Թե՞ նրանց թուրքական շրջանակներն են սպառնում
Տնտեսական ոլորտում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը նախադրյալներ է ստեղծում, որ երկու երկրների հարաբերությունները զարգանան նաեւ քաղաքական բնագավառում: Այս պայմաններում Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումն ակնհայտ է դառնում: Սակայն դա չի խանգարում, որ ռուսական Պետդուման հրապարակավ դատապարտի Հայոց ցեղասպանությունը եւ վերահաստատի դատապարտման որոշումները:
Այս հանգամանքը դժգոհության տեղիք է տալիս Թուրքիայում, իսկ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի պես կազմակերպությունների գործունեությունըՙ մտահոգության: Դրա հիմքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նշված կազմակերպությունների նպաստն է, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերին համախմբելու նրանց կարողությունները:
Համախմբելու պարագայում թուրքական շրջանակների խնդիրը Ռուսաստանի հայկական կազմակերպությունների շրջանակներով չեն սահմանափակվում: Սակայն այդ կազմակերպություններն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գործող կազմակերպությունների նկատմամբ ունեն նկատելի առավելություններ այն առումով, որ ռուսական իրականությունը նրանց գոնե ձերբազատում է ավանդական կազմակերպությունների անհաշտ մրցակցությունը հաղթահարելու տհաճ պարտականությունից, իսկ դա ինքնաբերաբար արդյունավետություն է հաղորդում վերջիններիս գործունեությանը:
Թուրքական մտահոգությունների առումով թերեւս հատկանշական է Իսմեթ Գիրիթլու «Ռուսաստանի հայերն սպառնալիք են թուրք-ռուսական հարաբերություններին» վերնագրով հոդվածը, որը նոյեմբերի 15-ին հրապարակվել է «Թյուրքիե» թերթում: Դա թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Աշխարհով մեկ սփռված հայերով առավելագույնս բնակեցված երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ նրանց ստեղծած կազմակերպությունները շարունակաբար հակաթուրքական գործունեություն են ծավալում: Հակառակ դրան, Թուրքիան անկարողություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի, այսպես կոչված, ցեղասպանության պնդումները հերքելու գործում: Ռուսաստանի հայկական լոբբին բացել է ինտերնետային բազմաթիվ կայքէջեր, եւ այսպես կոչված ցեղասպանության պնդումները շրջանառության մեջ դնելու համար ծուղակ են սարքել նաեւ հայերի կազմակերպությունները: Սակայն Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունն առ այսօր անգամ կայքէջ չունի, ինչը մեծ թողտվություն է: Մինչդեռ Ռուսաստանի հայերն առաջին իսկ առիթի դեպքում օրակարգ են մտցնում, այսպես կոչված, ցեղասպանության հարցը, ինչպես դա արել էին այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում կարեւոր տեղ ունեցող չեչենական հարցի պատճառով երկու երկրների միջեւ ճգնաժամ էր առաջացել: Այս առումով պատահական չէ, որ 1994-96 թթ. ռուս-չեչենական պատերազմի ընթացքում, որը հանգեցրել էր չեչեն անջատողականներին Թուրքիայի աջակցության մասին կարծիքի տարածմանը Ռուսաստանում, Պետդուման 1995 թ. ապրիլի 14-ի որոշմամբ հայերի ջանքերով հայտարարեց «1915-22 թթ. Արեւմտյան Հայաստանում հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտելու» մասին:
Ավելին, 2001 թ. մարտի 15-ին, երբ չեչենները Ստամբուլից ռուսական ինքնաթիռ էին փախցրել Սաուդյան Արաբիա եւ նույն թվի ապրիլի 23-ին պատանդ էին վերցրել Ստամբուլի «Սուիս» հյուրանոցում օթեւանած ռուսներին, Պետդուման երկրում իշխող «Եդինստվո» եւ «Յուգ Ռոսիի» կուսակցության պատգամավորների նախաձեռնությամբ, իսկույն արձագանքելով այդ ամենին, ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու որոշում էր կայացրել:
Եվրոմիության 2004 թ. դեկտեմբերի 17-ի գագաթաժողովի նախօրյակին, որտեղ նշանակվեց Թուրքիայի անդամակցության բանակցությունների սկզբնավորման ժամկետը, ժամկետի նշանակման դեմ Եվրոպայի հայկական լոբբիների Բրյուսելում կազմակերպած բողոքի ցույցերին, որոնց նախաձեռնությունը պատկանում էր Ֆրանսիայի հայ ազգային կոմիտեի հետ ՀՅԴ եւ Ռամկավար ազատական կուսակցություններին, Ռուսաստանի հայերի անունից մասնակցել էր նաեւ ակադեմիկոս Աղայանը եւ ասել. «Քանի դեռ Թուրքիան չի ընդունել Արեւմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը, Ռուսաստանի հայերը չեն կարող հաշտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ»:
Հայաստանը Ռուսաստանին դիտում է ռազմական եւ տնտեսական ոլորտներում գլխավոր աջակից ու գործընկեր ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Իսկ Ռուսաստանի համար Հայաստանը վերջին միջնաբերդն է Հարավային Կովկասում, ուստի աշխատում է չանտեսել այդ փաստը:
Սակայն վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց Ռուսաստանը շատ կարեւոր առեւտրական գործընկեր է դարձել Թուրքիայի համար: Դրա հետեւանքով նկատելի առաջընթաց եւ մերձեցում է արձանագրվել երկու երկրների քաղաքական հարաբերություններում: Նրանք սկսած ահաբեկչության դեմ պայքարից եւ վերջացրած Եվրասիայում համատեղ գործունեությունից, համագործակցում են տարբեր ոլորտներում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հաստատում է վերջին 15 տարիներին երկու երկրների հարաբերություններում առկա տեղաշարժը:
Ելնելով այս հանգամանքից, Թուրքիան անհապաղ քայլերի պետք է դիմի Ռուսաստանի հայերի հակաթուրքական գործունեությունը կանխելու եւ Ռուսաստանում իր համար նպաստավոր հասարակական կարծիք ձեւավորելու ուղղությամբ: Նա այլեւս չպետք է բավարարվի այսպես կոչված ցեղասպանության մերժմամբ, այլեւ սկսի համոզել իր ճշմարտացիությունը: Դրա համար անհրաժեշտ է նպաստել, որ Ռուսաստանի գրադարաններին եւ ակադեմիաներին տրամադրվեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ այլ երկրներում հրատարակված այն աշխատությունները, որոնք գիտականորեն հերքում են Հայոց ցեղասպանությունը: Ռուսական համալսարաններում եւ գիտական հաստատություններում պետք է կազմակերպել թեմային առնչվող ցուցահանդեսներ, գիտաժողովներ, միաժամանակ ապահովել երկու երկրների գիտնականների փոխադարձ աշխատանքները թուրքական եւ ռուսական արխիվներում: Այլապես ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայկական լոբբիներին կմիանա Ռուսաստանի 2,5 միլիոնանոց հայությունը, որին նմանապես կմղեն Թուրքիայի դեմ»:
Հ. Չ.