Մանկավարժության եւ կրթության ոլորտի ներկայացուցիչները երեկ նշում էին «Տաթեւ» գիտակրթական համալիրի հիմնադրած «Մանկավարժական միտք» ամսագրի 5-ամյակը, որ սկսվեց մեծ ուշացումով եւ տեւեց բավական երկար: Հանդեսի գլխավոր խմբագիր Նազիկ Հարությունյանի խոսքերով, ամսագրի ստեղծումը նպատակ է ունեցել նպաստել դպրոցական եւ բուհական մանկավարժության զարգացմանը, հնարավորություն տալ ոչ միայն կայացած գիտնականներին, այլեւ երիտասարդներին, սկսնակ հետազոտողներին հանդես գալու սեփական կարծիքներով, ուսումնասիրություններով, առաջադրել մանկավարժության բնագավառում իրենց հուզող հարցերն ու հիմնախնդիրները: Թե՛ հանդեսի գլխավոր խմբագիրը եւ թե՛ գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը շեշտեցին, որ մինչեւ 2000 թ. նմանատիպ ամսագրերի եւ հանդեսների մի մասը փակվել էր, մի մասը սառեցվել, իսկ որոշներն էլ կարողացել են հստակորեն իրենց խոսքն ասել տվյալ գիտության բնագավառում կամ ընթերցողների համապատասխան դաշտում: Տկն Հարությունյանը նշեց, որ «Մանկավարժական միտք» ամսագիրն այս իմաստով կարողացավ լցնել այն բացը, որ կար մինչ այդ գիտական պարբերականների բացակայության պատճառով, եւ թե՛ երիտասարդներին, թե՛ արդեն կայացած գիտնականներին տրամադրել ամբիոն` ի նպաստ մանկավարժական մտքի զարգացման:
Գիտամեթոդական եւ գիտատեսական նյութերով ընդգրկուն հանդեսն ունի ավելի քան 250 թղթակիցներ ոչ միայն հանրապետությունից, այլեւ Վրաստանից եւ Ռուսաստանից, թեպետ ապագայում նախատեսվում է ընդլայնել աշխարհագրությունը: Մանկավարժության բնագավառի լայն ու համապարփակ հարցերին ամսագիրն անդրադառնում է տարատեսակ հետաքրքրական բաժիններով` կրթության կազմակերպումը սփյուռքում, համեմատական մանկավարժություն, մանկավարժական ախտորոշում, դասավանդման մեթոդիկա, շտկողական մանկավարժություն, բանավեճի ամբիոն եւ այլն: Հանդեսի էջերում հրապարակվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ, ատենախոսություններ, ամսագրում տպագրվելուց հետո շատերը ստացել են գիտական կոչումներ:
Հանրապետության տարբեր շրջանների եւ Երեւանի մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ, շնորհավորելով միմյանց, իրենց ելույթներում ընդգծում էին, որ «Մանկավարժական միտքը», չնայած իր դժվարին ուղուն, կայացել է: ԿԳ նախարար Սերգո Երիցյանն էլ կարեւորելով ամսագրի դերը` նշեց, որ հանդեսն ունի գիտական ընդհանրացումների բաժնի կարիք: Վերջում հանդեսի կայացման գործում ներդրումներ ունեցող թղթակիցները ստացան պատվոգրեր եւ շնորհակալագրեր:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ