Չինաստանում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բոլորից հաջող է հանդես գալիս Արտակ Մալումյանը: Քառորդ եզրափակիչում մինչեւ 81 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը բավական համառ ու անզիջում մրցապայքարում հաղթեց բրազիլացի Լուիզ Դա Սիլվա Վաշինգտոնին: Այս հաղթանակի շնորհիվ Արտակ Մալումյանը մտավ կիսաեզրափակիչ եւ նվազագույնն ապահովեց աշխարհի առաջնության բրոնզե պարգեւը: Նախորդ փուլում նա հաղթել էր եգիպտացի մարզիկ Յասեր Ռամադանին:
Ցավոք, անհաջող էին մեր մյուս երկու բռնցքամարտիկների ելույթները: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Սամվել Մաթեւոսյանը քառորդ եզրափակիչում միավորներով պարտվեց անգլիացի Նեյլ Պերկինսին: Նախորդ փուլում նա պայքարից դուրս էր մղել Շվեդիան ներկայացնող Նաիմ Տերբունջային: Անհաջողության մատնվեց նաեւ մինչեւ 75 կգ քաշային բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Վերջինս զիջեց կուբացի Էմիլիո Բաուքսին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Այսպիսով, Չինաստանում ռինգ դուրս եկած մեր 6 բռնցքամարտիկներից պայքարը շարունակում է միայն Արտակ Մալումյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ