Նոյեմբերի 15-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, մասնակցելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ամենամյա հերթական նիստին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել 300 խորհրդարանականների առջեւ: Այդ մասին նոյեմբերի 16-ին տեղեկացրել են թուրքական հանրային հեռուստատեսությունն ու թերթերը, մասնավորապես «Ենի շաֆաքը»:
Ելույթին հետեւել է հարց ու պատասխանը, որի ընթացքում Էրդողանը պատասխանել է նաեւ խորհրդարանականիՙ Հայաստանի հետ հարաբերություններին եւ Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցին: Ահա թե ինչ է ասել նա. «Համարժեք արձագանք ենք ակնկալում մեր դրական մոտեցումներին: Գալով իշխանության, Հայաստանի առջեւ իսկույն բացել ենք մեր օդային տարածքը: Երեւանից Ստամբուլ կատարվող օդային բեռնափոխադրումներն ու թռիչքներն սկսվել են մեր իշխանության օրոք: Մեր դրական երկրորդ քայլն անմիջականորեն առնչվում է Վանա լճի Աղթամար կղզու եկեղեցուն, որը պատկանում է մեր հայ քաղաքացիներին: Կառավարությունը ձեռնարկել է լքված, ավերակի վերածված այս եկեղեցու վերականգնումը: Վերականգնման աշխատանքներում ներգրավվել են այն ճարտարապետները, որոնց նշանակել է Թուրքիայի հայոց պատրիարքը:
Վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո եկեղեցին բացելու ենք ինչպես մեր հայ քաղաքացիների, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի առջեւ: Սա մեր դրական մոտեցումների երկրորդ քայլն է: Երրորդը միջազգային բնույթ է կրում: Մենք մեր արխիվները բացել ենք, թող Հայաստանն էլ բացի, բացեն նաեւ երրորդ երկրները: Եկեք մասնագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին, պատմաբաններին ներգրավենք աշխատանքներում: Թող նրանք արդյունքները ներկայացնեն մեզ, որպեսզի կատարենք դրանցից բխող անհրաժեշտ քայլը:
Հավատացած ենք, որ մեր պատմության մեջ ցեղասպանություն երբեւէ չի կատարվել: Ապստամբության փորձ կատարող հասարակության տեղահանությունը, ընդհուպ ճանապարհածախսի վճարումը, տեղահանության ենթարկվածների բոլոր կարիքները հոգալու վարչական միջոցառումներն ու դրանց վերագրումը ցեղասպանության, շատ լուրջ սխալ է: Տեղի տալով հարցին որեւէ առնչություն չունեցող լոբբիիստական կազմակերպությունների մոլորություններին Թուրքիային ամբաստանելը նույնպես մեծ սխալ պետք է համարվի: Չենք կասկածում, որ ժամանակի ընթացքում կուղղվի այդ սխալը: Անկեղծորեն եմ ասում, մարտահրավերի ժամանակն է: Խնդրեմ, թող գան, քննարկենք, ուսումնասիրենք եւ որոշում կայացնենք»:
Որքան էլ անընդունելի լինի Հայոց ցեղասպանության մասին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտեցումը, այնուամենայնիվ, պետք է համաձայնել, որ նրա մարտահրավերն առաջարկի բնույթ է կրում: Դա, անկախ դրդապատճառներից, թուրքական իրականության համար առաջընթաց քայլ է, որովհետեւ նախորդ վարչապետները ոչ միայն չէին ուզում լսել Հայոց ցեղասպանության մասին, այլեւ թուրքերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրում էին հայերին, դրա հետ օգտագործում Հայաստանին սպառնալու ամեն մի առիթ:
Հ. ՉԱՔՐՅԱՆ