«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2005-11-16 | #209, 2005-11-17 | #210, 2005-11-18


«ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԱՆԱՄ»

Ո՞ւմ է պետք վաթսունամյա մուրացկան կինը

Երբ անձրեւում է կամ ցրտում, մարդիկ բնազդաբար արագացնում են քայլերը` տուն հասնեն կամ էլ մոտակա ծածկի տակ սպասեն բնության տարերքի ավարտին: Փողոցում նստած տարեց կինը չի շարժվում, նա սովոր է ե՛ւ բնության, ե՛ւ ճակատագրի տարերքին: Նա մուրացիկ է: Մասնագիտություն է դա թե կոչում, չգիտեմ, բայց կինը դրանով է գոյատեւում արդեն տասը տարի: Քաղաքն ու մարդիկ ճանաչում են նրան:

Ազգությամբ ռուս, կապուտաչյա այս կնոջ անունն Օկսանա է: Նա նախկին մոսկվացի է, ներկայումս` երեւանցի: Վաթսուն տարեկան է: Արդեն 37 տարի ապրում է Հայաստանում: Նրա ամուսինը հայ էր, շուտ է մահացել: Շատ վաղուց էր, բայց նա հիշում է իր նախկին տան հասցեն` Շենգավիթ, 5-րդ փողոց: «Շատ լավ էի ապրում, Լենինականում էլ եմ աշխատել` ճաշարանի վարիչ, իտալացիների մոտ էլ` որպես խոհարար...»: Սակայն ամուսնու մահից հետո հայտնվեց վարձով սենյակներում: Արդեն մի ամիս ապրում է փողոցում: «Հիմա ինձ ոչ ոք աշխատանքի չի վերցնում, տարիքս չի համապատասխանում: Իսկ քանի որ Երեւանում գրանցված չեմ, ո՛չ կենսաթոշակ եմ ստանում, ո՛չ նպաստ, ո՛չ օգնություն, ասում է կինը: Դեռ մի ամիս առաջ որպես կենվոր ապրում էի Աթոյան 50 հասցեում, բայց հիվանդացա: Բարեկամիս ամուսինը եկավ ինձ տեսակցելու: Տանտիրուհին կասկածելով, թե նա իմ սիրեկանն է, վռնդեց ինձ, պատմում է Օկսանան, որ նաեւ հարցնում է` մեռելի մոտ գալիս են, եթե ողջ եմ, ինձ մոտ չպիտի՞ գան»: Այնուամենայնիվ, Օկսանան հայերին կարծես ավելի է սիրում, քան ռուսներին. «Հալալ է հայերին, ո՛չ արտասահմանցիները, ո՛չ էլ նույնիսկ ռուսները այդպես սրտացավ չեն: Հայերը փող ունեն-չունեն, միեւնույն է, օգնում են: Ես միակ ռուսն եմ, որ փող եմ հավաքում, բայց իմ ազգակիցներն ու ռուսական դեսպանատունն ինձ իբր չեն նկատում: Մինչդեռ, ես համոզված եմ, որ եթե մի հայ Ռուսաստանում փող հավաքի, ապա բոլոր հայերը նրան կօգնեն: Էսքան տարի փող եմ հավաքում, թող մի ռուս մոտենար ասեր, մայր, ինչո՞ւ ես փող հավաքում, ի՞նչ է պատահել քեզ: Իսկ հայերը հարցնում են: Չէ՞որ այդ մի փոքր ուշադրությունը շատ կարեւոր է ինձ համար»:

Նա խնդրում է իմ օգնությունը, որ կարողանա մտնել ռուսական դեսպանատուն. «Եթե դու ինձ հետ գաս, նրանք կընդունեն եւ կլսեն ինձ, առանց քեզ` ոչ»: Հետո սկսում է վերլուծել. «Ո՞ւմ եմ ես պետք, ոչ մեկին: Դրա համար էլ մինչ օրս ոչ ոքի էլ չեմ դիմել, ո՞վ կլսի ինձ: Իսկ եթե ես մի փոքրիկ սենյակ ունենայի, թեկուզ մի շան բնի չափ, ես երբեք փող չէի հավաքի, կգնայի փողոցները կավլեի ու կապրեի: Հիմա վարձով ապրելու համար ամիսը ամենաքիչը 8000 դրամ է հարկավոր: Որ փող չհավաքեմ, ինչպե՞ս այդ գումարը ստեղծեմ»: Իմ հաջորդ հարցը հանդիմանանքի պես է հնչում. «Իսկ մի՞թե խմելն անպայման է»: «Առանց խմելու ինչպե՞ս դիմանամ, ցուրտ է, իսկ ես քնում եմ ստվարաթղթերի վրա», ասում է կինը: Նրա պատասխանից ես կարկամում եմ, իսկ ինքը մերթընդմերթ շնորհակալություն ու մաղթանքներ է հղում մի պահ իր կողմը թեքվող անցորդներին: Ծխում է ու շարունակում բարձրաձայնել իր զգացումներն ու դառնահամ խոսքը. «Ես արդեն էս կյանքից հոգնել եմ... եթե մի շաբաթ էլ շան պես աղտեղությունների մեջ ապրեմ, ինչպես հիմա, երդվում եմ, Կիեւյան կամրջից ցած եմ նետվելու, թող մարդիկ ամաչեն»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4