«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2005-11-16 | #209, 2005-11-17 | #210, 2005-11-18


ԱՅԴ ՍԿԻՆՀԵԴՆԵՐՆ ԱԳՐԵՍԻՎ ԵՆ, ԵՐԲ ՈՀՄԱԿՈՎ ԵՆ

Սկզբում անսպասելի հարված զգացի ծոծրակիս, շուռ եկա ու տեսա ինձ վրա հարձակվող մի խումբ ագրեսիվ դեռահասների: Փորձելով կողմնորոշվել իրադրության մեջ, ես պաշտպանվում էի նրանց հարվածներից, բայց տեսնելով, որ նահանջի տեղ չկա, ինքս անցա հարձակման, փառք Աստծո, ժամանակին զբաղվել էի տեկվանդոյով:

Պատմողը Հայաստանի քաղաքացի, 30-ամյա Բագրատ Պողոսյանն է, որի վրա մոսկովյան մետրոյում սկինհեդները հարձակվել են սոսկ այն պատճառով, որ նա «սեւամազ» է:

Ուշ երեկոյան, ժամը 11-ի կողմն ինչ-որ միջոցառումից հետո «լերկ» գլուխներով, սեւ բաճկոններով ու մետաղե ելուստներով կոշիկներով «հանդերձավորված» մի քանի տասնյակ պատանիներ են ներխուժել վագոն: Ինչպես ասում են, շառից հեռու մնալու նպատակով Բագրատը տեղափոխվել է մի անկյուն եւ մեջքով շուռ եկել դեպի նորահայտ ուղեւորները: Բայց դա էլ նրան չի փրկել:

- Մի կանգառից մինչեւ մյուսը,- շարունակում է Բագրատը,- մոտ 6 րոպե ես գործի էի դրել բռունցքներս, ի դեպ, ձեռքիս մեջ ունենալով մինչ այդ գնած փայտե արծիվ-հուշանվերը: Մի պահ զգացի, որ մատներս արդեն ցավում են, կախվեցի ձեռնաձողից ու սկսեցի ոտքերով պաշտպանվել անզորությունից կատաղած փսլնքոտների դանակահարվածներից: Երբ հաջորդ կայարանում գնացքը կանգ առավ, ինչպես այդ ստահակները, այնպես էլ ճիչ ու աղմուկ բարձրացրած բոլոր մյուս ուղեւորները խուճապահար դուրս թափվեցին վագոնից: Տեսա, որ հատակին արնաշաղախ փռված են երկու հոգի: Երեկոյան հեռուստատեսությունից իմացա, որ մեկն ադրբեջանցի է եղել, մյուսըՙ տաջիկ: Կիսամեռ վիճակում էին: Երբ դուրս եկա սպասասրահ եւ ուղղվեցի դեպի շարժասանդուղքը, ցավ զգացի ձախ թեւիս շրջանում: Շոշափելով նվվացող տեղը, տեսա, որ ձեռքս շաղախվել է արյան մեջ. մինչ այդ չէի զգացել նույնիսկ դանակի հարվածը: Այդ պահին էլ ինձ մոտեցան միլիցիոներները:

- Նրա՞նք էլ էին ագրեսիվ քո նկատմամբ:

- Ընդհակառակը: Շուտով եկավ օկրուգային միլիցիայի գրեթե ողջ ղեկավարությունը, եւ բոլորը միասին ինձ փորձում էին համոզել «ծածկել» գործը: Անկեղծ ասած, քանի որ տակ չէի մնացել, գուցեեւ համաձայնեի, բայց եկան նաեւ դատախազության ու անվտանգության ծառայության ներկայացուցիչներ, եւ միլիցիոներներն արդեն ոչինչ չէին կարող անել:

Բագրատին տարել են հիվանդանոց, կարել վերքը: Ադրբեջանցու եւ տաջիկի վիճակը շատ ավելի ծանր է եղել, եւ նրանք կոտրվածքների բազմաժամյա բարդ վիրահատությունների են ենթարկվել: Բագրատի պատմելով, երբ դեռեւս վագոնում փորձել է բարձրացնել ադրբեջանցու գլուխը, մատը խրվել է «փոսի» մեջ. երեւի նրա գլխին կոշիկներով խփել են: Բայց ահա դատաքննությունից վերջին երկուսը խուսափում ենՙ վախենում են:

- Իսկ դու չե՞ս վախենում,- հարցնում եմ Բագրատին:

- Այդ սկինհեդ կոչվածները լկտի են, երբ գործում են ոհմակով, իսկ երբ առանձին են կամ բռնված, հեզ ոչխար են: Անապահով ընտանիքներում մեծացածՙ չկայացած ջահելներ են, որոնց էլ օգտագործում են որոշակի ազգայնական շրջանակները: Հինգ դատապաշտպան ունեն:

- Իսկ դո՞ւ:

- Ոչ մի: Բայց սադրանքների ու ճնշումների չենթարկվելու պատճառով դիմել եմ մոսկվացի փաստաբան Սիմոն Ծատուրյանին: Եթե սկինհեդները դատապարտվեն գոնե պայմանական ժամկետով, էլի բան է: Համենայն դեպս, տրամադրված եմ վճռականորեն:

Հանդիպեցի փաստաբան Սիմոն Ծատուրյանի հետ: Փորձառու իրավաբանը, ավա՜ղ, վերջին տարիներին «մասնագիտանում» է նման իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների պաշտպանության հարցերում:

- Այդօրինակ միջադեպերը, ասում է նա, արդեն ոչ այնքան քրեական, որքան բացահայտ քաղաքական բնույթ են կրում: Երեք զոհերի ինտերնացիոնալ առանձնահատկությունը վկայում է, որ նրանց մեղքի բաժինը մաշկի ու մազերի գույնն է:

Հակասական իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանում. մի կողմից ազգայնական շրջաններն աղմուկ են բարձրացնում ամեն տեսակ գունամորթների «ապօրինի» ներգաղթի մասին, մյուս կողմիցՙ իշխանությունները ոչինչ չեն անում օրենսդրականորեն կարգավորելու խնդիրը, որից երկու կողմն էլ կշահեին, եւ տեղ չէր մնա սկինհեդների գործողությունների համար:

- Ես կարծում եմ, ժամանակն է, եթե ուշ չէ,- ասում է Ծատուրյանը,- Ռուսաստանում թե Մոսկվայում ստեղծել ազգային իրավապաշտպան կազմակերպություն, ներգրավելով այդ գործի մեջ ինչպես մասնագետների, այնպես էլ տարբեր բնագավառների տեղի հեղինակավոր հայերի: Ինձ թվում էՙ հայրենակիցների պաշտպանության հարցում էական դեր կարող է խաղալ Հայաստանի դեսպանությունը: Հիշենք, թե Վորոնեժում պերուացի ուսանողի սպանության կապակցությամբ ինչքան ակտիվ էին այդ երկրի դեսպանությունն ու հյուպատոսությունը:

Բայց դառնանք կոնկրետ միջադեպին: Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե մեր հայրենակիցը ֆիզիկապես կոփված չլիներ: Ռուսաստանում շատ են խոսում իրենց երկրում կովկասյան էթնիկական հանցախմբերի գոյության մասին: Դմիտրի Ռոգոզինը հաճախ է մատնանշում վրացի օրենքով գողերի «առատությունը» հատկապես Մոսկվայում: Այդ պնդումների մեջ, անշուշտ, ճշմարտություն կա: Բայց արդյոք իրավացի չէ՞ իրավաբան Ծատուրյանը, երբ հավաստում է, որ սկինհեդների ջոկատներն, ըստ օրենքի, լիուլի կարելի է որակել որպես կազմակերպված հանցախմբեր: Ավելին, նրա կարծիքով, այդ ծայրահեղականներն, ի տարբերություն զուտ քրեականների, խիստ գաղափարայնացված են, նրանց համար կա ազգայնական գրականություն, մամուլ, նրանց ղեկավարում, հովանավորում, ֆինանսավորում են քաղաքական շրջանակները, կուսակցությունները, գործում են հանդգնորեն, անողոքաբար, վստահ լինելով իրենց անպատժելիության կամ վատագույն դեպքում ներողամտության վրա:

- Սկինհեդների դեմ պայքարի գործում պետք է լայնորեն համագործակցել Ռուսաստանի բոլոր առողջ ուժերի հետ, ասում է «Իրավապաշտպանություն. XXI դար» հասարակական շարժման ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սիմոն Կաղյանը: Անկեղծ էր Բագրատը, երբ հեռուստատեսությամբ, դատապարտելով սկինհեդներին, ի սրտե շնորհակալություն հայտնեց այն ռուս մարդկանց, որոնք իրեն աջակցություն են ցույց տվել:

Կաղյանի կարծիքով, ուշադրության արժանի է Ռուսաստանի որոշ նահանգներում սկինհեդներին հակազդելու նպատակով տեղի հայ համայնքների ձեռնարկած կոնկրետ գործողությունների փորձը: Սարատովի մարզում, օրինակ, զանազան իրադարձությունների հետ կապված (ասենք, Հիտլերի ծննդյան օրը) ստեղծվում են ֆիզիկապես ուժեղ հայ երիտասարդներից կազմված մոբիլ խմբեր, որոնք պատրաստ են տեղի հայությանը պաշտպանելու չարանենգ ոտնձգություններից:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4