«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2005-11-17 | #210, 2005-11-18 | #211, 2005-11-19


ԷՐԴՈՂԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԻՄԻՏԻՍԸ

Նոյեմբերի 7-ին Հունաստանում վաճառքի է հանվել երկրի նախկին վարչապետ Կոստաս Սիմիտիսի «Քաղաքականություն հանուն ստեղծագործ Հունաստանի (1996-2004 թթ.)» գիրքը: 670 էջանոց այս գրքում հեղինակը պատմում է նաեւ այն թուրք գործիչների մասին, որոնց հետ հանդիպել է պաշտոնավարման տարիներին: Հունաստանի նախկին վարչապետի գրքին նոյեմբերի 8-ի համարում անդրադարձել էր թուրքական «Ռադիկալ» թերթըՙ մատնանշելով նրա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ գովեստի խոսքերը:

Ահա թե ինչ է գրել Սիմիտիսը Էրդողանի հետ Թուրքիայում 2002 թ. նոյեմբերի 3-ին խորհրդարանական վերջին ընտրություններից հետո կայացած հանդիպման մասին. «Հանդիպումն անցավ բարեկամական ջերմ մթնոլորտում: Չնայած դրա թարգմանիչով միջնորդավորվածությանը, այնուամենայնիվ, Էրդողանը միանգամայն անկեղծ տպավորություն է գործում: Հանդիպման օրը հասկացա, որ նա դանդաղ հունով ընթացող թուրք-հունական հարաբերություններն աշխուժացնելու ցանկություն ցուցաբերող վճռական առաջնորդ է: Նրա մոտեցումներն էապես տարբերվում էին ժամանակ առ ժամանակ Մեսութ Յըլմազին կամ Թանսու Չիլլերին, երբեմն էլ Բյուլենթ Էջեւիթին աջակցող զինվորաքաղաքական վարչակարգի մշտական մոտեցումներից»:

Այնուհետեւ Սիմիտիսը նշել է. «Ես եվրոպացի գործընկերներիս ասացի, որ մենք գործ ունենք Եվրոպայում մերձենալը Թուրքիայի համար հուսադրության աղբյուր համարող եւ իսկական բարեփոխումների անցկացմանը ձգտող մի գործչի հետ, որի բնութագրումը որպես իսլամական թյուրիմացություն է առաջացրել: Սակայն ժամանակի ընթացքում Սիմիտիսը փոխել է իր կարծիքն Էրդողանի մասին եւ այդ փոփոխությունը գրքում պատճառաբանել հետեւյալ կերպ. «Ակնհայտ էին Էրդողանի առջեւ ծառացած ներքին խնդիրները, հետեւաբար նա հետզհետե մոտեցավ այն շրջանակների ուղեգծին, որոնց հետ հարաբերվում էր մեծ տարածության վրա»:

Օգտվելով առիթից նշենք, որ Սիմիտիսի հետ հանդիպման պահին Էրդողանը դեռեւս չէր ստանձնել Թուրքիայի վարչապետի պաշտոնը, հետեւաբար հանդիպմանը ներկայացել էր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահի կարգավիճակով:

Ինչ վերաբերում է 1999 թ. նոյեմբերի 18-ին տեղի ունեցած Սիմիտիսի եւ Էջեւիթի հանդիպմանը, ապա նա դրա մասին գրել է հետեւյալը. «Էջեւիթի արտաքին տեսքը նրա առողջական վիճակի մասին հարցականներ էր առաջացնում: Նա համառում էր իր տեսակետներում: Նրան բացատրեցի, որ մենք աջակցում ենք Թուրքիայի թեկնածությունը Եվրոմիությանն անդամակցելու հարցում, սակայն անհրաժեշտ է անցյալի տհաճ անակնկալներից խուսափելու նախապայմանների ստեղծումը: Չեմ կարող ասել, որ նա ազդվեց իմ խոսքերից: Վերջում ցույց տալու համար, որ առնվազն նրա չափ վճռական եմ, ասացի. «Լավ բարեկամություն հաստատելու համար ճշգրիտ հաշվարկներ են պետք»: Այսպիսով նրան հիշեցրի հունական ասացվածքը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4