«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2005-11-16 | #209, 2005-11-17 | #210, 2005-11-18


ՉԱՐԵ՞ՆՑ ԿԱՐԴԱԼ, ԹԵ՞ ՏԵՐՅԱՆ

«Փակագիծ» ակումբում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը սահմանադրական հանրաքվեի շուրջը տեղ-տեղ համաձայն էին, տեղ-տեղ էլ հակադարձում էին իրար:

Երկուսի տեսակետներն էլ վերջին շրջանում բազմիցս հնչել են: Մ. Գասպարյանը «ոչ»-ի կողմնակից է, քանզի նոր փաթեթի ամենակարեւոր երկու դրույթ իր պատկերացումներով չեն ամրագրված. նախագահի ի պաշտոնե գործունեությունը հետագայում անձեռնմխելի է, եւ Երեւանի քաղաքապետն ուղիղ ընտրությունների միջոցով չի ստանձնում իր պաշտոնը: «Քաղաքական համակարգը հետ է մնացել, սրանով առաջ շարժվել հնարավոր չէ». Գ. Սահակյանը համակարգի փոփոխությունը, կոռուպցիայի հաղթահարումը, Եվրոպային ինտեգրումը տեսնում է բարեփոխված սահմանադրության ընդունմամբ: Ներկայացնենք հանդիպման ընթացքում հայտնված տեսակետների մի քանի նոր նրբերանգներ: Հակադարձելով քաղաքապետի ընտրովիության դրույթի ամրագրման անհրաժեշտությանը` Գ. Սահակյանը նկատեց. «ԱԺ-ում շատերն են կողմնակից, որ քաղաքապետն ուղիղ ընտրվի, դա թողնված է օրենքին: Այսօր ընդդիմությունը նոր սցենարներ է առաջարկում եւ հնարավորություն է տալիս հետագայում օրենքներ մշակելիս օգտվել նաեւ այդ սցենարներից... Էդպես չէ, որ Մ. Գասպարյանն ուզում է Չարենց կարդալ` ամբողջ ժողովուրդը պետք է Չարենց կարդա, ես էլ ուզում եմ Տերյան կարդալ»: Ըստ նրա` կարեւորը ժողովրդի համար գոնե 1 անգամ սահմանադրություն կարդալու հնարավորության ստեղծումն է, մնացածն արդեն կախված կլինի նրանից. ինչ ասի` նա էլ պիտի ընդունենք: Ընդդիմությունն էլ, թեեւ համահեղինակ է նախագծին, բայց ուզում է պահն օգտագործել եւ սահմանադրությունն իբրեւ քաղաքական զենք գործածել. «Եթե նոյեմբերի 28-ին որոշվեց, որ «ոչ» է` մեր կյանքը պարզապես կշարունակվի հին ձեւով` միապաղաղ, կամայականություններով հարուստ... մեր հետագա ճակատագրի խնդիրն է լուծվում. ո՞ր ճանապարհով կգնանք` ժողովուրդը կորոշի, քանի որ սահմանադրությունը նաեւ պետության զարգացման ծրագիր է»:

Ըստ Մ. Գասպարյանի` պահը կորսվեց մի քանի վիճահարույց կետերի շուրջը համաձայնության գալու եւ իշխանություն-ընդդիմություն` միասնաբար գնալու հանրաքվեի: Ընդդիմությունը թեեւ գիտի, որ հերթական ընտրությունները մոտ են, բայց չի հավատում, որ դրանք արդար կանցնեն, ահա եւ օգտագործում է առիթը` իշխանափոխություն է ուզում. «Գիտի, որ էն ժամանակ լծակներն իր ձեռքում չեն լինի»: Մանուկ Գասպարյանը բավարարված չէ ոչ «այո»-ի, ոչ «ոչ»-ի քարոզչությունից: Բոլորից ակտիվ, ի սրտե «այո» է քարոզում Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ 3-4 քաղաքական գործիչ դաշնակցությունից եւ հանրապետականից. «Եթե «ոչ»-ն անցավ` Քոչարյանն ինչ-որ մեկին պատժելու է», կոալիցիայի մյուս կողմին ակնարկելովՙ մարգարեացավ Մ. Գասպարյանը: Նա ողջունեց ընդդիմության միասնական բոյկոտի որոշումը` որպես միասնականության դրսեւորում, թեեւ մարտավարության տեսակետից դա սխալ համարեց: «Գնդակը հիմա ուղղված է մեկ դարպասի», քանի որ ընդդիմադիրները, ընտրատեղամասեր չգնալով, հեշտացնում են «այո»-ի կողմնակիցների գործը: Եթե հանձնաժողովներից իրենց 4000 անդամներին էլ ընդդիմությունը հետ կանչի` դա կլինի քաղաքական կուրություն: Թեեւ ըստ պատգամավորի, ընդդիմադիր հանձնաժողովականներից միայն 500-600-ն է կուսակցական, մնացածը կամ դուրս չի գա, կամ տեղը վաղուց է տվել իշխանական կողմին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4