«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2005-11-12 | #207, 2005-11-15 | #208, 2005-11-16


ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ 170 ՀԱՏՈՐԱՆՈՑ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԷՋԵՐՈՒՄ

Հայկական մշակույթի առողջ եւ լայնամասշտաբ միջազգայնացում, առայժմ` գերմաներեն

Հավանաբար բոլոր ընթերցասերներն էլ կփաստեն, որ հանրագիտարանը յուրաքանչյուր գրադարանի ինտելեկտուալ գանձարանն է: Հանրագիտարաններն ամենաթանկ ու կարեւորագույն գրքերն են, որ պահպանում են ժամանակների պատմությունը, մարդկանց կամ երեւույթների հավաքականությունները «մի ափի մեջ»: Հանրագիտարանային հրատարակությունը խիստ հարգի եւ անհրաժեշտ, նաեւ անհամեմատ թանկ արժեք է եղել բոլոր ժամանակներում:

Թեեւ Հայաստանը ակնառու քայլեր հանրագիտարանային հրատարակության ասպարեզում դեռ չունի, հայերն այնուամենայնիվ հիշատակվում ու մարդկանց մտապատկերում պահպանվում են այլալեզու հանրագիտարաններում եւ հայտնի հրատարակություններում: Մեր արվեստագետներին աշխարհի նշանավոր հրատարակությունների մեջ ընդգրկելը հայ արվեստը միջազգայնացնելու հաջողված միջոց է: Նմանատիպ ամենածավալուն աշխատանքը մեր օրերում տեղի է ունենում ԵՊՀ հայ արվեստի, պատմության եւ տեսության ամբիոնի շնորհիվ:

Դեռ 1989 թվականից գերմանացիները հրատարակում են մի հանրագիտարան, որը հնարավորինս հակիրճ եւ բովանդակալից ներկայացնում է տարբեր ժամանակների ու տարբեր երկրների ու ժողովուրդների անվանի արվեստագետների (հիմնականում` քանդակագործներ, նկարիչներ, ճարտարապետներ) կենսագրականները, նրանց ցուցահանդեսների ու ցուցադրությունների տեղն ու ժամանակագրությունը: Հանրագիտարանն իր ծավալով մեծագույններից է աշխարհում եւ ընդգրկելու է շուրջ 170 հատորներ: Յուրաքանչյուր հատորը շուրջ վեց հարյուր էջ է: Արդեն շուրջ 43 հատորներ են պատրաստվել` լատինական այբուբենի A, B, C, D, E, F տառերով սկսվող հեղինակների մասին: Նկարիչների համընդհանուր բառարան կոչվող այս հանրագիտարանի լույսընծայման իրավունքները 1992 թվականից գնել է Զաուեր անունով մի հրատարակիչ: Մինչ այդ հայ արվեստագետների մասին հոդվածներ տպագրվել են այդ հանրագիտարանի հինգերորդ, վեցերորդ հատորներում: Նոր հրատարակիչն այն անվանել է իր անվամբ` Զաուերի համընդհանուր արվեստի բառարան: «Նույնիսկ Հայկական սովետական հանրագիտարանը եւ Հայկական համառոտ հանրագիտարանը չունեն արվեստի հայ գործիչների այնքան կենսագրականներ, որքան այս գերմանական հանրագիտարանը, - ասում է հանրագիտարանի հետ համագործակցող խմբի ղեկավար Լ. Չուգասզյանը, ով ԵՊՀ Հայ արվեստի, պատմության եւ տեսության ամբիոնի վարիչն է:

- Մինչեւ մեր համագործակցության սկիզբը գերմանացիների հետ հայ արվեստագետների մասին գրել են ռուսները: Շատ դեպքերում հայերը որպես այլազգի էին ներկայացվում, քանի որ նրանց մասին գրողները հստակ պատկերացում անգամ չունեին նրանց ազգային պատկանելության մասին: Երբ հայ արվեստագետների մասին նյութերի հեղինակությունը վստահվեց մեզ, այդ վտանգավոր մտահոգությունը վերացավ: Սա խմբակային աշխատանք է, որը ես ղեկավարում եմ 16 տարի: Մենք արդեն շուրջ 1000 հայ արվեստագետների կենսագրականներ ենք ուղարկել այս հանրագիտարանի խմբագրություն: Հոդվածները գրում ենք արվեստի պատմության ամբիոնի դասախոսների խմբով, ճշտում եւ նշում ենք արվեստագետների անվանումների տարբերակները, նաեւ հնչողության եւ տառադարձման խնդիրներն ենք հաշվի առնում, որպեսզի օրինակ, Հակոբյան ազգանունը Ակոպյան փնտրելիս, ընթերցողը շփոթության չմատնվի եւ համապատասխան հղումով այն գտնի ճիշտ տեղում,- նշում է արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Լ. Չուգասզյանը: Սա առաջին փորձն է, որ եվրոպական հրատարակչության մեջ հայ արվեստի գործիչներն այսպիսի ծավալով ներկայացվեն,- ասում է զրուցակիցս: Նա նաեւ շեշտում է. «Կարեւոր է, որ հանրագիտարանը մեր արվեստագետների անցած ուղուն ծանոթանալու հետ հնարավորություն է տալիս խոսելու մեր պատմության մասին այնքանով, որքանով այն առնչվել է ստեղծագործողի կյանքի ուղուն` լինի դա ցեղասպանությունը, տեղահանությունը, սփյուռքի ձեւավորումը եւ այլն: Սա նաեւ միջոց է, որ հայ արվեստի մասին օտարների միջավայրում լուրջ եւ ճշգրիտ կարծիք կազմվի»,- ասում է նա:

Լ. Չուգասզյանն ասում է, որ այս հանրագիտարանը հանգրվանում է բոլոր երկրների ազգային ու հանրային, համալսարանական գրադարաններում: Այն տարածվում է նաեւ լազերային սկավառակի ձեւով: Հայաստանը չունի հանրագիտարանի հատորները ե՛ւ թանկության, ե՛ւ այս հարցում նախանձախնդիր մեկենասի չգոյության պատճառով: Նախատեսվում է 170 հատորները պատրաստ լինելուց հետո թարգմանել անգլերեն:

Խոսելով աննախադեպ ծավալի այս աշխատանքի ընթացքում ծագած դժվարությունների մասին, Լ. Չուգասզյանն ասում է. «Չենք գտնում որոշ արվեստագետների ինչ-ինչ թանգարաններում հանգրվանած գործերի հետքերը, երբեմն չենք կարողանում գտնել Հայաստանից դուրս մահացած արվեստագետների կենսագրական ամենապարզունակ տվյալներ, ինչպիսիք են մահվան կամ ծննդյան թվականները: Երբեմն մեր մամուլի մեջ բավարար չափով արձագանք չեն գտնում արվեստագետի մահախոսականները, որի արդյունքում շատերը չեն էլ իմանում, որ այդ մարդն այլեւս մեզ հետ չէ: Մինչդեռ մամուլը մեզ համար միշտ էլ լրատվական աղբյուր է, որտեղ էլ երբեմն թվականները ճշգրիտ չեն: Այս իմաստով մահացած արվեստագետների ժառանգներն ու հարազատները մեծ գործ կանեին, եթե հավաքեին ու պահ տային այդ ամենը թանգարաններին ու արխիվներին, որպեսզի հայ արվեստի պատմության հետքը չկորչի: Ընդհանրապես մենք պետք է աշխարհով մեկ տարածված մեր արվեստի գործիչների ստեղծագործությունները կամ դրանց մասին տեղեկություններն ու վերատպությունները փշրանք առ փշրանք հավաքենք, որպեսզի պատկերացնենք, թե հայ արվեստի պատմությունը ո՞ւր է ծավալվում, ի՞նչ ձեւով է ներթափանցում համաշխարհային արվեստի պատմության մեջ: Ցանկալի կլիներ, որ մեր ժամանակակից նկարիչներն իրենց կյանքի օրոք ի մի բերեին իրենց ստեղծագործությունների տեղը, իրենց մասին եղած հրապարակումները ցուցակագրեին, նկարները թվագրեին, նշեին, թե որտեղ են նրանք հանգրվանել: Այս ամենը կարող է նպաստել մեր արվեստի պատմության ըստ ամենայնի ուսումնասիրությանը»:

Լ. Չուգասզյանը կարծում է, որ Զաուերի համընդհանուր արվեստի բառարանի հետ համագործակցությունը հայ արվեստի պատմությանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերից ամենակարեւորն է, որն, ըստ երեւույթին մի կյանքի համար բավական չէ: «Ինչպես մեծ տաճարները կառուցելիս է լինում, երբ հիմքը դնողը տաճարի գմբեթի տեսքին չի արժանանում, այնպես էլ այս աշխատանքի վերջը ես չեմ տեսնում, դրա համար էլ մեր թիմում ներգրավում եմ երիտասարդների, որոնք ավելի երկար կյանք կունենան եւ կշարունակեն այս «հանրագիտարան-տաճարի» կառուցումը», ասում է արվեստաբանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4