«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2005-11-15 | #208, 2005-11-16 | #209, 2005-11-17


ԲԵԼԳԻԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բելգիայի առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 14-ի որոշմամբ հաստատել է, որ Բրյուսելի պետքարտուղար, սոցիալիստ Էմիր Կիրը «ստախոս է, ժխտողական եւ հանցագործ»: Եվրոպահայերի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Կիրը որոշել է գանգատարկել դատավճիռը:

Ավելի վաղ Կիրը հայց էր ներկայացրել «Հանրաքվե» բելգիական ինտերնետային կայքէջի հեղինակներ Մեհմեդ Քյոքսալի եւ Պիեռ-Իվ Լամբերի դեմ, որոնք իրեն վերոհիշյալ մակդիրներով էին անվանել իր հայտարարած դիպլոմն իրականում չունենալու, հակահայ մի ցույցի մասնակցած լինելու, Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ ընտրական ծախսերը կեղծելու մեղադրանքներով:

Դատարանը գտնում է, որ Կիրն իրոք ժխտողական է, եւ ընդգծում է, որ մամուլը նույնիսկ պարտավոր է այդ հարցին անդրադառնալ ներկա պայմաններում, երբ Բելգիայում Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող փաստաթուղթը մնում է օրինագծի կարգավիճակում:

Եվրոպահայերի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Լորան Լեյլեքյանի խոսքերով, դատավճիռն ընդունված է ճիշտ ժամանակին, քանզի Թուրքիան արտերկրում դատական արշավներ է ծավալել Հայոց ցեղասպանության հարցն արծարծող հաստատությունների եւ անհատների դեմ:

Ժամանակն է, որ Բելգիան քրեապես պատժելի դարձնի Հայոց ցեղասպանության ժխտումը, որպես մարդու իրավունքի եւ արժանապատվության ոտնահարում: Ֆեդերացիան երկրի արդարադատության նախարարից եւ Սենատից պահանջում է վերաշխուժացնել առկախված օրինագծի քննարկումները:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4