«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2005-11-17 | #210, 2005-11-18 | #211, 2005-11-19


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ

Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանի հերթական հանդիպումը լրագրողների հետ այս անգամ պայմանավորված էր ոչ թե մեր կարատեիստների հաջող մրցելույթներով, այլ օրերս Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կարատեի պատանիների եւ երիտասարդների աշխարհի 4-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած տխուր միջադեպով, որը որոշ լրատվամիջոցներում տարբեր կերպ էր լուսաբանվել: Ինչպես տեղեկացրեց Գրիգոր Միքայելյանը, նոյեմբերի 11-13-ը Լիմասոլում անցկացված աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից մի քանի րոպե առաջ, երբ մասնակից 57 երկրների հավաքականները հանդիսավոր շքերթի էին նախապատրաստվում, անսպասելիորեն բախում տեղի ունեցավ ադրբեջանցի եւ հայ մարզիկների միջեւ: Հայաստանի թիմը, որի կազմում էին 15-17 տարեկան 5 մարզիկներ, առաջինը պետք է մտներ դահլիճՙ գլխավորելով մասնակից երկրների շքերթը: Ըստ Գրիգոր Միքայելյանի, մինչ դահլիճ մտնելն Ադրբեջանի թիմի մոտ 20 մարզիկներ (18-20 տարեկան) անսպասելիորեն հարձակվել են մեր տղաների վրա եւ ծեծկռտուք սարքել: Նրանցից մեկն ապտակել եւ հրել է «Հայաստան» ցուցանակը տանող կիպրոսցի 11 տարեկան երեխային: Այս ամենը տեղի է ունեցել մասնակից երկրների մարզիկների եւ հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճի անվտանգության աշխատակիցների ուժերով հաջողվել է հարթել բախումը:

Գրիգոր Միքայելյանը տեղեկացրեց, որ մեր որոշ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով «Կիպրոսի հայեր» էլեկտրոնային թերթի հրապարակումը, սխալ տեղեկատվություն էին տարածել, թե իբր մեր մարզիկներից մեկի ատամները ջարդել են եւ նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ֆեդերացիայի նախագահը հերքեց այդ տեղեկատվությունըՙ նշելով, որ չնայած ուժերի անհավասարությանը, հայ մարզիկներն արժանի հակահարված են տվել հարձակվողներին:

Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահի համոզմամբ, այս տխուր միջադեպն իր բացասական ազդեցությունը թողեց տղաների վրա, որոնք հաջորդ օրը ստիպված էին մրցասպարեզ դուրս գալ: Չնայած մեր մարզիկներն ամեն ջանք ներդրեցին հաջողության հասնելու համար, սակայն զիջեցին մրցակիցներինՙ անմասն մնալով խաղարկվող պարգեւներից: Ինչ վերաբերում է միջադեպի նկատմամբ կարատեի միջազգային ֆեդերացիայի եւ կազմակերպիչների արձագանքին, ապա խստորեն դատապարտել են ադրբեջանցի մարզիկների խուլիգանական արարքը: Կայացել է միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստ, որտեղ հանդես են եկել նախ Հայաստանի, ապա եւ Ադրբեջանի ֆեդերացիաների նախագահները:

Գրիգոր Միքայելյանը տեղեկացրեց, որ ինքը պահանջել է խստորեն պատժել ադրբեջանցիներին: Տհաճ միջադեպը նկարահանվել էր մի քանի երկրների ներկայացուցիչների կողմից եւ տեսաժապավենները տրամադրվել էին կարգապահական կոմիտեի անդամներին: Հետաքննության արդյունքում որոշվեց Ադրբեջանի կարատեի ֆեդերացիային մեկ տարով զրկել պաշտոնական բոլոր մրցաշարերից: Իսկ ահա աշխարհի առաջնությանն ադրբեջանցի մարզիկներն, այնուամենայնիվ, մասնակցեցին: Ըստ Գրիգոր Միքայելյանի, այդ միջադեպը շատ է վրդովեցրել Ադրբեջանի կարատեի ֆեդերացիայի նախագահին, որը երեկոյան հյուրանոցում պաշտոնապես ներողություն էր խնդրել մեր պատվիրակությունից: Նույնը կատարել էր առաջնության բոլոր մասնակիցների ներկայությամբ: Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահը նաեւ հավաստիացրել էր, որ այս միջադեպի մասին տեղյակ կպահի երկրի նախագահին, երկրի օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը:

Գրիգոր Միքայելյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ ադրբեջանական թիմի հետ հանդիպել էին 1999 թ. Թեհրանում կայացած մրցաշարում, որտեղ կիսաեզրափակիչում հաղթել էին նրանց: Եվ այդ ժամանակ արտառոց ոչ մի դեպք չէր գրանցվել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4