ չարախոսողներ:

«Մեկ էՙ սա պատգամավոր չի դառնա, էնքա՜ն բեդամաղ կուսակցություններ կա՜ն, ո՞վ կթողնի, որ Կարապետիչն աթոռ զբաղեցնի ու կոճակ սեղմի», ասաց վանաձորցի արձակագիրներից մեկը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4