«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2005-11-15 | #208, 2005-11-16 | #209, 2005-11-17


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՉԵԶՈՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

Բացասական տեսակետներից խուսափողները եւս քիչ չեն

Սահմանադրական բարեփոխումները լուսաբանելիս լրատվամիջոցներն առավելապես անդրադառնում են հանրապետության նախագահի, Ազգային ժողովի ու կառավարության լիազորություններին, էական տեղ են զբաղեցնում նաեւ երկքաղաքացիությանը, մարդու իրավունքներին եւ ազատությանը, սահմանադրական կարգի հիմունքներին, դատական իշխանության անկախությանը, հանրաքվեի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցերը: Գրեթե ուշադրության չեն արժանացնում համայնքի ղեկավարի պաշտոնանկության, տեղեկատվության եւ խոսքի ազատության, Երեւանի կարգավիճակի վերաբերյալ թեմաներին:

Այս մասին են վկայում Երեւանի մամուլի ակումբի նոյեմբերի 5- 25-ն անցկացրած դիտարկումները, որոնց նպատակը հեռուստահաղորդումներում ու տպագիր մամուլի հրապարակումներում սահմանադրական փոփոխությունների մասին արտահայտված կարծիքներն ու տեսակետներն ուսումնասիրելն ու գիտակցված ընտրություն կատարելու հարցում լրատվամիջոցների օգտակարությունը պարզելն է: Ուսումնասիրվել են Հայաստանում մեծ ծածկույթ ունեցող Հ1, ԱԼՄ, Հ2, «Արմենիա» հեռուստաընկերությունները, իսկ տպագիր մամուլիցՙ «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Առավոտ», «Ազգ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ» օրաթերթերը:

«Հայլուր» լրատվական ծրագրում սահմանադրական բարեփոխումներն ամբողջապես կամ մասնակի ներկայացրած 30 նյութերից 14-ը դրական կարծիք է արտահայտել, 5-ըՙ բացասական, 11-ըՙ չեզոք: «360 աստիճան» հաղորդաշարի 2 հաղորդումներից մեկը դրական է ներկայացրել բարեփոխումները, մյուսըՙ չեզոք, բացասական կարծիք չի հնչել: Չեզոք վերաբերմունքով աչքի է ընկել հատկապես Արթուր Բախտամյանի «5-րդ անիվ» հաղորդումը, իսկ Արամ Հարությունյանի «Խաչմերուկի» 3 նյութերից 2-ը դրական են եղել, 1-ըՙ բացասական, ոչ մի չեզոք:

ԱԼՄ հեռուստատեսության «Օրեցօր» լրատվական ծրագրի 17 նյութերից 8-ը դրական կարծիք է հայտնել, 3-ըՙ բացասական, 6-ըՙ չեզոք: Տիգրան Կարապետյանի «Դիրքորոշում» հաղորդման ժամանակ չեզոքություն է դրսեւորվել, սակայն «Հարցի արժեքը» 3 հաղորդումներից 2-ը դրական են եղել, 1-ըՙ չեզոք, ոչ մի բացասական:

«Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվական ծրագրի 22 նյութերից 15-ը դրական են եղել, 7-ըՙ չեզոք, բացասականՙ 0: Գագիկ Մկրտչյանի «Իրականում» հաղորդաշարի 4 թողարկումներն ամբողջապես նվիրված են եղել սահմանադրական բարեփոխումներին, 3-ըՙ դրական բովանդակությամբ, 1-ըՙ բացասական:

Հ2 հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրում, ենթադրելի է, որ գերակշռող պիտի լինեին դրական նյութերը. ուսումնասիրված 26 նյութից 14-ը դրական են եղել, 2-ըՙ բացասական, 10ՙ չեզոք: Դիտարկվող թեմայով «Կիրակնօրյա լրաբերի» 2 նյութերը դրական տեսակետներ են արտահայտել, իսկ Արամ Սաֆարյանի «Խոսքի իրավունք» 2 հաղորդումներում ներկայացված 2 նյութերից մեկը դրական է եղել, մյուսըՙ չեզոք, իսկ «Չորրորդ ստուդիա» 5 հաղորդումներից 4-ը դրական են եղել, 1-ըՙ բացասական:

Տպագիր մամուլում հետեւյալ պատկերն էՙ «Հայաստանի Հանրապետություն» թերթում դիտարկվող թեմայի վերաբերյալ հրապարակված 41 նյութերից 25-ը դրական են եղել, 16-ըՙ չեզոք, ոչ մի բացասական նյութ: Չեզոքության բարձր ցուցանիշը «Առավոտ» օրաթերթինն էՙ 61 նյութերից 44-ը չեզոք են եղել, 5-ըՙ դրական, 12-ըՙ բացասական: «Ազգում» սուր տարբերություններ չկանՙ 10 նյութերից 2-ը դրական են եղել, 4-ը բացասական, 4-ըՙ չեզոք: «Հայկական ժամանակ» օրաթերթում գերակշռող են եղել բացասական նյութերըՙ 52 -ից 4-ըՙ դրական, 21-ըՙ բացասական, 27-ըՙ չեզոք: «Հայոց աշխարհ» օրաթերթի 42 հրապարակումներից 19 դրական են եղել, 22-ը չեզոք, 1-ըՙ բացասական: «Գոլոս Արմենիի» օրաթերթի 17 հրապարակումներից 9 դրական են եղել, 8-ըՙ չեզոք, ոչ մի բացասական կարծիք: «Ռեսպուբլիկա Արմենիան» եւս բացասական տեսակետներ չի արտահայտել, 13 նյութերից 5-ը դրական են եղել, 8-ըՙ չեզոք:

Վերոնշյալը Երեւանի մամուլի ակումբի անցկացրած դիտարկման մեկ շաբաթվա տվյալներն են: Սահմանադրական բարեփոխումներին եւ հանրաքվեին նվիրված հաղորդումներն ու հրապարակումները ուսումնասիրվում են, եւ դրանց վերջնական ամփոփումը կլինի նոյեմբերի 30-ին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4